Լրահոս

Արթուր Դանիելյանը՝ գեղասահքի Եվրոպայի փոխչեմպիոն

Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մենասահքի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուս Դմիտրի Ալիևը, որը կարճ և ազատ ծրագրերի համագումարում հավաքեց 272,89  միավոր:

Երկրորդ տեղը 246,74 միավորով գրավեց Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ, 16-ամյա վոլգոգրադցի Արթուր Դանիելյանը, որը վերջերս դարձել էր Ռուսաստանի փոխչեմպիոն՝ զիջելով միայն Դմիտրի Ալիևին:

Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը ազատ ծրագրում գրանցեց 18-րդ արդյունքը, իսկ ընդհանուր հաշվարկում ևս 18-րդն էր:  Կարճ և ազատ ծրագրերի համագումարում 23-ամյա գեղասահորդը հավաքեց 194.61 միավոր: Նա որակավորման փուլը հաղթահարել էր 20-րդ տեղով:

Ազատ ծրագրի մրցմանը մասնակցեցին 24 գեղասահորդներ:

2012-ից հետո ռուս գեղասահորդներն առաջին անգամ ոսկե մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում: 8 տարի առաջ նման հաջողության հասել էր Եվգենի Պլյուշչենկոն:

Հիշեցնենք, որ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը հունվարի 23-ին հաղթահարել էր որակավորման փուլի արգելքը: Ռիթմիկ պարերում Հայաստանի ներկայացուցիչները հավաքեցին 61.25 միավոր և 19-րդ տեղով նվաճեցին ազատ ծրագրի ուղեգիր:

Հայաստանի թիմի կազմում մրցավայր է մեկնել նաև Անաստասիա Գալուստյանը, որը պայքարը կսկսի հունվարի 24-ին: Եվրոպայի առաջնությունը կավարտվի հունվարի 26-ին։



Լուրեր թեմայից