Լրահոս

Սամվել Տեր-Սահակյանի առաջին չեմպիոնությունն ու Մարիա Գևորգյանի վստահ հաղթանակը

Ավարտվեցին շախմատի տղամարդկանց 80-րդ և կանանց 75-րդ Հայաստանի առաջնությունները: Տղամարդկանց առաջնությունում Հայաստանն ունեցավ նոր չեմպիոն՝ ի դեմս Սամվել Տեր-Սահակյանի, իսկ կանանց բաժնում արդեն քառակի չեմպիոն դարձավ Մարիա Գևորգյանը, որն այս տարի պաշտպանեց տիտղոսը:

Տղամարդկանց առաջնությունը ներկայացված էր 9 գրոսմայստերով և ՖԻԴԵ-ի վարպետ 15-ամյա Մամիկոն Ղարիբյանով: Այս տարին օլիմպիական է շախմատի ֆեդերացիաների համար, ինչը Հայաստանի այս առաջնությունը դարձրեց առավել ծանրակշիռ:

Օգոստոսին Ռուսաստանում սպասվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայում Լևոն Արոնյանից, Գաբրիել Սարգսյանից և Հրանտ Մելքումյանից հետո Հայաստանի չորրորդ մասնակիցը կլինի Սամվել Տեր-Սահակյանը, իսկ 5-րդ մասնակցի անունը հավանաբար կրկին հայտնի կդառնա լրացուցիչ մրցախաղի միջոցով:

Հայաստանի առաջնության մասնակիցների մեկնարկային դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային տվյալներով ուներ հետևալ տեսքը. Ռոբերտ Հովհաննիսյան՝ 2641, Սամվել Տեր-Սահակյան՝ 2617, Հայկ Մարտիրոսյան՝ 2613, Զավեն Անդրիասյան՝ 2611, Արման Փաշիկյան՝ 2605, Շանթ Սարգսյան՝ 2601, Հովհաննես Գաբուզյան՝ 2585, Արամ Հակոբյան՝ 2582, Արման Միքայելյան՝ 2476, Մամիկոն Ղարիբյան՝ 2381:

Նորընծա չեմպիոնը վստահ անցկացրեց առաջնությունը և 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: Տեր-Սահակյանը մինչև նախավերջին տուրը սպիտակ խաղաքարերով հաղթանակ էր տարել Զավեն Անդրիասյանի, Արման Փաշիկյանի, Արման Միքայելյանի նկատմամբ և միայն Արամ Հակոբյանի հետ կիսել միավորը: Սև խաղաքարերով նա անպարտելի կարգավիճակով ավարտեց առաջնությունը՝ ոչ ոքի խաղալով Հովհաննես Գաբուզյանի, Հայկ Մարտիրոսյանի և վերջին մրցախաղում Շանթ Սարգսյանի հետ: Ուշագրավ էր 7-րդ տուրի հանդիպումը, որտեղ Սամվելը իր միակ հաղթանակը տարավ սևերով:

Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով վերջնամասում բարդ իրավիճակում էր հայտնվել և, մեկ զինվոր պակաս ունենալով, փորձում էր դիմակայել Տեր-Սահակյանի անցողիկ զինվորին: Դրա հետ մեկտեղ սուղ ժամանակ ունենալով՝ Ռոբերտ Հովհաննիսյանը չնկատեց, թե ինչպես է նավակը դնում մրցակցի փղի հարվածի տակ և կորցնում այն: Նավակը նվիրաբերելուց հետո Ռոբերտ Հովհաննիսյանը հանձնվեց, իսկ Սամվել Տեր-Սահակյանն առաջնության ավարտից երկու տուր առաջ 1.5 միավորի առավելություն ստացավ հետապնդողների նկատմամբ:

Սակայն չեմպիոնի համար մրցաշարն ամբողջությամբ հարթ չընթացավ: Ամենաերիտասարդ մասնակից Մամիկոն Ղարիբյանը, որը գրոսմայստերական կոչում չունեցող միակ մասնակիցն էր, կարողացավ գեղեցիկ մրցախաղում սևերով հաղթել Տեր-Սահակյանին՝ այդպիսով հասնցելով նրան մրցաշարի միակ պարտությունը:

Վերջին տուրում, չեմպիոնը սևերով ոչ ոքի խաղալով Շանթ Սարգսյանի հետ, կես միավորանոց առավելությամբ ճանաչվեց Հայաստանի չեմպիոն: Նույն միավորների քանակով արծաթե և բրոնզե մեդալները կիսեցին 19-ամյա Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Վերջինս լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Մարտիրոսյանին, որին սևերով պարտվել էր 6-րդ տուրում: Հայկ Մարտիրոսյանին, որը վերջին տուրից առաջ կես միավոր հետ էր մնում Սամվել Տեր-Սահակյանից, միայն հաղթանակ էր անհրաժեշտ չեմպիոնության հույսեր փայփայելու համար: Վերջին կարևոր մրցախաղում, սակայն, նա 17-րդ քայլին շատ արագ հաշտության ձեռք մեկնեց Զավեն Անդրիասյանին՝ կես միավորի տարբերությամբ բավարարվելով արծաթե մեդալով:

Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարում կրեց երկու պարտություն՝ սպիտակներով չեմպիոնից և սևերով Մարտիրոսյանից: Բրոնզե մեդալակիրը սպիտակներով հաղթեց Արման Փաշիկյանին և Արամ Հակոբյանին, իսկ Մամիկոն Ղարիբյանի և Զավեն Անդրիասյանի հետ խաղաղությամբ բաժանվեց: Երրորդ տուրից հետո Հովհաննիսյանը կամ հաղթում էր կամ պարտվում: Երկրորդ տուրում նա գրանցեց մրցաշարում իր միակ սևերով ոչ ոքին՝ խաղաղ դաշն կնքելով Շանթ Սարգսյանի հետ, այնուհետև նույն սև խաղաքարերով եղան հաղթանակներ հետնապահ Հովհաննես Գաբուզյանի և Արման Միքայելյանի նկատմամբ: Վերջին տուրի հաղթանակը թույլ տվեց հավաքել 5.5 միավոր և, անհասանելի դառնալով Փաշիկյանից, ցատկել երրորդ տեղ:

4456.jpg (75 KB)

Անհաջող հանդես եկավ Հայաստանի 2017թ. չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, որը 2 միավորով եզրափակեց աղյուսակը՝ չտանելով ոչ մի հաղթանակ: Անցյալ տարվա չեմպիոն Արման Փաշիկյանը, մեկ միավոր հետ մնալով չեմպիոնից, առաջնությունն ավարտեց 4-րդ տեղում:

Այսպիսով, Տիգրան Լևոնի Պետրոսյանից հետո Հայաստանի առաջնությունում չի հաջողվում երկու անընդմեջ չեմպիոնություն գրանցել որևէ շախմատիստի:

Վերջնական աղյուսակը

1. Սամվել Տեր-Սահակյան - 6 միավոր

2. Հայկ Մարտիրոսյան - 5.5

3. Ռոբերտ Հովհաննիսյան - 5.5

4. Արման Փաշիկյան - 5

5. Մամիկոն Ղարիբյան - 4.5

6. Արամ Հակոբյան - 4.5

7. Զավեն Անդրիասյան - 4.5

8. Շանթ Սարգսյան - 4

9. Արման Միքաելյան - 3.5

10. Հովհաննես Գաբուզյան - 2 

82868877_2637583136528287_2443578332608987136_o.jpg (72 KB)

Կանանց Հայաստանի առաջնությանն ընդառաջ մասնակիցներն, ըստ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի, արտացոլված էին հետևյալ դասավորությամբ. Սիրանուշ Ղուկասյան՝ 2246, Մարիա Կուրսովա՝ 2241, Սուսաննա Գաբոյան՝ 2205, Մարիա Գևորգյան՝ 2187, Աննա Խաչատրյան՝ 2051, Մարիամ Ավետիսյան՝ 2163, Աստղիկ Հակոբյան՝ 1917, Նարե Առաքելյան՝ 1913, Վերոնիկա Խաչատրյան՝ 1905, Թերեզա Ամբարջյան՝ 1514:

Մարիա Գևորգյանը մեկ շնչով անցկացրեց առաջնությունը՝ մեկ միավորանոց առավելությամբ ճանաչվելով Հայաստանի քառակի չեմպիոն: Մարիա Գևորգյանը մեկնարկային տուրում Սուսաննա Գաբոյանին սև խաղաքարերով պարտվելուց հետո անհավանական՝ առանց միավորների կորուստի 8 մրցախաղանոց հաղթարշավով ավարտեց մրցաշարը:

Արծաթե մեդալակիր Սուսաննա Գաբոյանը մրցաշարն ավարտեց առանց պարտության՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր: Սպիտակ խաղաքարերով Սուսաննան հաղթեց Մարիա Գևորգյանին, Մարիամ Ավետիսյանին, Վերոնիկա Խաչատրյանին ու խաղաղությամբ ավարտեց մրցախաղերը Սիրանուշ Ղուկասյանի և Աննա Խաչատրյանի հետ: Սև խաղաքարերով հաղթական էին Նարե Առաքելյանի և Թերեզա Ամբարջյանի դեմ մրցախաղերը, իսկ Աստղիկ Հակոբյանի և Մարիա Կուրսովայի հետ գրանցվեցին ոչ ոքիներ:

Առաջատարներից զգալիորեն հետ մնաց բրոնզե մեդալակիր դարձած Մարիա Կուրսովան՝ Աննա Խաչատրյանի պես հավաքելով 5.5 միավոր, բայց լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով նրանից: Մարիան կրեց երկու պարտություններ, որոնցից մեկը՝ սպիտակներով Մարիա Գևորգյանի կողմից, իսկ մյուսը՝ Նարե Առաքելյանից սևերով: Խաղաղ էին Վերոնիկա Խաչատրյանի և Մարիամ Ավետիսյանի հետ սևերով և վերջին տուրում Սուսաննա Գաբոյանի հետ սպիտակներով մրցախաղերը: Սպիտակ խաղաքարերով հաղթականակներ եղան Սիրանուշ Ղուկասյանի ու Աննա Խաչատրյանի դեմ, իսկ մնացած հաղթանակները՝ Աստղիկ Հակոբյանի և Թերեզա Ամբարջյանի նկատմամբ, սև խաղաքարերով էր:

789.jpg (92 KB)

Չափազանց անհաջող էր հավաքականի անդամ ու բարձրագույն վարկանիշով Սիրանուշ Ղուկասյանի մասնակցությունը: Սիրանուշը 9 հնարավորից կարողացավ վաստակել ընդամենը 4 միավոր՝ անընդմեջ պարտվելով 3 մրցախաղերում: Նա գրանցեց միայն 2 հաղթանակ և մրցաշարն ավարտեց 7-րդ տեղում:

Վերջնական աղյուսակը

1. Մարիա Գևորգյան - 8 միավոր

2. Սուսաննա Գաբոյան - 7

3. Մարիա Կուրսովա - 5.5

4. Աննա Խաչատրյան - 5.5

5. Նարե Առաքելյան - 5

6. Մարիամ Ավետիսյան - 4

7. Սիրանուշ Ղուկասյան - 4

8. Աստղիկ Հակոբյան - 3

9. Վերոնիկա Խաչատրյան - 2

10. Թերեզա Ամբարջյան - 1

Արեգ Մուրադյան




Լուրեր թեմայից