Լրահոս

Հայաստանի հավաքականների անցած ուղին 2019-ին

Ազգային հավաքական

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար տարին հակասական ստացվեց: Ազգերի լիգայի ստեղծման պատճառով եվրոպական հավաքականները մրցափուլի բոլոր հանդիպումները խաղացին նույն տարում: Նախկինում հավաքականները սկսում էին աշնանը և ավարտում հաջորդ տարվա վերջնամասում: Ավարտին մոտեցող տարում խաղերը սկսվեցին մարտին և ավարտվեցին նոյեմբերին, ինչը նշանակում էր, որ ընտրական փուլի անցկացման ժամանակահատվածը գրեթե կիսով չափ կրճատվել է: Այդպիսով, 2019-ին Հայաստանի հավաքականն անցկացրեց միայն պաշտոնական խաղեր, իսկ տարվա ավարտն ամփոփեց նաև ընտրական փուլը:

Ազգային հավաքականը գլխավորած Արմեն Գյուլբուդաղյանցի համար անցկացրած բոլոր խաղերի կարգավիճակը նույնպես պաշտոնական էր: Ազգերի լիգայից հետո նա անմիջապես մեկնարկելու էր Եվրո-2020-ի ընտրական փուլում: Հետևապես, մարզիչը չուներ փորձարկումների ո՛չ ժամանակ, ո՛չ հնարավորություն, ինչը զգալ էր տալիս նշանակումից ի վեր:

2018թ. ֆեդերացիայում փոփոխություններից հետո սպասվում էր, որ հավաքականը վերջապես կգլխավորի արտասահմանցի անվանի մասնագետ: Չնայած մարզիչների հետ տարվող բանակցություններին և նույնիսկ ծանոթության համար Դե Բիազիի Հայաստան ժամանելուն, հավաքականը վստահվեց հայ մասնագետի: Ազգերի լիգայում Ջիբրալթարի հետ տանը պարտությամբ մեկնարկելով և Լիխտենշտեյնի հետ ոչ ոքիով ավարտելով՝ գլխավոր մարզիչը բարդ իրավիճակում էր հայտնվել և նոր մրցափուլում առավել արդյունավետ լինելու խնդիր ուներ: Ընտրական փուլի նպատակների վերաբերյալ հույսերն ու կարծիքները տարբեր էին: Մի մասը կարծում էր, որ հավաքականը կարող է պայքարել ուղեգրի համար, մյուս մասը գտնում, որ հիմքեր չկան մտածելու մեծ նպատակների մասին: Ընտրական փուլը, միանշանակ, պատասխան չտվեց. հավաքականը և՛ մեկն էր ապացուցում, և՛ մյուսը:

Չկար հստակություն առաջադրանքների և նպատակների հարցում նաև ֆուտբոլի ֆեդերացիայում: ՀՖՖ նախագահը վստահություն էր հայտնում Իտալիային հաղթելու մեջ, տեղակալները զգուշավորություն էին ցուցաբերում, իսկ Արմեն Գյուլդբուդաղյանցը խոսում արժանապատիվ ֆուտբոլ ցուցադրելու մասին: Ի վերջո, հախուռն իրավիճակում հասկանալի չդարձավ, թե իրականում ինչ էին ցանկանում ստանալ հավաքականից: Երիտասարդացնել, պայքարել ուղեգրի համար, բարվոք տեղ զբաղեցնել, կայունացնել խաղը կամ միավորների քանակ ապահովել: Հախուռն ու հատվածական էին նաև ելույթները խաղադաշտում: Արմեն Գյուլբուդաղյանցը հաճախ քննադատության էր արժանանում կազմի և տակտիկական դասավորության հարցում չկողմնորոշվելու համար, որը նաև կարելի էր ստուգողական հանդիպումների բացակայությանը վերագրել: Հավաքականը գարնանը պարտվում էր, ամռանը հաղթում, իսկ աշնանը՝ ցնցումների մեջ ընկնում: Հույներին և հատկապես Բոսնիա-Հերցեգովինային հաղթելուց հետո ուղեգրի համար պայքարելու հնարավորություններ էին բացվել, սակայն Լիխտենշտեյնի հետ հաջորդ իսկ խաղում տեղի ունեցավ արգելակումը, իսկ ֆինների դաշտում պարտությունը զրոյացրեց հնարավորությունները: Մարզիչի հրաժարականը նույնպես հախուռն ստացվեց, ինչպեսև հաջորդ նշանակումը: Աբրահամ Խաշմանյանի` օրեր ղեկավարած թիմն ավելացրեց ևս 2 պարտություն, որից մեկը հավաքականի պատմության մեջ ամենախոշորն էր: Այդուհանդերձ, միավորների ու հաղթանակների քանակով սա լավագույն երկրորդ ընտրական փուլն էր Եվրոպայի առաջնությունում և երրորդ լավագույն ցուցանիշը բոլոր մեկնարկած ընտրական փուլերում, թեև դա չօգնեց խուսափել նախավերջին տեղից:

Ավարտվող տարվանից հուշամատյանում պահպանելու ենթակա են ազգային հավաքականի տպավորիչ հաղթանակները, իսկ մնացածը՝ մոռացության տալու: Անըմբռնելի մոտեցումների և առաջադրանքների պայմաններում Եվրո-2020-ը գուցե կարելի է նկարագրել մեկ բառով՝ աննպատակ: Այս տարի հավաքականի կազմում երեքական գոլ խփեցին Հենրիխ Մխիթարյանը, Ալեքսանդր Կարապետյանը և Տիգրան Բարսեղյանը, մեկական գոլ հեղինակեցին Էդգար Բաբայանը և Հովհաննես Համբարձումյանը, ևս երկուսը Գևորգ Ղազարյանի կատարմամբ էին: Հավաքականի ֆուտբոլիստները շարունակաբար ապացուցում են, որ գրեթե չկան մրցակիցներ, որոնց չի կարող և՛ հաղթել, և՛ պարտվել:

Ազգային հավաքականն անցկացրեց 10 խաղ՝ 3 հաղթանակ, 1 ոչ ոքի և 6 պարտություն արդյունքով: Մրցափուլում հաջողվեց 10 միավոր վաստակել՝ 14-25 խփած և բաց թողած գոլերի տարբերությամբ:

1.jpg (287 KB)

Երիտասարդական հավաքական

Ֆլեմինգ Սերիցլևից հետո երիտասարդական հավաքականը կրկին մարզելու էր արտասահմանցի մասնագետ: Տարեսկզբին հայտարարվեց իսպանացի Անտոնիա Ֆլորեսին Մ-21 հավաքականը վստահելու մասին: Նրան տրամադրվեց երկու ստուգողական հանդիպում՝ ընտրական փուլին նախպատրաստվելու համար: Եթե Ֆլեմինգ Սերիցլևն ուներ Դանիայի երիտասարդական հավաքականը մարզելու երկար տարիների փորձ և պատկերացում կար նրա մասին, ապա Անտոնիո Ֆլորեսի մասին տեղեկություն հայթայթելը նույնքան բարդ էր, որքան գտնելուց հետո հայտնաբերել նրա աշխատավայրերը:

Անտոնիո Ֆլորեսի առաջին խաղը Սլովակիայի հասակակիցների հետ վերածվեց 6 անպատասխան գոլով ջախջախման: Սակայն, ինչպես հետագայում էր պարզվելու, 6 գոլ ընդունելը արտառոց երևույթ չի լինելու երիտասարդականի համար: Այդպես Սլովակիան կրկնեց իր պատմության խոշորագույն հաղթանակ հաշիվը, իսկ հայ երիտասարդները պատրաստվելու էին հաջորդ՝ Երևանում Մոլդովայի հետ ընկերական խաղին: Հայկական թիմը Ռուդիկ Մկրտչյանի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ տարավ մոլդովացիների նկատմամբ: Ընտրական փուլի սեպտեմբերյան մեկնարկը տրվեց երկու պարտությամբ՝ իռլանդացիներից (0:1) և իսլանդացիներից (1:6): Ավելի հաջող էին ստացվում տնային խաղերը, որոնցում թեև պարտություններ էին գրանցվում, սակայն նվազագույն՝ նույն 0:1 հաշվով էին: Այս մրցափուլում հաղթական էր Գյումրիում անցկացված խաղը Լյուքսեմբուրգի հետ: Վատ երազ հիշեցնող մի քանի տարվա վաղեմության նախորդ դիմակայությունում Հայաստանի երիտասարդական հավաքականը միայն մեկ միավոր վաստակեց Լյուքսեմբուրգի հետ: Արտակ Օսեյանի գլխավորությամբ երիտասարդականը տանը 1:1 ավարտեց խաղը, իսկ արտագնա խաղում Կարեն Բարսեղյանի թիմը պարտվեց 0:1 հաշվով: Ռևանշը կայացավ այս տարի, երբ Ռուդիկ Մկրտչյանի և Արթուր Դանիելյանի գոլերի շնորհիվ հաջողվեց հաղթական տրամադրություն հաղորդել Գյումրիին: Հայաստանի Մ-21 հավաքականը երկու անգամ պարտվեց նույն՝ 0:1 հաշվով Իռլանդիային, որին պատմության մեջ հանդիպում էր երկրորդ անգամ: Մինչդեռ կարելի է հիշել Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ Իռլանդիայի հավաքականի տնային ջախջախումը և արտագնա հաղթանակը՝ Մխիթարյանի և ընկերների մասնակցությամբ:

Հայաստանի Մ-21 հավաքականն այս տարի անցկացրեց 6 պաշտոնական խաղեր, որոնցից 5-ում պարտվեց և մեկում հաղթեց, իսկ ընկերականներում գրանցվեց մեկական հաղթանակ և պարտություն: Տարին եզրափակվեց մրցաշարում 3 միավորով՝ գոլերի 3-15 տարբերությամբ:

Հայաստանի Մ-21 հավաքական.jpg (390 KB)

Մ-19 հավաքական

Մինչև 19 տարեկանների հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ էր մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, սակայն դրանք տրամագծորեն տարբեր պատմություններ էին: Ընդհանուր է միայն այն, որ ինչպես 2005-ին, այնպես էլ այս տարի ճակատագրի հեգնանքով Հայաստանի հետ նույն խմբում էին ընդգրկվել ապագա չեմպիոնը և արծաթե մեդալակիրը: Եվրո-2005-ի սխրանքները կրկնել չհաջողվեց: Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեցին անվանի մրցակիցներին, իսկ մրցաշարում միակ գոլը խփեց «Ուրարտուի» ֆուտբոլիստ Արսեն Եղիազարյանը: Չնայած պարտություններին՝ Երևանում կայացած մրցաշարի անցկացումը տոնական տրամադրություն էր ապահովել:

Մրցաշարից հետո Արթուր Ոսկանյանին փոխարինեց ավելի փորձառու Ռաֆայել Նազարյանը, որի հետ տրվելու էր նոր ընտրական փուլի մեկնարկը: Հայաստանի թիմը խոշոր հաշվով պարտվեց բուլղարացիներին և թուրքերին, իսկ Չեռնոգորիայի հավաքականի հետ խաղում կամային հատկանիշներ դրսևորեց և վաստակեց առաջին միավորը: Ռաֆայել Նազարյանի համար հաջող էին Լիբանանի հավաքականի հետ ընկերական կարգավիճակ ունեցող երկու խաղերը, որոնցում գրանցվեցին 5:0 և 2:0 հաշիվները: Պաշտոնական խաղերում այս տարի հաղթանակներ տեղի չունեցան, անցկացրած 6 խաղերից միայն մեկում հաջողվեց չպարտվել: 2019-ը բերեց մեկ միավոր և 5-22 գոլերի տարբերություն:

Մ-19 հավաքական.jpg (174 KB)

Մ-17 հավաքական

Հայաստանի պատանեկան հավաքականը մասնակցություն ունեցավ «Ղազախստանի նախագահի գավաթ» 12-րդ միջազգային ընկերական մրցաշարին: Երկրորդ խմբում ընդգրված էին Ղազախստանի երկրորդ Մ-17 հավաքականը և Տաջիկստանի Մ-16 հավաքականը: Աղվան Այվազյանի գլխավորությամբ հայ պատանիները 2 հանդիպումներից միայն ղազախների երկրորդ թիմի հետ խաղում միավոր վաստակեցին: Հայաստանի Մ-17 հավաքականը 5-6 տեղերի համար խաղաց առաջին խմբի հետնապահ Ղրղզստանի Մ-16 հավաքականի հետ և կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Եվս մեկ իսպանացի մարզիչ Ռուբեն Լեսկանոյի գլխավորությամբ Եվրո-2019-ի ընտրական փուլում հայ պատանիներին հաջողվեց հաղթել Իսլանդիայի հասակակիցներին: Շոտլանդացիների և խորվաթների հետ խաղերում գրանցվեցին պարտություններ և մրցաշարն ավարտվեց գոլերի 1-6 տարբերությամբ: Հիշարժան է Եվրո-2017-ի շրջանակում Իսլանդիայի պատանիների հետ նախորդ հանդիպումը, որտեղ հաղթելու շնորհիվ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ Հայաստանի Մ-17 հավաքականը դուրս եկավ էլիտ ռաունդ:

Մ-17 հավաքական.jpg (276 KB)

Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներից սույն թվականին պաշտոնական խաղերում հաղթանակ չունեցավ միայն Մ-19 հավաքականը: Հրաժեշտ տալով 2019-ին՝ մնում է հաջողություն մաղթել ազգային հավաքականին գալիք տարում մեկնարկող Ազգերի լիգայում, երիտասարդականին մաղթել ընթացող ընտրական փուլի հաջող ավարտ, իսկ պատանեկան հավաքականներին սպասվող հերթական ընտրական փուլերի հաղթահարում:

Արեգ Մուրադյան




Լուրեր թեմայից