Լրահոս

Դավիթ Մանոյան. Վստահ եմ՝ այն, ինչ կատարվում էր «Նոայում», «Շիրակում» չի կրկնվի

Գյումրիի «Շիրակի» կազմը համալրած 29-ամյա կիսապաշտպան Դավիթ Մանոյանը TopSports.am-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Երևանի «Նոայից» հեռանալու պատճառների ու նոր թիմ տեղափոխվելու մասին:

«Վերջին երկու ամիսներին «Նոայի» կազմում չխաղալը կապված չի եղել ո՛չ իմ մարզավիճակի, ո՛չ էլ վնասվածքի հետ: Ես լավ մարզավիճակում եմ եղել և լրիվ առողջ: Ամեն անգամ մարզիչներն ինչ-որ պատճառաբանություններ էին բերում և խաղաժամանակ չէին տալիս ինձ: Չխաղալուս պատճառների մասին չեմ ցանկանա խոսել, քանի որ այդ թիմի հետ այլևս ոչ մի կապ չունեմ: Այժմ ինձ շատ լավ եմ զգում: Այսօր «Շիրակի» կազմում առաջին մարզումն եմ անցկացրել: Մինչև տեղափոխությունը մարզվում էի անհատական ծրագրով։

Արտասահման տեղափոխվելու առաջարկներ կային, բայց բոլորի հիմնական հարցը մեկն էր՝ ինչու ակումբիս վերջին խաղերում չեմ խաղացել: Դժվար էր մարդկանց բացատրել իրական պատճառները: «Շիրակն» ինձ հետ կապի մեջ է եղել դեկտեմբերի սկզբից, սակայն վերջնական որոշում եմ կայացրել 2 օր առաջ: Վստահ եմ՝ այն, ինչ կատարվում էր իմ նախորդ ակումբում, այստեղ չի կրկնվի, քանի որ ճանաչում եմ մարզչին, և այս թիմում հանդես եկող ֆուտբոլիստներից շատերն իմ ընկերներն են:

Միմյանց հետ շատ ենք զրուցել թիմում առկա մթնոլորտի և խաղային փիլիսոփայության մասին: Մինչև առաջին պաշտոնական խաղը բավականին ժամանակ ունեմ մարզավիճակս բարելավելու համար:

Հայաստանի ազգային հավաքական վաղուց չեմ հրավիրվում: Չեմ հրավիրվել անգամ այն ժամանակ, երբ կայուն ֆուտբոլ էի ցուցադրում: Վարդան Բիչախչյանը վստահում է ինձ, և ես պետք է արդարացնեմ նրա սպասելիքները»,- ասաց Դավիթ Մանոյանը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում Մանոյանը խաղում էր Երևանի «Նոայում»: Դեկտեմբերի սկզբնամասում 29-ամյա ֆուտբոլիստը երկկողմանի համաձայնությամբ խզել էր երևանյան ակումբի հետ պայմանագիրը։

Վերոնիկա Բեկնազարյան




Լուրեր թեմայից