Լրահոս

Լևոն Արոնյանի լավագույն մրցախաղերը և մրցաշարերը 2019-ին (ֆոտոշարք)

Լևոն Արոնյանի համար 2019-ը մրցանակներով ոչ այդքան հարուստ էր, ինչպես լինում էր նախկինում, սակայն առկա էին վառ մրցախաղեր և երկու հաղթական մրցաշարեր: Հայկական շախմատի առաջատարի համար, սակայն, գլխավոր խնդիրը Հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելն էր: Մրցաշարի ուղեգրերի համար պայքարի բոլոր միջոցները սպառելուց հետո Արոնյանի վերջին հույսը մնացել էր Wild Card-ը: Լևոնը կարողացավ 2019թ. փետրվարից մինչև 2020թ. հունվարն ընկած ժամանակահատվածում ապահովել պահանջվող տեղը լավագույն տասնյակում և հուսալ, որ կազմակերպիչները կընտրեն իրեն, սակայն նրանց ընտրությունը մեծ դժգոհությունների տեղիք տվեց:

Ռուսաստանում անցկացվելիք մրցաշարի կազմակերպիչ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան ընտրեց ռուս գրոսմայստեր Կիրիլ Ալեկսեենկոյին, որը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է հեռավոր 36-րդ տեղը, որևէ լուրջ մրցաշարերի հաղթող չի դարձել և պատահականությանը շատ մոտ պայմաններում հնարավորություն ստացավ Wild Card-ով առաջ շարժվել: Նա Grand Swiss մրցաշարում մի շարք շախմատիստների հետ հավաքեց 7.5 միավոր ու միայն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ առաջ անցավ նույնքան միավոր վաստակած Արոնյանից, որը չորրորդն էր: Այս առթիվ ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ-Վաշյե Լագրավի ներկայացուցիչը նամակ ուղարկեց Ռուսաստանի շախմատի ֆեդերացիա և առաջարկեց անցումային խաղ կազմակերպել ռուս և ֆրանսիացի շախմատիստների միջև՝ Wild Card-ի ուղեգիրը մրցակցային պայմաններում խաղարկելու համար: Սակայն Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը հաջորդ իսկ առավոտյան կտրուկ բացառեց այդ տարբերակը:

«Մրցաշարն անցկացվելու է Ռուսաստանում, այդ պատճառով կազմակերպիչները որոշել են Wild Card-ը տալ ռուսաստանցի գրոսմայստերին: Ֆրանսիայից շախմատիստի կամ ցանկացած այլ խաղացողի մրցաշարին մասնակցելու հարցը բանավեճի առարկա չէ և նույնիսկ չի քննարկվելու»,- հայտարարեց ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը:

Մինչ Հավակնորդների մրցաշարին հրավերով մասնակցելու հարցը շարունակում է քննադատվել և խոսվում է այդ տարբերակը հանելու մասին, լավագույն ցուցանիշներով Մաքսիմ-Վաշյե Լագրավը, ինչպես նաև Լևոն Արոնյանի, Վիշվանաթան Անանդի և Շախրիյար Մամեդյարովի նման շախմատիստների փոխարեն կխաղա երրորդ ռուս շախմատիստը, որի կարիերայի ամենաբարձր վարկանիշը եղել է 2715 միավոր:

Այս տարի Լևոն Արոնյանի մասնակցությամբ դասական շախմատի մրցաշարերում և խաղերում վառ հաղթանակները շատ չէին, սակայն առանձնահատուկ մրցախաղեր, այնուամենայնիվ, գրանցվեցին:

a1.jpg (65 KB)

Grand Swiss մրցաշարի շրջանակում կայացավ Արոնյանի կատարմամբ տարվա հիշարժան դասական մրցախաղերից մեկը: Հայ գրոսմայստերը խաղում էր Վան Հաոյի հետ, որը հետագայում դարձավ մրցաշարի հաղթող և այդպես նվաճեց Հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Հավասար դիրքային վերջնամասում չինացի գրոսմայստերը ոչ ճշգրիտ քայլով Արոնյանի զինվորները դարձրեց անցողիկ, իսկ սեփականը՝ դիմադրության համար ոչ կենսունակ: Վան Հաոն կրեց միակ պարտությունը մրցաշարում, իսկ Արոնյանը միայն լրացուցիչ ցուցանիշներով չկարողացավ գրավել երրորդ տեղը, որը կարող էր օգնել մասնակցել Հավակնորդների մրցաշարին:

a2.jpg (159 KB)
Grand Chess Tour-ից դուրս գալուց հետո Ստավանգերի մրցաշարը, որին նաև անվանում են Altibox Norway Chess կամ պարզապես Norway Chess, կազմակերպվում էր առանձին և յուրահատուկ ձևաչափով: Այն բաղկացած էր դասական շախմատի և բլից մրցաշարերից: Դասական մրցախաղերը ոչ ոքի ավարտելու դեպքում շախմատիստները խաղում էին «Արմագեդոն» ՝ 10 րոպե սպիտակներին հաղթանակի հասնելու համար և 7 րոպե սևերին՝ չպարտվելու համար: Ե՛վ դասական շախմատում, և՛ բլիցում Արոնյանը գրավեց երկրորդ տեղը:

3a.jpg (60 KB)

Դասական շախմատում հաղթանակների սակավության պայմաններում առանձնանում էր Norway Chess Classic-ում սև խաղաքարերով ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին պարզապես ջախջախումը: Լևոն Արոնյանը փոխանակեց թագուհին երկու նավակների դիմաց, ստացավ անցողիկ զինվոր, որի արդյունքում ադրբեջանցի շախմատիստը ստիպված էր հանձնվել արդեն 31-րդ քայլին:

Ուշագրավ էին դասական մրցախաղերում ոչ ոքի գրանցելուց հետո անցկացվող «Արմագեդոն» մրցախաղերը: Արոնյանը մրցում էր ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և, օգտվելով վերջինիս անփույթ խաղից, մատ հայտարարեց, ինչից հետո հիասթափված ամերիկացին առանց ձեռքսեղման հեռացավ սեղանից:

Դասական մրցախաղում հաղթողին չպարզելուց հետո Արոնյանը և ռուս Ալեքսանդր Գրիշչուկը ստիպված էին անցնել խելահեղ «Արմագեդոնի» միջով: Տրամադրության տակ վայրկյաններ թողած շախմատիստները կայծակնային արագությամբ էին փորձում խաղալ, սակայն ռուս շախմատիստի ձեռքն ավելի դանդաղ էր, ինչը բերեց ժամանակի սպառման և պարտության:

4a.jpg (70 KB)

Ստավանգերում կայացած Altibox Blitz հատվածում Արոնյանը կրկին փայլուն մրցախաղեր ունեցավ: Մագունս Կարլսեն դեմ մրցախաղի վերջնամասում առկախված մատի վտանգը և ծանր խաղաքարերի կորուստից խուսափելու բարդությունը ստիպեց աշխարհի չեմպիոնին հանձնվել:

5a.png (2.36 MB)

Grand Chess Tour-ի շրջանակում անցկացվող երկրորդ մրցաշարը, որտեղ հաղթեց Լևոնը, անցկացվում էր Ռումինիայում: Այն նույնպես բաժանված էր երկու մասի՝ ռապիդի և բլիցի: Մրցաշարի բազմաթիվ տուրերից հետո ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը և Լևոն Արոնյանը 36 հնարավորից վաստակել էին 20-ական միավոր և պետք է 10 րոպեանոց 2 խաղով որոշեին հաղթողին:

a6.jpg (550 KB)

Առաջին լրացուցիչ մրցախաղում Լևոն Արոնյանը սևերով արագ ոչ ոքիի հասավ, իսկ սպիտակներով առավելության հասավ և դարձավ մրցաշարի հաղթող:

7a.jpg (104 KB)

Grand Chess Tour-ի՝ ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարերից մեկը՝ Saint Louis Rapid & Blitz-ը, հաջող դասավորվեց հայ շախմատիստի համար: Մրցաշարը բաղկացած էր մեկ շրջանով 25 րոպեանոց ռապիդից և երկու շրջանով 5 րոպեանոց բլիցից: Ռապիդ հատվածում Լևոն Արոնյանը սևերով հերթով պարտության էր մատնում ուժեղագույններին: Այդպես սպիտակներով հանձնվեցին իտալացի Ֆաբիանո Կարուանան, ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը, ֆրանսիացի Մաքսիմ-Վաշյե Լագրավը: Առանձնացնելու արժանի էին այս տպավորիչ հաղթանակներից յուրաքանչյուրը, եթե չլիներ նաև Մագնուս Կարլսենի նկատմամբ տարած հաղթանակը սև խաղաքարերով: Աշխարհի չեմպիոնի զինվորների դասավորությունը մոտալուտ անկման էր բերելու և նորվեգացի գրոսմայստերը վերջնամասում մտածելու ժամանակ վերցնելով՝ հանձնվեց:

8a.jpg (153 KB)

Ռապիդին հետևած բլից մրցաշարի վերջին տուրից առաջ Լևոն Արոնյանին մրցաշարում հաղթելու համար կբավականացներ ոչ ոքին: Նա սպիտակներով խաղում էր Մաքսիմ-Վաշյե Լագրավի հետ, իսկ գլխավոր մրցակից Յու Յանյին զուգահեռաբար ընթացող պարտիայում նույնպես սպիտակներով մրցում էր Շախրիյար Մամեդյարովի հետ: Մրցաշարում ադրբեջանցու նկատմամբ տարած բազմաթիվ հաղթանակներից հետո պարզվելու էր, որ հենց Մամեդյարովն էր դառնալու Արոնյանի օգնականը, իսկ հայ շախմատիստը գովաբանելու էր նրան: Լևոնը տանուլ տվեց իր մրցախաղը և հետևում էր չինացի շախմատիստի խաղին: Մամեդյարովը սևերով չպարտվեց և Արոնյանը կես միավորի առավելությամբ դարձավ մրցաշարի հաղթող:

«Բրավո»,- ասաց Լևոնը՝ ողջունելով Մամեդյարովի գրանցած արդյունքը:

London Chess Classic մրցաշարում Լևոնին ևս մեկ անգամ հաջողվեց սևերով հաղթել Մագնուս Կարլսենին, սակայն հետագայում եղան նաև զավեշտալի սխալներ: Ռապիդի աշխարհի առաջնությունում Արոնյանը չնկատեց, որ թագուհին, դնելով ձիու հարվածի տակ, նվիրաբերում է այն:

Հաջող և անհաջող մրցաշարերի տարում Լևոն Արոնյանը, սակայն, իր անցած ուղու գլխավոր բացահայտումներից մեկն իրականացրեց՝ անկեղծանալով, թե ինչպես էր մանուկ հասակում շատ հեշտ լուծում տրված խնդիրները:

Լևոն Արոնյանը տարին ավարտեց Grand Chess Tour-ի շրջանակում Ռումինիայում անցկացված Superbet Rapid & Blitz և ԱՄՆ-ում տեղի ունեցած Saint Louis Rapid & Blitz երկու արագ մրցաշարերը հաղթելով:

Եվ վերջում, Լևոն Արոնյանը սիրելի շան հետ և Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի ուղեկցությամբ շնորհավորում է բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը:

Արեգ Մուրադյան




Լուրեր թեմայից