Լրահոս

Չավին պատմել է, թե ինչու է հրաժարվել գլխավորել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան, Քաթարի «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը պատմել է, թե ինչու է մերժել կատալոնական ակումբը գլխավորելու առաջարկը:

«Այո, ես առաջարկ ստացել եմ «Բարսելոնայից», սակայն չեմ ընդունել այն: Ինձ համար դեռ վաղ է մարզել «Բարսելոնան», բայց երազում եմ ապագայում գլխավորել թիմը»,- 39-ամյա իսպանացու խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնայի» սան է և մինչև 2015 թվականը խաղում էր կատալոնացիների գլխավոր թիմում: 2015-ին նա տեղափոխվեց «Ալ-Սադ», իսկ 2019-ի հունիսի 1-ից զբաղեցնում է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը:

Օրեր առաջ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ էր նշանակվել իսպանացի մասնագետ Կիկե Սետյենը, որը փոխարինել էր Էռնեստո Վալվերդեին և 2.5 տարվա պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ: Նախկինում 61-ամյա մարզիչն աշխատել է նաև իսպանական «Լաս-Պալմասում», Սանտանդերի «Ռասինգում» ու Հասարակածային Գվինեայի հավաքականում։ Մարզչական կարիերայի ընթացքում Սետյենը տիտղոս չի նվաճել:




Լուրեր թեմայից