Լրահոս

Պիտեր Շիլթոն․ Չեմ հարգում Մարադոնային․ նա խաբել է մեզ

Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Պիտեր Շիլթոնը հայտարարել է, որ չի հարգում արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային, որն իր պաշտպանած դարպասը գրավել է 1986թ. աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։ Այդ խաղում Մարադոնան հեղինակել էր հանրահայտ ձեռքով գոլը։

«Կան ֆուտբոլիստներ, որոնք խաբում են, սակայն հետո ընդունում և խոստովանում են դա։ Մարադոնան մտադիր չէ ներողություն խնդրել, այնպես որ ես չեմ սեղմի նրա ձեռքը։ Նույնիսկ չեմ նայի նոր կողմը։ Միշտ ասել եմ, որ Մարադոնան պատմության լավագույն ֆուտբոլիստն է, սակայն ես նրան չեմ հարգում որպես մարզիկ և երբեք չեմ հարգի։

Խաղի այդ դրվագում ես արեցի այն, ինչ կարող էի։ Հայտնի լուսանկարում պարզ երևում է, որ ես գնդակին ավելի մոտ էի, քան նա։ Ահա, թե ինչու նա ձեռքով հարվածեց գնդակին։ Նա խաբեց մեզ և դրա պատճառով տուժեցի ոչ միայն ես, այլ նաև Անգլիայի հավաքականը։

Այսօր շատերը բողոքում են VAR-ից, բայց մեզ համար այդ դրվագում ճիշտ կլիներ այս համակարգի գործածումը։ Մարադոնան անուղղակիորեն խոստովանել է, որ խաբել է՝ ասելով, որ դա Աստծո ձեռքն էր, բայց նա ներողություն չի խնդրել և ոչ էլ զղջացել է»,- Շիլթոնի խոսքը մեջբերում է The Sun-ը։

Հիշեցնենք, որ այդ խաղում Արգենտինայի հավաքականը 2։1 հաշվով հաղթել էր Անգլիայի թիմին և դուրս եկել կիսաեզրափակիչ, այնուհետև նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը:




Լուրեր թեմայից