Լրահոս

Տարվա լավագույնների կոչման ֆավորիտները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազդարարեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հերթական քվեարկության մեկնարկը: Այս տարվա քվեարկությունը չի տարբերվի նախորդներից. լավագույնները կորոշվեն Հայաստանում խաղացող ֆուտբոլիստների և արտերկրում հանդես եկող հայ լեգեոնականների միջև: Համեմատության եզրեր չլինելու պատճառով այս ձևաչափը քննարկվողներից և քննադատվողներից է: Տրամաբանական է, որ լավագույնները խաղում են բարձր որակավորում ունեցող լիգաներում, հետևաբար տեղացի ֆուտբոլիստները մնում են առանց խրախուսանքի: Այդ պատճառով առաջարկվում էր տարանջատել և սահմանել երկու առանձին մրցանակ՝ Բարձրագույն խմբի և արտասահմանյան առաջնությունների հայ ֆուտբոլիստների համար:

1992-2010թթ. տարվա ֆուտբոլիստ էին ճանաչվում հայկական թիմերը ներկայացնող ֆուտբոլիստները, իսկ վերջին անգամ Կառլեն Մկրտչյանին մրցանակը հանձնելուց հետո միայն արտերկրի ակումբների ներկայացուցիչները: Այդպես լավագույնը ճանաչվեցին Հենրիխ Մխիթարյանը՝ 8-րդ անգամ ստանալով մրցանակը, որից 7-ն անընդմեջ և մեկ անգամ՝ Մարկոս Պիզելին: Նախորդ երկու տարում լավագույնների եռյակում տեղ գտան միայն արտասահմանում հանդես եկող խաղացողները: Արտերկրում խաղացող հայ ֆուտբոլիստների թվի ավելացմամբ, ինչն, իհարկե, դրական երևույթ է, Բարձրագույն խմբում հանդես եկող ֆուտբոլիստները գործնականում զրկվել են մրցանակը ստանալու հույսերից:

Լավագույն ֆուտբոլիստ

1. Սարգիս Ադամյան

Երկար ժամանակ Եվրոպայի թոփ-5 առաջնություններում հայ ֆուտբոլիստներից ներկայացված էր միայն Մխիթարյանը: Այս տարի իրավիճակը փոխվեց Ադամյանի՝ Բունդեսլիգա տեղափոխվելով, որն այս պահին հայ ֆուտբոլիստների խաղավայրերից գուցե ամենաուժեղն է: Ադամյանը սկսեց ապացուցել, որ 2-րդ Բունդեսլիգայից հետո կենսունակ է նաև առաջինում: Նախորդ օրացուցային տարում 2-րդ Բունդեսլիգայում նրա կողմից հեղինակվեց  7 գոլ և 4 գոլային փոխանցում: Բունդեսլիգայի  2019-20 մրցաշրջանում «Հոֆենհայմի» կազմում նա առաջնությունում 4 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ, ևս մեկ գոլ գրանցվեց գավաթի խաղարկությունում: 2-րդ Բունդեսլիգայի լավագույնների շարքին դասվելուց հետո նա, «Հոֆենհայմի» կազմում «Բավարիային» և «Բորուսիային» ծնկի բերելով, Գերմանիայում ձեռք բերեց թոփ թիմերի «դահիճի» համբավ: Հավաքականում, սակայն, Ադամյանին դեռևս չի հաջողվում նույն կերպ խոցել մրցակիցներին, որի պատճառը նաև վնասվածքներն էին ու գուցե ոչ ճիշտ խաղային դիրք ու դաշտում պարտականություններ ընտրելը:

Adamyan.jpg (80 KB)

2. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի ավագը տարվա զգալի մասն անցկացրեց վնասվածքներից բուժվելով: Լավ ժամանակներ չապրող «Արսենալի» կազմում տարին սկսել էր վնասվածքով, իսկ մինչև Իտալիա տեղափոխվելը Մխիթարյանը կարողացավ դառնալ 2 գոլի և 3 փոխանցման հեղինակ: «Ռոմայի» կազմում նորամուտի խաղը նշանավորվեց գոլով, որին հետևած վնասվածքները թույլ տվեցին մասնակցել ընթացիկ մրցաշրջանի խաղերի միայն կեսին: «Ռոմայի» կազմում անցկացրած խաղերում Մխիթարյանի անվան դիմաց գրանցվեց  3 գոլ և 1 արդյունավետ փոխանցում: Այդուհանդերձ, Մխիթարյանը մնում է Մխիթարյան, ինչը նա ապացուցեց հավաքականում անցկացրած խաղերում: Նախորդ տարի հավաքականում Մխիթարյանը մրցակիցների դարպասը գրավեց 3 անգամ՝ մասնակցելով միայն առաջին վեց խաղերին: Փառահեղ հանդիպումներից էր Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղը, որտեղ նա ուղղակի և անուղղակի ստեղծագործեց բոլոր գոլերը:

Mkhitaryan.jpg (219 KB)

3. Տիգրան Բարսեղյան

Տարեսկզբին նոր ակումբ տեղափոխված Տիգրան Բարսեղյանը 12 գոլով դարձավ թիմի լավագույն ռմբարկու, իսկ Ղազախստանի Պրեմյեր լիգայի ռմբարկուների ցանկում 6-րդն էր: Թեև «Կայսարը» Պրեմյեր լիգան ավարտեց աղյուսակի միջնամասում, այդուհանդերձ, գավաթի խաղարկությունում թիմը կարողացավ հերոսանալ: Տիգրան Բարսեղյանը դարձավ գավաթակիր՝ անմիջական ներդրում ունենալով հաղթանակների մեջ: Անմոռանալի էր կիսաեզրափակիչում «Տոբոլին» խփած տուգանայինից խելահեղ գոլը և վերջին րոպեին իրացրած 11 մետրանոցը, որը դռներ բացեց դեպի եզրափակիչ: Իսկ եզրափակիչում նա 120-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Դուման Նարզիլդաևին, որը շքեղ գոլով հաղթանակ պարգևեց թիմին: Բարսեղյանը բավականին արդյունավետ էր գործում նաև հավաքականում և առաջատարության հայտ ներկայացնում: Տիգրան Բարսեղյանը, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանը և Ալեքսանդր Կարապետյանը նախորդ տարի հավաքականի կազմում դարձան երեքական գոլի հեղինակ, ինչը լավագույն ցուցանիշն էր:

Լավագույն մարզիչ

1.Վարդան Մինասյան

Հայաստանի բազմակի տարվա լավագույն մարզիչ Վարդան Մինասյանին այս տարի էլ կարծես ոչինչ չի խանգարի նվաճել մրցանակը: Մարզչական աշխատանքին վերադարձած մասնագետը նորեկ թիմի հետ առաջին փորձից հասավ չեմպիոնության, ապաև՝ սուպերգավաթակրի կոչմանը: Հայաստանում բազմիցս բոլոր հնարավորտ տիղոսները նվաճած, առավել ևս հավաքականի հետ զանազան թոհուբոհի միջով անցած մասնագետի համար հազիվ թե հայաստանյան նվաճումների կրկնությունը մեծ բավարարվածություն պարգևած լիներ: Վարդան Մինասյանի հետ կապվում էին մեծ հույսեր, որոնցից տեղականները մեծապես իրականություն դարձան, բացառությամբ՝ գավաթի: 

Չեմպիոնությունից հետո սկիզբ առած եվրագավաթները դրամատիկ վերջաբան ունեցան՝ համատեղությամբ համարվելով պատմական: Եվրագավաթների մասնակցության առաջին փորձը կատարյալ դարձնելու համար վերջին փոքրիկ քայլը պակասեց, բայցևայնպես, Մինասյանը դարձավ առաջինը մարզիչը, որը եվրագավաթներում կարողացավ հասնել փլեյ-օֆֆ: 2019-2020 մրցաշրջանում Վարդան Մինասյանը «Արարատ-Արմենիային» հարվածային մեկնարկ ապահովեց, սակայն մինչև առաջնության դադարը փոքր-ինչ զիջեց դիրքերը, այնուամենայնիվ, մնալով չեմպիոնության գլխավոր հավակնորդը:

Minasyan.jpg (143 KB)

2-3. Որքան հստակ էր առաջին տեղի մասին պատկերացումները, այնքան մշուշոտ են 7 մարզիչների միջև հաջորդող տեղերի ընտրությունը: Այստեղ տեղ են գտել նախորդ առաջնության մեդալակիր մարզիչները, գավաթակիր մարզիչը, հավաքականի մարզիչը և երեք մարզիչներ, ովքեր, թեև նվաճումներ չունեն, բայց գնահատված են աշխատանքի համար:

Աբրահամ Խաշմանյանը 7 թեկնածուներից միակն է, որն ունի նվաճում, սակայն «Ալաշկերտին» գավաթի խաղարկության եզրափակիչ հասնելուն նպաստել է նաև նախորդ մարզիչը: Կան երկու թիմերի հետ մեկ տարում խզված պայմանագրեր և հավաքականի հետ անհաջող խաղեր, թեև սլաքները միայն մարզիչի կողմն ուղղելը ճիշտ չի լինի: Կա պարտված Սուպերգավաթ «Արարատ-Արմենիայի» հետ և կա Եվրոպա լիգայում պատվով մասնակցություն՝ երկու խաղերի արդյունքով նախադեպը չունեցող խոշորագույն հաղթանակ առաջին փուլում և արտագնա գեղեցիկ հաղթանակ ուժեղ մրցակցի նկատմամբ երկրորդում:

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ կարողացավ հաղթել հույներին, այն էլ՝ արտագնա խաղում, Բոսնիա և Հերցեգովինային նույնպես հաջողվեց առաջին անգամ ծնկի բերել: Սակայն եղան ցավալի պարտություններ և Լիխտենշտեյնին սովորական դարձած միավորներ նվիրելը, որը գործնականում նշանակում էր մեծ նպատակների վրա խաչ քաշել: Իսկ վերջին երկու խաղերից առաջ թիմին անգլուխ թողնելը և անհասկանալի հրաժարականը դեռ շարունակում է մնալ այդպիսին:

Ալեքսանդր Տարխանովը «Փյունիկին» գրեթե չեմպիոնության հասցրեց և գեղեցիկ խաղ ձեռագործեց: Հասավ մինչև Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ՝ կրկնելով նախորդ տարվա ցուցանիշը: Այդ ամենին հետևեց առաջնության առաջին հատվածի ձախողումը, ինչն այս դեպքում ևս միայն մարզիչով պայմանավորելը ճիշտ չի լինի: Տարխանովի պաշտոնավարումը կասեցվեց, որից հետո, սակայն, առանձնակի արդյունավետ բեկում չնկատվեց:

Tarxanov.jpg (229 KB)

«Ուրարտուի» հետ բրոնզե մեդալակիր դարձած Իլշատ Ֆայզուլինը վաղուց Հայաստանում չէ: Նրա աշխատանքի հետ կապված դրականը կարող է հնչել բրոնզե մեդալակիր լինելը և գուցե հաջող ընթացող գավաթի խաղարկության՝ ոչ իր մեղքով ընդհատվելը: Մեդալակիր դառնալուց հետո եվրագավաթային խոշոր պարտությունները և առաջնության տապալումը ռուս մասնագետի պաշտոնավարումը նույնպես կասեցրեց:

Կան ևս երեք թեկնածուներ՝ Դավիդ Կամպանյան («Լոռի»), Արմեն Ադամյանը («Ալաշկերտ») և  Վարդան Բիչախչյանը («Շիրակ»), որը նախորդ առաջնությունը 7-րդ տեղում ավարտեց: Ընթացիկ առաջնության առաջին հատվածը նշված մարզիչները պատվով անցկացրեցին և առանձնացան իրենց աշխատանքով: Այս առումով առաջատարը «Լոռիի» իսպանացի մարզիչն է, սակայն որքանով է առաջնության միջնամասը ցուցիչ և ինչպիսի արդյունք կլինի առաջնության ավարտին, հայտնի կդառնա տարվա լավագույններին ընտրելուց ամիսներ անց: Այսպիսով, հստակ է մեկ բան՝ տարվա լավագույնը Վարդան Մինասյանն է:

Արեգ Մուրադյան

Ֆոտո՝ ՀՖՖ, «Փյունիկի», «Արարատ-Արմենիայի» ծառայություն




Լուրեր թեմայից