Լրահոս

Անգլիական լիգայի գավաթ. Մանչեսթերյան դերբիի պատմությունը

Անցած տասնամյակում այս թիմերի դիմակայությունը սկսեց դասվել ամենահետաքրքիր դերբիների շարքին: Մանչեսթերը նույնիսկ սկսեց դասվել այն քաղաքների շարքին, որի երկու թիմերը մադրիդյան դերբիի օրինակով կարող են հանդիպել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Բայց, չնայած ծախսված ահռելի գումարներին, եվրագավաթներում հաջողության է հասնում միայն Մանչեսթերի կարմիր հատվածը: Այդուհանդերձ, «Մանչեսթեր Սիթիի» դեռևս Եվրոպայում հաջողություն չգրանցելու հանգամանքը չի խանգարում յուրաքանչյուր դերբիում կլանել ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը:

1969-1970. Անգլիական լիգայի գավաթում երկու թիմերի դիմակայության պատմությունը սկսվում է 1969 թվականից, իսկ պատմական առաջին հանդիպումը հիշատակվում է 1891 թվականին: Այն ժամանակ ակումբները դեռևս վերջնական չէին ձևավորվել իբրև «Յունայթեդ» և «Սիթի»: Կարմիրներն անվանվում էր «Նյութոն Հիթ», իսկ կապույտները՝ ՖԱ «Գորթոն» և «Արդուիք» ՖԱ: 1969-1970 խաղարկությունում թիմերը հասել էին կիսաեզրափակիչ և պետք է որոշեին եզրափակիչի առաջին մասնակցին: «Մեյն Ռոդում» կայացած առաջին խաղում «Սիթին» բացեց հաշիվը, որին «Մեծ Մանչեսթերից» պատասխանեց Բոբի Չարլթոնը, սակայն վերջնամասում Ֆրանսիս Լիի վաստակած և իրացրած 11 մետրանոցը հաղթանակ պարգևեց տանտերերին:  

Պատասխան խաղում Յան Բոուերի գոլի շնորհիվ «Սիթին» կրկին առաջինը բացեց հաշիվը: Տանտերերը հավասարակշռությունը վերականգնեցին Փոլ Էդվարդսի օգնությամբ: Այնուհետև կարմիրներին առաջ մղեց Դենիս Լոուն, որը «Յունայթեդում» ելույթներն ավարտելուց հետո անմիջապես տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: Սակայն մրցակցի իրացրած տուգանայինից հետո «Յունայթեդի» դարպասապահ Ալեքս Ստեփնին գնդակն անհաջող հետ մղեց ու «Սիթիի» կազմում հերոսացած Մայք Սամերբին թիմին դուրս բերեց եզրափակիչ:

«Ուեմբլիում» կայացած եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Վեսթ Բրոմվիչ Ալբիոնին» և առաջին անգամ նվաճեց Անգլիական լիգայի գավաթը: Այսպիսով, երկու թիմերի պատմության մեջ Մանչեսթեր քաղաքից առաջինը գավաթակիր դարձավ «Սիթին», այնինչ «Յունայթեդը» գավաթում առաջին հաջողությունն արձանագրեց միայն 90-ականներին:

1974-1975. 70-ականների գավաթի դիմակայությունները նախնական փուլերում որոշվում էր մեկ խաղով, եթե հաղթողը չէր որոշվում հիմնական ժամանակում, ապա վերախաղարկվում էր մինչև որևէ մեկի հաղթելը: 1973-1974 մրցաշրջանի արդյունքներով «Յունայթեդը» դուրս էր մնացել ուժեղագույնների լիգայից և 1974-1975 մրցաշրջանում լավագույնների հետ պայքարում էր միայն գավաթների համար: Գավաթի խաղարկության երրորդ փուլի դիմակայությունում թեև «Յունայթեդը» ներկայացնում էր ավելի ցածր լիգա, սակայն կարողացավ նվազագույն հաշվով հաղթել և անցնել հաջորդ փուլ: Դիմակայության ելքը վճռեց իռլանդացի Ջերի Դեյլիի իրացրած Անգլիայի ամենահայտնի 11 մետրանոցներից մեկը: Դրվագը հիշարժան էր նրանով, որ խաղադաշտի անչափ վատ վիճակի պատճառով ջնջվել էր 11 մետրանոցի նշանակետը: Այն իրացվեց միայն խաղը սպասարկողների կողմից նորից չափագրելուց և նշանակետը ներկելուց հետո: Ներկայացնելով երկրորդ լիգան՝ «Յունայթեդին» այդ խաղարկությունում հաջողվեց նույնիսկ հասնել կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքով պարտվեց «Նորվիչ Սիթիին»:

1975-1976. Կարմիրները հաջորդ իսկ տարի շատ արագ վերադարձան Անգլիայի ուժեղագույնների խումբ և առաջնությունում զբաղեցրին երրորդ տեղը: Այդ խաղարկությունից մինչև օրս «Յունայթեդը» այլևս չլքեց Առաջին դիվիզիոնը կամ Պրեմյեր լիգան: Անգլիական լիգայի գավաթում երկրորդ տարին անընդմեջ մանչեսթերյան ակումբները հանդիպում էին միմյանց: 1975-1976 խաղարկության 4-րդ փուլում դերբիում «Մանչեսթեր Սիթին» այս անգամ որևէ հնարավորություն չտվեց համաքաղաքացիներին և ջախջախիչ ռևանշի հասավ 4:0 հաշվով: Հաղթողներից դուբլով աչքի ընկավ Դենիս Թյուարթը, մեկական անգամ մրցակցի դարպասը գրավեցին Ասա Հարթֆորդը ու Ջո Ռոյլը: «Մանչեսթեր Սիթին» այդ խաղարկությունում հասավ եզրափակիչ, որտեղ «Նյուքասլ Յունայթեդին» 2:1 հաշվով հաղթելուց հետո դարձավ գավաթակիր: Իսկ ահա «Յունայթեդը» կարողացավ հասնել Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ, սակայն, վերջնամասում բաց թողած գոլի պատճառով պարտություն կրեց «Սաութհեմփթոնից»:  

2009-2010. Այս մրցաշրջանում շոտլանդացու փառքի ազդեցության տակ գտնվող Մանչեսթեր էր ժամանել իտալացի, որին վիճակված էր ստեղծել այլ՝ Անգլիայում երկար ժամանակ անխափան գործող մանչեսթերյան մեքենա: Այդ իտալացին Ռոբերտո Մանչինին էր, որը 60-ականներից ի վեր չեմպիոնության չհասած «Սիթիին» վերադարձրեց երբեմնի կարգավիճակը: Իսկ Անգլիական լիգայի գավաթում դա իտալացու և Սըր Ալեքս Ֆերգյուսոնի միակ դիմակայությունն էր: Դերբին թեժացնում էր Կառլոս Տևեսի կարմիրների ճամբարից դեպի կապույտների ճամբար տեխափոխությունը, ինչը նախկին թիմին բավականաչափ անհանգստություն պատճառեց: Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումն անցկացվում էր «Սիթի օֆ Մանչեսթեր» ստադիոնում: Առաջին խաղում կապույտների կամային, բայց նվազագույն 2:1 հաղթական արդյունքով թիմերը տեղափոխվեցին քաղաքի մյուս մարզադաշտ: Դուբլ գրանցեց կարմիր մարզաշապիկը կապույտով փոխարինած արգենտինացին:

Պատասխան խաղում «Յունայթեդը» երկրորդ խաղակեսում համոզիչ հաղթում էր՝ մինչև արգենտինացին հիանալի գոլով և բուռն նշելով կրկին չհիշեցներ իր մասին: Դիմակայությունում հավասարություն էր, սակայն հանրահայտ «Ֆերգի թայմը» դեռ առջևում էր: Խաղավերջում Ուեյն Ռունիի խփած գոլով «Յունայթեդը» դուրս եկավ եզրափակիչ և, կամային հաղթանակ տանելով «Ասթոն Վիլլայի» նկատմամբ, հեռանալուց առաջ լեգենդար Ֆերգյուսոնին պարգևեց իր վերջին Լիգայի գավաթը: Առաջնությունում Ֆերգյուսոնի սաները 1 միավորով հետ մնացին չեմպիոն «Չելսիից», իսկ «Սիթին» գրավեց 5-րդ տեղը:

2016-2017. Անգլիական լիգայի գավաթի 4-րդ շրջանում սպասվում էր խաղարկության ֆավորիտների դիմակայություն: Մանչեսթերում հանգրվանած Ժոզե Մոուրինյոն կարմիրների կողմից և Պեպ Գվարդիոլան՝ կապույտներից, կրկին աշխարհի ուշադրության կենտրոնում էին: Սակայն երկու մարզիչների մշտապես գերլարված առերեսումն այս անգամ փոխարինվել էր բարիդրացիությամբ: Պեպը գերադասել էր ոչ մարտական կազմը, իսկ Ժոզեի համար խաղն ավելի սկզբունքային էր և նա փորձում էր առաջնության նախորդ դերբիում կրած պարտությանը պատասխանել սեփական հաջողությամբ: «Յունայթեդը» Մատայի խփած գոլի շնորհիվ հաղթեց համաքաղաքացիներին և հասավ եզրափակիչ, որտեղ Զլատան Իբրահիմովիչի դուբլի շնորհիվ, որից մեկը՝ կրկին հանրահայտ «Ֆերգի թայմում» էր: Ժոզե Մոուրոնյոյին «Յունայթեդի» հետ փոքր թրեբլ գրանցեց՝ հաղթելով Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը և Եվրոպա լիգան:

2019-2020. Նոր մանչեսթերյան դերբին այս անգամ ևս կիսաեզրափակիչում էր: Այս մրցաշրջանում չեմպիոնության մասին երկու թիմերը նույնիսկ երազել չեն կարող, ինչը ստիպում է երկու թիմերին սևեռվել այլ խնդիրների լուծման վրա: Այս անգամ Պեպ Գվարդիոլային «Օլդ Թրաֆորդում» դիմակայում էր նորանշանակ Օլե Գունար Սուլշերը: Առաջին խաղակեսում Գվարդիոլայի սաները վճռեցին խաղի ելքը, որը հաջողվեց նույնիսկ որոշ առաջատարներին թողնելով պահեստայինների նստարանին: «Մանչեսթեր Սիթին» վստահ հաղթանակ տարավ 3:1 հաշվով և ներկայացրեց եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ:

Պատասխան խաղը կկայանա հունվարի 29-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին: Չնայած անմխիթար արդյունքին, «Յունայթեդի»՝ հույսերը չկորցրած գլխավոր մարզիչը զուգահեռներ տարավ ՊՍԺ-ի հետ դիմակայությունը, որրտեղ մանկունիանցիները, տանը պարտվելով նույն 1:3 հաշվով, պատասխան խաղում հետ բերեցին կորցրածը և անցան հաջորդ փուլ:

Արեգ Մուրադյան




Լուրեր թեմայից