Լրահոս

Սերգեյ Միքայելյան. Սպարտակի համար Օլիմպիական խաղերն առաջին լուրջ մրցումներն են լինելու

Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայանալիք ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ՝ դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը:

16-ամյա մարզիկը մրցավայր կմեկնի մարզիչ Սերգեյ Միքայելյանի հետ, որը TopSports.am- թղթակցի հետ զրույցում խոսել է իր սանի մարզավիճակի և սպասելիքների մասին:

«Սպարտակի համար ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերն առաջին լուրջ մրցումներ են լինելու: Դրա համար նրանից ինչ-որ մեծ սպասելիքներ չունենք: Կարևորն այն է, որ մասնակցի ու հնարավորինս լավ դրսևորի իրեն:

Այս ստուգատեսից հետո պարզ կդառնա այլ մրցումներում նրա մասնակցությունը: Ես՝ որպես մարզիչ, կփորձեմ ամեն կերպ օգնել նրան: Բավականին լավ մարզավիճակում է: Երկու ամիս մարզվել է Ֆինլանդիայում: Տեսնենք՝ ինչ արդյունքներ ցույց կտա:

Ամենայն հավանականությամբ, մրցավայր կմեկնենք հունվարի 17-ին: Ուժեղագույն մարզիկներն այժմ մարզվում են Աշոցքում: Ճիշտ է, Հայաստանում տարբեր տեղեր կան մարզվելու համար, բայց այս պահի դրությամբ լավագույններն Աշոցքից են: Հայաստանում դահուկասպորտի զարգացման համար ներդրումներ կատարում է միայն մեր երկրի դահուկային մարզաձևի ֆեդերացիան: Պետական աջակցության մասին միայն հույսեր կարող ենք փայփայել»,- ասաց Սերգեյ Միքայելյանը:

Հիշեցնենք, որ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2020 թվականի հունվարի 9-22-ը։ Հանդես կգան 15-18 տարեկան 1880 մարզիկներ ավելի քան 70 երկրներից:

Սպարտակ Ոսկանյանը հանդես կգա արագավազքում և 10 կմ դասական ոճում։ Լոզան-2020-ի բացման արարողության բոլոր տոմսերը սպառվել են վաճառքի մեկնարկային օրը:

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի բոլոր մարզական իրադարձությունների և պարգևատրման արարողությունների մուտքը կլինի ազատ: Կազմակերպիչները որոշել են նաև հրաժարվել փակման արարողությունից, որին կփոխարինի Լոզանի կենտրոնում անցկացվելիք դիսկոտեկը:

Վերոնիկա Բեկնազարյան




Լուրեր թեմայից