Լրահոս

Արթուր Դավթյան. Այս տարին առանձնահատուկ էր ինձ համար

2019 թվականը լավագույններից էր սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Արթուր Դավթյանի համար: Նախ Մինսկ-2019 Եվրոպական խաղերում նա արժանացավ հենացատկի չեմպիոնի տիտղոսին, իսկ հոկտեմբերին Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճեց Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր: 27-ամյա մարմնամարզիկը երրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին և Տոկիո-2020-ում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի մարմնամարզությունում:

Topsports.am-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Դավթյանն ամփոփել է տարին և պատմել, թե ինչպես է պատրաստվում գալիք տոներին:

Ինչպե՞ս եք ծրագրել դիմավորել Ամանորը:

Ծրագրել ենք Ամանորը դիմավորել մեր հայկական ավանդույթներով: Այն նշելու համար չենք պատրաստվում ինչ-որ տեղ գնալ, կլինեմ տանը ընտանիքիս և հարազատներիս հետ:

Ամենալարված, հուզական պահը անցնող տարում:

Կոնկրետ չեմ հիշում, բայց հուզական պահեր ապրել եմ Եվրոպական խաղերի և աշխարհի առաջնության ժամանակ: Լարված վայրկյաններ էին: Յուրաքանչյուր մրցաշարում էլ այդպիսի պահեր լինում են: Եվրոպական խաղերի ժամանակ ավելի ուրախ էի, քանի որ չեմպիոն դարձա, իսկ աշխարհի առաջնությունում, չնայած այդքան էլ գոհ չէի արդյունքներիցս, բայց օլիմպիական ուղեգիր ձեռք բերեցի, այդպիսով զգացողություններս բազմազան էին:

Ի՞նչպիսին էր ձեզ համար Խոզի տարին:

Խոզի տարին շատ լավն էր՝ բավականին հաջող և ուրախ պահերով: Ինձ համար առանձնահատուկ էր այս տարին, քանի որ լույս աշխարհ եկավ դուստրս:

Ո՞ր Նոր տարին է եղել ամենահիշարժանը:

2012 թվականի հունվարի 1-ից մարզադպրոցում մարզվում էի, քանի որ հունվարի 7-ին պետք է մեկնեինք Լոնդոն՝ մասնակցելու Test Event-ին, որպեսզի հավաքեինք օլիմպիական վերջնական միավորները: Բոլորը Նոր տարի էին նշում, իսկ ես քնած էի:

Ի՞նչ երազանք եք պահելու 2020-ը դիմավորելիս:

Ես ունեմ Տոկիո 2020-ի ուղեգիր: Երազանքս կլինի մեդալ նվաճելը: Կապ չունի, թե այն ինչ գույնի կլինի:

Ձեր բարեմաղթանքը գալիք տոների կապակցությամբ:

Ուրախ, հաջողակ և խաղաղ տարի լինի: Ամեն մարդ, ինչ ծրագիր ունի իր բնագավառում, թող իրականացնի և հասնի նպատակներին:

Վերոնիկա Բեկնազարյան




Լուրեր թեմայից