Լրահոս

65-ամյա լեգենդի ֆուտբոլային ուղին

Խորեն Հովհաննիսյանը հունվարի 10-ին նշում է ծննդյան 65-րդ տարեդարձը: Լեգենդար ֆուտբոլիստի անցած փառահեղ ուղին նրան դասեց երբևէ ծնված հայ ֆուտբոլիստների ամենաների վերին շարքում:                                  

                                        Երազանքի մեկնարկը

x1.jpg (387 KB)

1964 թվականին «Смена» պարբերականը սկիզբ դրեց առաջնության 11 լավագույն նորեկներին մրցանակ հանձնելուն, որը գործեց մինչև 1975թ.: Մրցույթի անցկացման վերջին տարում Խորեն Հովհաննիսյանն արժանացավ «Մրցաշրջանի լավագույն նորեկ» մրցանակին: Մինչև այդ Խորեն Հովհաննիսյանի մուտքը մեծ ֆուտբոլ կայացել էր «Բավարիայի» հետ Չեմպիոնների գավաթի 1974/1975 խաղարկության 1/4 եզրափակիչի պատասխան խաղում: 20-ամյա ծագող աստղը ֆուտբոլային առաջին քայլը կատարեց՝ 64-րդ րոպեին փոխարինման դուրս գալով վնասվածք ստացած Նիկոլայ Ղազարյանի փոխարեն: Երիտասարդ Խորենի նորամուտը ԽՍՀՄ առաջնությունում կայացավ Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» հետ խաղում, իսկ առաջին և հաղթական գոլը նա խփեց Դոնեցկի «Շախտյորին»:

Ընդհանուր առմամբ, Խորեն Հովհաննիսյանը 1975 թվականի առաջնությունում 24 խաղ անցկացրեց և դարձավ 4 գոլի հեղինակ: Հունիսի գոլերը չսահմանափակվեցին դոնեցկյան ակումբին տխրեցնելով: Խորեն Հովհաննիսյանը կրկնապատկեց հաշիվը Լենինգրադում կայացած «Զենիթի» հետ խաղում, և այդ գոլը մեծապես օգնեց 2:1 հաշվով հաղթել մրցակցին: Հաջորդ տուրում նա հավասարեցրեց հաշիվը Մոսկվայի «Տորպեդոյի» հետ մրցավեճում և մեկ միավոր պարգևեց թիմին: Եվս մեկ գոլ հեղինակվեց «Զենիթի» հետ սեպտեմբերյան խաղում, որտեղ երիտասարդ ֆուտբոլիստը, վերջին րոպեին աչքի ընկնելով, իր անունը և վերջնական արդյունքը վառեց լուսատախտակին ՝ 4:2:

Տարվա գլխավոր իրադարձությունները հայ երկրպագուների համար մեծապես տեղի էին ունենում գավաթի խաղարկությունում, որը պետք է նաև հարազատ թիմի հետ վերջին նվաճած բարձունքը դառնար: «Արարատը» Վիկտոր Մասլովի հետ գավաթային պայքարը սկսում էր 1/16 եզրափակիչից, որտեղ Խորեն Հովհաննիսյանը փոխարինման մտավ 68-րդ րոպեին: Երևանյան ակումբը 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Կույբիշևի «Կռիլյա Սովետովի» նկատմամբ և հաջորդ փուլում խաղալու էր Լվովի «Կարպատների» հետ: Խորեն Հովհաննիսյանը 78-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ այդ խաղում, որը լրացուցիչ ժամանակով նշանավորվեց: Զրոներ էր վառվում լրացուցիչ ժամանակից րոպեներ առաջ, սակայն Էդուարդ Մարկարովի իրացրած 11 մետրանոցը թույլ չտվեց, որ գործը հասնի հետխաղյա հարվածաշարին:

Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ քառորդ եզրափակիչի խաղում Խորենն այս անգամ մեկնարկային կազմում էր, որը կրկին տևելու էր 120 րոպե: Հովհաննիսյանին 106-րդ րոպեին փոխարինեց Լևոն Իշտոյանը, իսկ «Արարատը» հետխաղյա 11 մետրանոցներով կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց: Հանդիպման հերոսը դարձավ դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը, որը հետխաղյա փրկությունից բացի, լրացուցիչ ժամանակի վերջին րոպեներին հետ մղեց իր դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը:

Վնասվածքի պատճառով Խորեն Հովհաննիսյանը բաց թողեց կիսաեզրափակիչ խաղը «Զենիթի» հետ, իսկ եզրափակիչին մարզիչը չօգտագործեց երկու փոփոխության հնարավորությունը և պահեստայինների նստարանին մնաց նաև Խորենը, սակայն դա չխանգարեց արարատցիներին նվաճել ԽՍՀՄ գավաթը:

Երիտասարդական հավաքականի մարզիչ Վալենտին Նիկոլաևի համար ևս աննկատ չմնաց Խորենի խաղը և 20-ամյա ֆուտբոլիստը սկսեց հրավիրվել հավաքական: Հովհաննիսյանը մասնակցեց մի շարք ստուգողական հանդիպումների՝ պատրաստվելով Թուրքիայի երիտասարդականի հետ Եվրոպայի առաջնության անցումային խաղերին: «Չեռնոմորեցի» հետ նորամուտի ընկերական խաղից հետո նա մասնակցեց Իրանի ազգային և երկրորդ հավաքականների, Գերմանիայի Դեմոկրատական հանրապետության, Լեհաստանի հասակակիցների հետ և մի շարք այլ ստուգողական խաղերի: Սա նախերգանքն էր ամիսներ անց իրականություն դարձած փառահեղ նվաճմանը:                             

                                Եվրոպայի չեմպիոնները

x2.jpg (58 KB)

Ֆուտբոլային փայլուն մեկնարկը շարունակություն ստացավ միջազգային հարթակներում: Եվրոպայի չեմպիոնության համար պայքարի ճանապարհը ԽՍՀՄ հավաքականի համար անցնելու էր Թուրքիայով: ԽՍՀՄ հավաքականն, առաջին խաղում պարտվելով 1:2 հաշվով, պատասխան խաղում հնարավորություն չտվեց մրցակցին՝ հաղթելով 3:0:

Նախընտրական փուլի առաջին խաղում հայ ֆուտբոլիստներից թիմի ավագի կարգավիճակով մեկնել էր Արմենակ Սարգսյանը, իսկ պատասխան խաղում միացավ Նազար Պետրոսյանը, որը սկիզբ դրեց Թուրքիայի հավաքականի ջախջախմանը: Ուղեգիրը նվաճված էր, իսկ այս առաջնությունը վերջինը դարձավ, որն անցկացվում էր մինչև 23 տարիքային շեմով: Այն հետագայում կրճատվեց և սկսեց գործել իբրև Մ-21 առաջնություն:

Թուրքերի արգելքը հաղթահարելուց հետո ԽՍՀՄ երիտասարդական հավաքականին սպասվում էր քառորդ եզրափակիչի երկու հանդիպում ֆրանսիացի հասակակիցների հետ, որի խաղերի տեսագրությունները հասանելի են: «Պարկ դե Պրենսում» Խորեն Հովհաննիսյանը մասնակցեց առաջին խաղակեսին՝ 7 համարի մարզաշապիկով: ԽՍՀՄ երիտասարդները նվազագույն հաշվով պարտվեցին առաջին խաղում:

Պատասխան խաղում Խորեն Հովհաննիսյանը խաղում էր 14 համարի շապիկով և փոխարինման մտավ երկրորդ խաղակեսում, իսկ թիմի ավագ Արմենակ Սարգսյանը 2 խաղերում էլ հարազատ 5 համարով խաղաց առանց փոխարինման: Խորհրդային թիմը հաղթական 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ մտավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը Հոլանդիան էր: 

ԽՍՀՄ երիտասարդները, 3:0 հաշվով հաղթելով առաջին խաղում, կարողացան լավ պաշար ստեղծել պատասխան խաղից առաջ: Խորեն Հովհաննիսյանը մոտ մեկ ժամ անցկացնելուց հետո լքեց խաղադաշտը, իսկ երիտասարդ Բերտ վան Մարվեյկը և ընկերները հարձակման գծում չկարողացան արդյունավետ գործել: Խորեն Հովհաննիսյանը չմեկնեց պատասխան խաղին, որտեղ թեև նրա թիմակիցները պարտվեցին նվազագույն հաշվով, սակայն առաջին խաղի խոշոր հաղթանակի հաշվին շարժվեցին դեպի եզրափակիչ:

Երկու խաղանոց եզրափակիչներում Խորեն Հովհաննիսյանը մասնակցեց միայն արտագնա հանդիպմանը, իսկ մի քանի օր անց կայացած խաղում վնասվածքի պատճառով բացակայեց հայտացուցակից: ԽՍՀՄ հավաքականը հաղթեց 2:1 և, երկու արարատցիներ ունենալով կազմում, դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Ուշագրավ է, որ նույն տարում «Արարատն» ընկերական խաղ անցկացրեց ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի հետ և Խորեն Հովհաննիսյանի մասնակցությամբ հաղթեց 2:1 հաշվով: Երիտասարդական հավաքականում լեգենդար ֆուտբոլիստը մասնակցեց 8 խաղի և դարձավ գոլի 3 հեղինակ:                                      

                                       «Արարատի» զարդը

x3.jpg (46 KB)

1976թ. արծաթե մեդալներ նվաճելուց հետո ավարտվեց «Արարատի» ոսկե դարաշրջանը: Թիմը հիմնականում աղյուսակի միջնամասում էր տեղ գտնում, սակայն դա չէր խանգարում Խորեն Հովհաննիսյանին փայլուն խաղ ցուցադրել, հրավիրվել հավաքական և լինել երկրպագուների կուռքը: Հովհաննիսյանը 111 գոլ հեղինակեց «Արարատի» կազմում և դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկու: Նա հեթ-տրիկի հեղինակ էր դառնում Բաքվի «Նեֆչիի» և Մինսկի «Դինամոյի» հետ խաղերում, պոկեր էր գրանցում Քիշնևի «Նիստրուի» դարպասը և բազմաքանակ դուբլեր հեղինակում:

1979թ. Խորենը 17 գոլով Բլոխինի հետ միասին ռմբարկուների մրցավազքում զբաղեցնում է երկրորդ տեղը: 4 տարի անց նա 15 գոլ է խփում և կիսում լավագույն գոլահարների երրորդ տեղը՝ հետ մնալով լավագույնից 3 գոլով: Բազմաքանակ գոլերի շնորհիվ Խորեն Հովհաննիսյանը դառնում է նաև Գրիգորի Ֆեդոտովի ակումբի անդամ՝ բավականաչափ բարձր տեղ զբաղեցնելով խորհրդային ֆուտբոլիստների շարքում: 1967 թվականին ստեղծված խորհրդանշական ակումբում տեղ են գտնում 100 և ավելի գոլ խփած ֆուտբոլիստները:

«Արարատի» հանրահայտ 8 համարը տեղ էր գտնում նաև 1948 թվականից ամեն տարի ընտրվող 33 լավագույնների ցանկում: Մրցաշրջանի արդյունքներով ընտրվում էր երեք կազմ՝ առաջինից երրորդ տեղերով: Խորեն Հովհաննիսյանը 5 անգամ ընդգրկվեց լավագույն 33-ի մեջ, որը ռեկորդային էր հայկական թիմում խաղացած հայ ֆուտբոլիստների համար: Նա 1980, 1982 և 1983 թթ. տեղ է զբաղեցնում առաջին լավագույն 11-ում, 1979-ին՝ երկրորդում, իսկ 1981-ին՝ երրորդ տեղ գրաված լավագույնների կազմի մեջ:

1982-ին նրա գոլը Բելգիայի դարպասը հաղթեց «Մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլ» անվանակարգում, իսկ հանրահայտ «World Soccer» պարբերականը 1983-ին նրան համարեց ԽՍՀՄ լավագույն կիսապաշտպան:

Անսպասելի ընդհատված աստղային ուղին այլ ընթացք հաղորդեց նրա ֆուտբոլային կյանքին, սակայն դա չխանգարեց մնալ նույն սիրված Խորիկը: Նա հրավեր է ստանում «Պախտակորից» և ԽՍՀՄ առաջնության առաջին խմբում խփած 9 գոլերի հետ մեկտեղ նվաճում Բարձրագույն խմբի ուղեգիր, որտեղ հասցնում է մասնակցել մի շարք հանդիպումների: Հրավեր ունենալով հունական «Իրակլիսից»՝ 36-ամյա ֆուտբոլիստը հիշում է Կիևի դինամոյականների հետ խաղում ստացած ծանր վնասվածքը, որը կասեցրեց տեղափոխությունը և երկար ժամանակով դուրս թողեց շարքից: Սակայն նա այս անգամ էլ է վերադառնում արդեն որպես խաղացող մարզիչ՝ իր հիմնած «Հոմենտմեն» և «Փյունիկ» ակումբներում:

                                           Ազգային արժեքը

x5.jpg (320 KB)

Լեգենդար 8 համարը, հավաքականի կազմում հանդես գալով, կարծես դարձել էր հայության դեսպանն աշխարհում: Նա իր հետքը թողեց նաև ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի պատմության մեջ: Հավաքականի մարզիչ Անատոլի Բիշովեցը տնային Օլիմպիական խաղերում ապահովել էր Խորեն Հովհաննիսյանի մասնակցությունը, սակայն ոչ բոլոր խաղերին դուրս բերեց խաղադաշտ: Հայ ֆուտբոլիստը 3 խաղ անցկացրեց և դարձավ երկու գոլի հեղինակ: Երկու օրվա տարբերությամբ անցկացվող խմբային փուլի խաղերից Խորենը մասնակցեց Վենեսուելայի հետ հանդիպմանը և իր անվան դիմաց գոլ գրանցեց: Հաջորդ խաղում Հովհաննիսյանը դուրս եկավ խաղադաշտ Քուվեյթի հետ 1/4 եզրափակիչի խաղում, որին հաջողվեց հաղթել և մտնել կիսաեզրափակիչ:

Չնայած Խորեն Հովհաննիսյանի հավաստիացումներին, որ ուղեղի ցնցումից հետո նա պատրաստ է կիսաեզրափակիչին, Անատոլի Բիշովեցը Խորենին դաշտ դուրս չբերեց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության դեմ խաղում, իսկ նրա թիմը պարտվեց նվազագույն հաշվով: Գլխավոր մարզիչը մեկնարկային կազմում նրան ընդգրկեց Հարավսլավիայի հետ 3-րդ տեղի համար խաղում և Խորեն Հովհաննիսյանը գլխի հարվածով դարձավ գոլի հեղինակ և օլիմպիական բրոնզե մեդալներ պարգևեց հավաքականին:

Ազգային հավաքականում Խորեն Հովհաննիսյանը խաղաց 34 խաղ և դարձավ 6 գոլի հեղինակ: Նա ընտրական փուլում դուբլ ձևակերպեց Իսլանդիայի հետ խաղում, իսկ աշխարհի առաջնության խմբային փուլում գեղեցիկ գոլով աչքի ընկավ Բելգիայի հետ մրցավեճում:

Հայկական ֆուտբոլի լեգենդը երկու անգամ հավաքականին փրկեց Արգենտինայի հետ երկու արտագնա խաղերում: 1980-ին կայացած հանդիպման ժամանակ նա գոլով պատասխանեց Դիեգո Մարադոնային, իսկ 1982-ին՝ Ռամոն Դիասին: Հաջորդիվ նա պարզապես ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի դեմ:

«Արարատի» կազմում գոլերի և խաղերի տեսագրությունների բացակայության պայմաններում առկա են հավաքականների կազմում Խորեն Հովհաննիսյանի մասնակցությամբ խաղերի տեսագրություններ: Խորեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է շուրջ 20 խաղ լեգենդար ֆուտբոլիստի մասնակցությամբ:

Լեգենդար ֆուտբոլիստին ժամանակավոր մոռացությունից դուրս բերեց նրա 60-ամյակին նվիրված խաղը: ԽՍՀՄ և աշխարհի հավաքականների աստղային վետերանների հետ հայկական ֆուտբոլի լեգենդը վերջին անգամ դուրս եկավ խաղադաշտ: Աշխարհի լավագույն աստղաբույլում լեփ-լեցուն ստադիոնն ուներ իր աստղը, որի հավերժական փայլը հազիվ թե երբևէ մարի:

Խորեն Հովհաննիսյանն արժանացավ 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, պարգևատրվեց «Մովսես Խորենացի» հուշամեդալով և մշտապես հրավիրվում էր լեգենդների հրաժեշտի խաղերին, սակայն լավագույնս նրա մասին նկարագրում էր իր անունը՝ պարզապես Խորիկը: Շնորհավոր տարեդարձդ, լեգենդ:

Արեգ Մուրադյան




Լուրեր թեմայից