Լրահոս

Օլիմպիական դրոշի «հայկական» անցյալը

IsaBell
կայքում

Երբևէ մտածել եք, թե ինչ ճակատագիր են ունեցել խոշոր միջոցառումների կարևորագույն խորհրդանիշները:

Իմ մտքով էլ չէր անցել մտածել այդ ուղղությամբ, մինչև այս պահը:

Տարին օլիմպիական է, առջևում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Տոկիոյում, որոնք խոստանում են լինել տեխնիկապես ամենազարգացածը, բայց հիմա խոսքը դրա մասին չէ:

Վստահ եմ՝ շատերդ Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողություններին հետևել եք: Տեսել եք, որ դրանց ժամանակ պաշտոնապես բարձրացվում են ընդունող երկրի և Օլիմպիական խաղերի պաշտոնական դրոշը (սպիտակ, վրան օլիմպիական հինգ օղակները, որոնք խորհրդանշում են մայրցամաքները, իսկ իրաի մեջ անցկացված լինելը խորհրդանշում է միասնություն):

Օլիմպիական դրոշը ստեղծվել է 1914 թվականին և ներկայացվել է ժամանակակից Խաղերի հիմնադիր Պիեր դե Կուբերտենի կողմից և նույն թվականին հաստատվել է Փարիզում կայացած ՄՕԿ-ի կոնգրեսի ժամանակ:

Առաջին անգամ այն բարձրացվել է 1920 թվականի Անտվերպենում (Բելգիա) կայացած ամառային Խաղերի ժամանակ և հենց այդտեղից էլ անհետացել է:

Պատկերացնո՞ւմ եք Միջազգային օլիմպիական կոմիտեի վիճակը: Նրանք ևս մեկ դրոշ կարեցին, որը ծառայեց մինչև 1988 թվականը, դրանից հետո այն ի պահ տրվեց Օլիմպիական թանգարանին, որը գտնվում է Լոզանում:

Մինչև կյանքն ընթանում էր բնական հունով, այսպես ասած «օրիգինալ» դրոշը գտնվում էր հայ ջրացատկորդ, 1920 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (10 մետր) Հալ Հայգ Փրսիթի մոտ:

1.jpg (67 KB)

Ի՞նչ էր եղել իրականում

Անտվերպեն-1920-ի ժամանակ Հայգը մագլցել է 15 ոտնաչափ սյան վրա և գողացել դրոշը: Իհարկե, ինչպես հետագայում նա է պատմել, դա եղել է փոքրիկ չարաճճիություն:

Այն մասին, որ դրոշն ունի պատմական նշանակություն և ՄՕԿ-ը դրա անհետանալը անդառնալի կորուստ է համարում, Հայգն իմացել է միայն 1997 թվականին ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեի կազմակերպած պաշտոնական ճաշի ժամանակ, երբ լրագրողը նրա հետ հարցազրույցում հիշատակում է այդ դրոշի մասին:

«Կարծում եմ, այն չպետք է այլևս այստեղ լինի: Մարդիկ ինձ շնորհակալ կլինեն այն վերադարձնելու համար, ոչ թե ինձ մոտ պահելու»,- ասել է Հայգը և պայուսակից հանել դրոշը:

Հայգը դրոշը վերադարձրել է ՄՕԿ-ին 2000 թվականի Սիդնեյի Օլիմպիական խաղերի ընթացքում կազմակերպված հատուկ արարողությանը: Այդ ժամանակ նա 103 տարեկան էր և վատ լսողություն ուներ: Ի շնորհակալություն նրա քայլի, ՄՕԿ-ի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը Հայգին պարգևատրել է ՄՕԿ-ի խորհրդանշական մեդալով: Տեսնելով տուփը՝ Հայգը հարցրել է. «Սա ի՞նչ է, անձեռոցի՞կ»:

Դրոշը հանձնվել է ՄՕԿ-ի թանգարանին: Այժմ դրա դիմաց դրված տախտակին գրված է «Շնորհակալություն Հալ Հայգ Փրեսթին նվիրատվության համար»:

Մեր հերոսը

Հալ կամ Հարրի Հայգը ծնվել է 1896 թվականի նոյեմբերի 23-ին Ֆրեզնոյում: Ընտանիքի անդամները գաղթել էին Արևմտյան Հայաստանից դարասկզբի հայտնի դեպքերի հետևանքով: Նրա հայրը հագել է կանացի հագուստ, որպեսզի թուրքերը չհասկանան, որ նա տղամարդ է, քանի որ կանանց և երեխաներին բաց էին թողնում, և այդպես կարողացել են փախչել ԱՄՆ: Նա ուներ մեծ եղբայր, իսկ մայրը հղի էր: Ծնվելու էր Հայգը: Իրական ազգանունը Քեշիշյան էր:

Նա ջրացատկորդ էր:

1921 թվականին լողորդ Դյուկ Կահանամոկուի հրավերով մեկնել է Հավայի, որտեղից Կալիֆորնիայի ափեր է վերադարձել սերֆինգի տախտակով: Շատերի պնդմամբ՝ տեղացիները սերֆինգի մասին իմացան հենց Հայգի շնորհիվ: Ի դեպ, սերֆինգն այլևս օլիմպիական մարզաձև է:  

Հումորի լավ զգացում է ունեցել: Համր ֆիլմում կերպարանավորել է Քեյսթոն Քոփսին: Ընդհանուր առմամբ, խաղացել է 25 ֆիլմերում: Նրա խոսքով, Չարլի Չապլինը եղել է նրա ընկերը: Հայգը հանդես է եկել Բրոդվեյում: Աշխատել է նաև կրկեսում: Ինչպես նաև սեր է ունեցել չմուշկի հետ:

100 տարեկան հասակում Հայգը մասնակցել է Ատլանտա-1996 ամառային Օլիմպիական խաղերի փոխանցումավազքին:

Մեր հերոսն ապրել է մինչև 104 տարեկանը: Ասում են, որ նա մարզվել է մինչև կյանքի վերջին օրը: Սիրել է մարդկանց ուրախացնել և ժպիտներ պարգևել:

Կենդանության օրոք եղել է ամենաերկարակյաց օլիմպիական մեդալակիրը:

Առաջին և դեռևս միակ օլիմպիականը, որն ապրել է 3 դարերում:

Մահացել է 2001 թվականի ապրիլի 19-ին: Մարմինն ամփոփված է Կալիֆորնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում:

 

Հ.Գ. «Մենք կորցրինք Ամերիկայի միացյալ նահանգների ամենասիրած օլիմպիական մարզիկին: Նա և նրա ապրած կյանքը ոգեշնչող են եղել մեզ համար»,- Հայգի մահվան լուրը լսելուց հետո ասել է ԱՄՆ օլիմպիական կոմիտեի նախագահ Սանդրա Բալդուինը:

 

Հ.Գ.Գ. Եվ վերջում կիսվում եմ Ձեզ հետ անվանի հայի կյանքի փիլիսոփայությամբ.

«Կառավարիր մտքերդ: Ճիշտ միտածողությունը վարպետություն է: Հանգստությունը ուժն է, որ կա: Ազնիվ էությունը պատահականություն չէ»:

 

Սիրով՝ IsaBella  

2.jpg (78 KB)