Լրահոս

Արսեն Ջուլֆալակյան. Համաշխարհային սպորտը մեծագույն կորուստ ունեցավ

Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեկան ըմբշամարտի  աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ցավակցական ուղերձ է հղել ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մահվան կապակցությամբ:

«RIP Kobe Bryant: 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո 2-3 օր գիշերները չէր ստացվում քնել։ Հակասական էմոցիաներն ու մտքերը թույլ չէին տալիս։ Ուրախ էի, որ ստացվել էր հսկայական աշխատանքի արդյունքում մեդալ նվաճել, բայց և տխուր էի, որ ոսկին չստացվեց, երբ այնքան մոտ էր...

Գիշերները՝ ժամը երեքի չորսի կողմ, երբ արդեն չգիտեի էլ ինչով զբաղվել, որ մտքերս ցրվեին, գնում էի ճաշարան, որը 24 ժամ բաց էր, ու այնտեղ շփվում տարբեր մարզիկների հետ, որոնց ճանաչում էի, կամ նոր էինք ծանոթանում...

Այդպես մի գիշեր տեսա Քոբի Բրայանտին, ինձանից մի քանի սեղան այն կողմ նստած՝ իր 2 թիմակցի հետ։ Արդեն կրկնակի օլիմպիական չեմպիոն էր դարձել: Լեգենդար մարզիկ։ Նայում էի ու մտածում, թե քանիսը կուզեին նրա տեղը լինել... Մարզիկ, ով սպորտի պատմություն էր կերտել/կերտում, հանգիստ նստած էր, բոլոր մյուս մարզիկների պես։ Երիտասարդների համար այդ ամենը շատ ուսուցողական է։

Տարիներ անց կարդացի բասկետբոլի անվանի մարզիչներից մեկի գիրքը։ Այնտեղ, խոսելով շատ հայտնի տարբեր մարզիկների մասին, մարզիչն անընդհատ առանձնացնում էր Բրայանտին՝ որպես բացարձակ պրոֆեսիոնալ, իր գործին նվիրված,
յուրահատուկ մարզիկի։

Ընդամենը մի քանի օր առաջ էլ, հերթական թռիչքիս ժամանակ, օդանավակայանում հանդիպեց արդեն Բրայանտի հեղինակած գիրքը՝ սերունդներին մոտիվացնող և սպորտի գեղեցկության մասին պատմող...

Եվ հիմա ուղղակի չես պատկերացնում, թե ինչպես մի քանի ակնթարթում կարող է ամեն ինչ փոխվել։ Իրապես ապրել է պետք կյանքը, քանզի այն անկանխատեսելի է։ Համաշխարհային սպորտը մեծագույն կորուստ ունեցավ։ Ափսոս»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արսեն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ Քոբի Բրայանտի անձնական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ նրա 13-ամյա դուստր Ջանա-Մարիան: 41-ամյա ամերիկացին դստեր հետ ուղևորվելիս է եղել բասկետբոլի հանդիպման: Ջանա-Մարիա Բրայանտը ևս բասկետբոլիստ էր: Օդային աղետը տեղի էր ունեցել հունվարի 26-ի առավոտյան ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Կալաբասաս քաղաքում:

Քոբի Բրայանտն ամուսնացած է և ունի 4 դուստր: Նրա կրտսեր դուստր Կապրին ծնվել էր 2019 թվականի հունիսին: Ամերիկացու կին Վանեսան ուղղաթիռում չի եղել:

Բրայանտը կարիերան ավարտել է 2016 թվականին։ Նա ամբողջ կարիերան անցկացրել էր «Լեյքերսում» (1996-2016), որի հետ 5 անգամ դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն։ Ամերիկացին կրկնակի օլիմպիական չեմպիոն է, 2-ական անգամ դարձել է NBA-ի մրցաշրջանի ու եզրափակիչ շարքի լավագույն բասկետբոլիստ, ինչպես նաև 18 անգամ մասնակցել է «Բոլոր աստղերի խաղին»:

 




Լուրեր թեմայից