Լրահոս

Օրինակելին. Մարկոսի անցած ուղին

Երբ թվում էր, որ խորհրդային «Արարատի» լեգենդներից հետո ազդեցիկ արարատցի ֆուտբոլիստի անուն հնչեցնելը կլինի անհնար լինելուն հավասար, խորհրդային «Արարատի» լեգենդ Արկադի Անդրեասյանին վիճակված էր դառնալ նոր պատմության հեղինակներից և հետնորդի շարունակականության ապահովողներից մեկը: Այս պատմության սկզբում բարդ էր եզրահանգել, որ 22 տարեկանում ժամանած ֆուտբոլիստը, որը պետք է ժամանակ կորցներ նաև Ֆրանսիայի սիրողական լիգայում, կդառնա հայկական ֆուտբոլի երկու խորհրդանիշների՝ «Արարատի» և ազգային հավաքականի անմոռանալի ֆուտբոլիստներից և խորհրդանիշներից մեկը:

Մարկոս Պիզելին «Արարատում» խաղաց ընդամենը 3 տարի, բայց կարճ ժամանակահատվածում դարձավ ոչ միայն «Արարատի», այլև հետագայում առանց բացառության բոլոր երկրպագուների սիրելին: «Արարատում» անցկացրած երեք տարիներից երկուսում նա կարողացավ դառնալ առաջնության լավագույն ռմբարկու: 2008 թվականի «Ոսկե խաղի» շուրջ ստեղծված իրավիճակը և դրան նախորդող տրամադրվածությունն ընդդեմ «Արարատի», ըստ երույթին, հանգեցրին ամենահեղինակավոր ակումբի չգոյությանը: Մարկոսը ստիպված էր տեղափոխվել ֆրանսիական սիրողական լիգա, որից առաջ, այնուամենայնիվ, ակումբի պատմության մեջ իր ոսկե հետքը կարողացավ թողնել գավաթի խաղարկության միջոցով: «Բանանցի» հետ 2008 թվականի գավաթի խաղարկության եզրափակիչում Մարկոսը լրացուցիչ ժամանակի ավարտից րոպեներ առաջ խփեց իր ոսկե գնդակը և գավաթը վերադարձրեց հարազատ ակումբին: Դա կարող էր տեղի ունենալ նաև նախորդող խաղարկությունում, որի եզրափակիչում բրազիլացին բացել էր հաշիվը նույն «Բանանցի» հետ, սակայն հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ մրցակիցը կարողացել էր հավասարեցրել հաշիվը ու հաղթանակի հասնել լրացուցիչ ժամանակում:

Հիշարժան էին «Արարատի» կազմում Մարկոսի մասնակցությամբ եվրագավաթային հանդիպումները, որտեղ նա առաջնորդում էր թիմին: Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում երևանյան ակումբի մրցակիցը Սոլիգորսկի «Շախտյորն» էր: Թեև արտագնա խաղում «Արարատին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը, և գոլի հեղինակին դժվար չէ կռահել, սակայն, վերջնարդյունքում գրանցվեց 1:4 հաշվով խոշոր պարտություն: Պատասխան խաղում Նշան Էրզրումյանի հաշիվը բացելուց և Մարկոսի այն կրկնապատկելուց  հետո, արարատցիներին մեկ անկատար քայլ բաժանեց մեծ վերադարձ իրականացնելուց: Այդուհանդերձ, «Արարատն» այդպիսով մնալու էր այն բացառիկ ու միակ վայրը, որտեղ Մարկոսը վայելելու էր եվրագավաթներում խփած գոլերի բերկրանքը:

2008 թվականը Մարկոսի կյանքում նշանավորվեց մեկ այլ շրջադարձային իրադարձությունով. նա դարձավ Հայաստանի հավաքականի ընտանիքի անդամ: Հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը նրան հրավիրեց Մոլդովայի հետ ընկերական խաղին, որին ի պատասխան՝ հավաքականի նորեկը խփեց իր անդրանիկ գոլը: Հաջորդ խաղերը հավաքականում նա խաղալու էր արդեն «Փյունիկի» ֆուտբոլիստի կարգավիճակով, և դա տեղի ունեցավ բավականին երկար դադարից հետո: 2009-ին հայությանը մերվող բրազիլացին սկսեց իր ծանրակշիռ խոսքն ասել արդեն նոր ակումբում: Նա գուցե չուներ այն դերակատարումը, որն առկա էր «Արարատում» և որը նրան դարձրել էր հավերժ արարատցի, բայցևայնպես, Մխիթարյանի և ընկերների շարքում նրա կարևոր դերակատարումը «Փյունիկում» ակնառու էր: Մարկոսը կրկին դարձավ առաջնության լավագույն ռմբարկու և նոր ակումբի հետ նվաճեց հայաստանյան ցանկալի տիտղոսները:

Նա ամեն ինչ տվեց Հայաստանին, Հայաստանը նրան պատասխանեց նույն կերպ: 99 տոկոսով իրեն հայ համարող բրազիլացին մշտապես շեշտում է երկրորդ գործոնը՝ հավաքականի և երկրի վաստակը: Իհարկե, առանց հավաքականի հրավերի բարդ է կանխատեսել բրազիլացու հետագա ֆուտբոլային ճակատագրի դասավորությունը, սակայն Մարկոսը լավագույն օրինակներից է՝ տեղը վարպետության, անմնացորդ նվիրման շնորհիվ վաստակելու:

Հայկական գործոնը նրա կյանքի անբաժանելի մասը պետք է դառնար ակումբային գրեթե ամբողջ կյանքում: Հայաստանի հավաքականի և նրա անհատական հաջող ելույթները լավ հնարավորություն ստեղծեցին արտերկրում դրսևորվելու համար:

Դոնեցկի «Մետալուրգը» որպես ցատկահարթակ օգտագործելու և Հենրիխ Մխիթարյանի լավ օրինակը շատ հայ ֆուտբոլիստների համար լայն հնարավորություններ էր ստեղծում: Օլեգ Մկրտչյանի ակումբը 2011 թվականին ձեռք բերեց Կառլեն Մկրտչյանին, այնուհետև պայմանագիր ստորագրեց Մարկոս Պիզելիի և Գևորգ Ղազարյանի հետ: Մարկոսը նորամուտի խաղում իր անվան դիմաց գոլ գրանցեց:  Հիշարժան էր «Վորսկլայի» դեմ գոլառատ խաղը՝ համեմված Պիզելիի երկու գեղեցիկ գոլերով, որոնցից մեկը Գևորգ Ղազարյանի փոխանցումից էր:

Մարկոսը կես մրցաշրջան անցկացրեց Ուկրաինայում, որին հետևեց առաջարկ Կրասնոդարի «Կուբանից»: Հայկական գործոն էր առկա նաև այս տեղափոխության մեջ. Օլեգ Մկրտչյանին պատկանող մեկ ակումբից նա տեղափոխվեց մյուսը: Բնականաբար, տեղափոխությունը միայն այդ գործոնով չէր պայմանավորված, այլ կար առաջնայինը: «Կուբանի» ռումինացի մարզիչ Դան Պետրեսկուն հիացմունքով էր խոսում նորեկի մասին: Երեք տարով կնքված պայմանագրին հետևած նորամուտի խաղում Պիզելիի խփած միակ գոլը հաղթանակ պարգևեց նոր թիմին: Այսպես նա մեկնարկեց Ռուսաստանի Պրեմյեր լիգայում, որից հետո եղավ համարժեք նորամուտ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում: Նոր սկիզբ առած կրասնոդարյան դերբիով նշանավորվեց նորամուտը Ռուսաստանի գավաթում: Նորաստեղծ «Կրասնոդարի» դեմ խաղի միակ և հաղթական գոլը կրկին Մարկոսի կատարմամբ էր, և «Կուբանը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Երկարատև 2011/2012 անցումային մրցաշրջանում Պիզելին տուգանային հարվածով գեղեցիկ գոլի խփեց «Լոկոմոտիվին» դեմ, «Ռուբինի» հետ հաջորդ խաղում Պրեմյեր լիգան ականատես եղավ նրա փոքրիկ գլուխգործոցներից մեկին: 

Մրցաշրջանի ավարտից հետո Դան Պետրեսկուն հեռացավ«Կուբանից»: Ռումինացուն փոխարինեց Յուրի Կրասնոժանը, որի մարզչական շտաբում էր տեղ գտել նաև Անդրեյ Տալալաևը: Թիմում սկսվեցին համալրումներ, որոնց շարքում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք էին բուլղարացի Իվելին Պոպովը և Արաս Օզբիլիսը, որոնք բավականին արդյունավետ խաղեր էին անցկացնում:

«Կուբանը» 2012-2013 մրցաշրջանում գրանցեց իր պատմության լավագույն արդյունքը՝ գրավելով 5-րդ տեղը: Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստները դարձան այդ հաջողության մասնիկներից մեկը: «Կուբանը» Եվրոպա լիգայում դուրս եկավ խմբային փուլ, սակայն առանց Հայաստանը ներկայացնող ֆուտբոլիստների: Արասը տեղափոխվել էր «Սպարտակ», իսկ Մարկոսը մնաց նույն քաղաքում, սակայն այլ ակումբում: «Կուբանում» Պիզելին ոչ մեկ անգամ ճանաչվեց ամսվա լավագույն ֆուտբոլիստ, գեղեցիկ գոլեր գրանցեց և անցկացրեց կարիերայի բարձրագույն մակարդակի ժամանակաշրջանը:

Հայկական արմատներով Սերգեյ Գալիցկիին պատկանող «Կրասնոդարը» 2+1 տարվա պայմանագիր առաջարկեց Մարկոսին, բայց կես մրցաշրջան անց վարձավճարով փոխանցեց ղազախական ակումբին: Մայիսին Սլաբոլյուբ Մուսլինի օրոք «Կրասնոդար» տեղափոխված Պիզելին նոր առաջնությունը սկսելու էր նոր մարզիչ Օլեգ Կոնոնովի օրոք, որը բրազիլացուն գրեթե դրսևորվելու հնարավորություն չտվեց: Այդուհանդերձ, Մարկոսը «Դոլգոպրուդնիի» դեմ գավաթային խաղում դուբլ գրանցեց և 1/8 եզրափակիչ դուրս բերեց թիմին:

2014 թվականի սկզբին Ղազախստանի գործող չեմպիոնը ցանկություն հայտնեց վարձակալել Պիզելիին: Մարկոսը միավորվեց այս անգամ հավաքականի մյուս անդամներից մեկի՝ ազգային թիմի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի հետ: Մարկոսի երկրորդ շնչառության բացումը Ղազախստանում ընդմիջվեց «Ակտոբեի» ֆինանսական խնդիրներով և աշխատավարձի հետ կապված հարցերով: Սակայն «Ակտոբեից» հեռանալուց առաջ Մարկոսը Արզումանյանի հետ միասին նվաճեց Ղազախստանի 2014 թ. սուպերգավաթը: Բրազիլացի կիսապաշտպանի ուսերին էին նույն տարվա գավաթի խաղարկության կիսաեզրափակիչները, որտեղ նա մեկական անգամ աչքի ընկավ «Աստանայի» հետ  դիմակայությունում: Երկու խաղերում գրանցվեց նույն՝ 1:1 հաշիվը, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում վերջին հարվածի իրավունքով Մարկոսը եզրափակիչի ուղեգիր պարգևեց թիմին:

Մարկոս Պիզելին կարճատև գործուղումներ ունեցավ արաբական երկրներ, ինչպես նաև հասցրեց խաղալ Հունաստանում: «Քսանտիի» ժամանակաշրջանը նման էր «Կրասնոդարում» եղած ժամանակներին, որը հետաքրքիր զարգացումներ գրեթե չէր պարունակում: Մարկոսը չէր թաքցնում աշխատավարձի գործոնն արաբական առաջնություններ տեղափոխվելիս:

2016 թվականի տարեսկզբին «Ալ-Ռաեդը» ներկայացրեց նորեկին, որը պետք է իր գոլերով և փոխանցումներով օգներ ակումբին պահպանել տեղը Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում: Պիզելին իր կարողությունները ներդրեց խնդիրը լուծելու համար, որի կուլմինացիոն պահը դարձան առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ալ-Բատինի» հետ անցումային երկու խաղերը: Առաջին խաղում Մարկոսը դարձավ գոլային փոխանցման հեղինակ, սակայն թիմը պարտվեց 1:2 հաշվով: Պատասխան խաղում Պիզելին արդեն 3-րդ րոպեին առաջ մղեց թիմին և սկիզբ դրեց մրցակցի ջախջախմանը: «Ալ-Ռաեդը» մնաց ուժեղագույնների լիգայում, իսկ Մարկոսը տեղափոխվեց ավելի ցածր լիգա: Այսպիսին էր «Ալ-Իթիհադի» դեմ խփված երկու գոլերից մեկը:

Նույն տարվա ամռանը Մարկոսն արդեն ԱՄԷ-ի երկրորդ դիվիզիոնում էր և պայքարում էր ուժեղագույնների լիգայում տեղ ունենալու համար: «Ֆուջայրայում», որին բազմաթիվ աղբյուրներում շփոթում են«Դիբբա Ալ- Ֆուջայրա» ակումբի հետ, բրազիլացին անցկացրեց կես տարի: Չնայած կարճ ժամանակահատվածին՝ Մարկոսը գրանցում էր հերթական գեղեցիկ գոլերը, իսկ արաբական ֆուտբոլը ծանոթանում էր Հայաստանի հավաքականի անդամի անսովոր գեղեցկության գոլեր խփելու սովորությանը, որից մեկը նրա առաջին գոլն էր նոր թիմի կազմում:

Նոր տարին նոր ակումբի հետ սկսելու ավանդույթն իր շարունակությունը ստացավ: Իրեն ոչ հարիր մակարդակի էմիրատական լիգայից բրազիլացին անսպասելի ուղևորվեց դեպի Հունաստանի բարձրագույն լիգա: Մի շարք հանդիպումներ անցկացնելուց հետո Մարկոսը հեռացավ նաև այնտեղից և ամռանը նորից վերադարձավ Սաուդյան Արաբիա, բայց այս անգամ՝ «Ալ-Շաբաբ» ակումբի գույները պաշտպանելու: Մի շարք հանդիպումների մասնակցելուց ու կրկին ֆանտաստիկ գոլերի հեղինակ դառնալուց հետո, Մարկոսը 2018 թվականի սկզբնամասում խզեց պայմանագիրը արաբական ակումբի հետ:

Պիզելին իր հետևից թողնում էր գոլեր, որոնք անվերջ դիտելու շարքին էին դասվում:

Կարճաժամկետ դեգերումներից հետո նա կրկին խաղալու էր Եվրոպայում: Հերթական նոր տարվա նոր ակումբն այս անգամ դարձավ նրա հին ծանոթ «Ակտոբեն»: Թեև ղազախական թիմն այլևս չէր պայքարում բարձր տեղերի համար, սակայն Մարկոսը վերադարձնելու էր իր փայլը և զգալու էր իրեն ինչպես ձուկը ջրում: 2018-ին նա 18 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու, ինչպես նաև ճանաչվեց նույն տարվա Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ: Նրա ելույթները Ղազախստանում արտացոլանք ստացան Հայաստանում: Մարկոս Պիզելին դարձավ այն ֆուտբոլիստը, որին հաջողվեց ընդհատել Հենրիխ Մխիթարյանի՝ տարվա ֆուտբոլիստի երկարատև հաղթարշավը և դառնալ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Մարկոսի ֆանտաստիկ գոլերից մեկը գնահատանքի արժանացավ Ղազախստանի Պրեմյեր լիգայում և ճանաչվեց մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլ:

33 գոլով Պիզելին «Ակտոբեի» պատմության 7-րդ լավագույն ռմբարկուն է, կրեց նաև «Ակտոբեի» ավագի թևկապը, իսկ իր նկատմամբ վերաբերմունքի լավագույն դրսևորումներից էր վնասվածքից ապաքինվելու ժամանակ ակումբակիցների աջակցությունը:

2019 թվականի արդյունքներով «Ակտոբեն» դուրս մնաց Ղազախստանի Պրեմյեր լիգայից, իսկ Պիզելին փոփոխությունների գնալու որոշում կայացրեց: Սակայն, ինչպես հետագայում էր պարզ դառնալու, ակումբային ֆուտբոլում վերջին խաղը կայանալու էր հենց այնտեղ: Հավաքականում ելույթներն ավարտելու լուրին հետևեց վնասվածքի պատճառով ֆուտբոլին հրաժեշտ տալու հայտարարությունը: Մարկոսը կատարելապես նվիրված էր հագած մարզաշապիկներից յուրաքանչյուրին, հետևապես նվիրված էր ֆուտբոլին:

Բազմաթիվ գեղեցկագույն գոլերին, անմնացորդ նվիրմանը և լավագույն մարդկային որակների դրսևորմանը զուգահեռ, Մարկոս Պիզելիի մեծագույն ավանդը հայկական ֆուտբոլի մեջ կմնա նրա օրինակելի լինելը: Անբիծ հեղինակությամբ բրազիլացի, որը հայերի համար դարձավ հպարտության առարկա, որին միշտ և ամեն ինչում կարելի է օրինակ բերել և պետք է նմանվել:

Արեգ Մուրադյան




Լուրեր թեմայից