Լրահոս

Սիմոն Մարտիրոսյան. Ավելի ուրախ կլինեի, եթե օլիմպիական ոսկե մեդալը ստանայի Ռիոյում

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն (109 կգ) այս տարի երկրորդ անգամ հաղթեց ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, սակայն 22-ամյա ծանրորդի գլխավոր նվաճման մասին հայտարարվեց տերեվերջին: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ռիո 2016-ի Օլիմպիական խաղերի 105 կգ քաշային կարգի չեմպիոն, ուզբեկ Ռուսլան Նուրոիդինովը դոպինգ օգտագործելու պատճառով կզրկվի ոսկե մեդալից, որը բաժին կհասնի Սիմոն Մարտիրոսյանին:

Topsports.am-ի թղթակցի հետ զրույցում Սիմոնն ամփոփել է տարին և պատմել, թե ինչպես է պատրաստվում գալիք տոներին:

Վերջերս հայտնի դարձավ, որ արժանանալու ես օլիմպիական չեմպիոնի կոչմանը: Քեզ վաղո՞ւց էին տեղեկացրել այդ մասին:

Բավականին վաղ եմ իմացել, որ մրցակցիս դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել և կարժանանամ ոսկի մեդալին, պարզապես սպասում էի պաշտոնական հաստատմանը: Այնպես չի եղել, որ լուրն իմանալուց հետո շատ բուռն եմ արձագանքել, ավելի ուրախ կլինեի, եթե ոսկե մեդալին արժանանայի հենց Ռիոյում:

Ինչպե՞ս ես ծրագրել դիմավորել Ամանորը:

Ամանորը դիմավորելու եմ տանը՝ ընտանիքիս և հարազատներիս հետ: Ինչպես միշտ՝ ավանդույթներով, ավանդական ուտելիքներով:

Ամենալարված, հուզական պահը անցնող տարում:

Որպես այդպիսին՝ ինչ-որ հուզական պահ չի եղել: Կենտրոնացած եմ եղել և հաղթական տրամադրվածությամբ կատարել եմ իմ առջև դրված առաջադրանքները առանց լարվելու:

Ի՞նչպիսին էր քեզ համար Խոզի տարին:

Խոզի տարին շատ հաջող և լավն էր՝ լի մեդալներով:

Ո՞ր Նոր տարին է եղել ամենահիշարժանը։

Ինձ համար հիշարժան են մանկությանս Նոր տարիները, երբ ամեն բան այլ կերպ էիր պատկերացնում. Ձմեռ պապ, Ձյունանուշ…

Ի՞նչ երազանք ես պահելու 2020-ը դիմավորելիս:

Հաջորդ տարին օլիմպիական տարի է: Ունեմ ցանկություն և այն կապված է հենց Օլիմպիական խաղերի հետ:

Քո բարեմաղթանքը գալիք տոների կապակցությամբ:

Թող 2020 թվականը լինի խաղաղության և երջանկության տարի: Գրանցենք միայն հաղթանակներ և սիրով լինենք միմյանց նկատմամբ: Ինչպես ասում են, «լավ բաների տարի լինի» :

Վերոնիկա Բեկնազարյան




Լուրեր թեմայից