Լրահոս

Ռոնալդուն ու Ֆիգուն միևնույն ցավակցական գրառումն են կատարել (ֆոտո)

Պորտուգալական ֆուտբոլի աստղեր Կրիշտիանու Ռոնալդուն ու Լուիշ Ֆիգուն սոցցանցերում միևնույն ցավակցական գրառումն են կատարել ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մահվան կապակցությամբ:

«Անչափ տխուր է լսել Կոբիի ու նրա դտեր մահվան մասին սարսափելի լուրը: Կոբին իսկական լեգենդ էր ու ոգեշնչման աղբյուր շատ մարդկանց համար: Ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին ու ընկերներին, ինչպես նաև բոլորին, ովքեր մահացել են այդ աղետի հետևանքով»,- թվիթերյան էջում գրել է Ռոնալդուն:

Մի քանի ժամ անց նույն գրառումը Թվիթերում կատարել է Ֆիգուն։ Միակ տարբերությունը եղել է նախկին ֆուտբոլիստի հրապարակած լուսանկարը, որում նա Բրայանտի հետ է։

Հիշեցնենք, որ Քոբի Բրայանտի անձնական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ նրա 13-ամյա դուստր Ջանա-Մարիան: 41-ամյա ամերիկացին դստեր հետ ուղևորվելիս է եղել բասկետբոլի հանդիպման: Ջանա-Մարիա Բրայանտը ևս բասկետբոլիստ էր: Օդային աղետը տեղի էր ունեցել հունվարի 26-ի առավոտյան ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Կալաբասաս քաղաքում:

Sikorsky S76 ուղղաթիռի օդաչուն հայկական արմատներով ամերիկացի Արա Զոբայանն էր, որը վերջին պահին կարողացել է շեղել կործանվող ուղղաթիռի ուղղությունը Լոս Անջելեսի, Գլենդեյլի բնակելի թաղամասերից և այն հասցնել լեռնային տարածք:

Քոբի Բրայանտն ամուսնացած է և ունի 4 դուստր: Նրա կրտսեր դուստր Կապրին ծնվել էր 2019 թվականի հունիսին: Ամերիկացու կին Վանեսան ուղղաթիռում չի եղել:

Բրայանտը կարիերան ավարտել է 2016 թվականին։ Նա ամբողջ կարիերան անցկացրել էր «Լեյքերսում» (1996-2016), որի հետ 5 անգամ դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն։ Ամերիկացին կրկնակի օլիմպիական չեմպիոն է, 2-ական անգամ դարձել է NBA-ի մրցաշրջանի ու եզրափակիչ շարքի լավագույն բասկետբոլիստ, ինչպես նաև 18 անգամ մասնակցել է «Բոլոր աստղերի խաղին»:




Լուրեր թեմայից