Լրահոս

Ռոման Ամոյան. Բենուր Փաշայանի շնորհիվ եմ սկսել սիրել ըմբշամարտը

Բենուր Փաշայանը մեծ ներդրում է ունեցել իմ հաջողություններում: Նրա շնորհիվ եմ սկսել սիրել ըմբշամարտը: Այս մասին Topsports.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Պեկին-2008 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, ՀԱՕԿ նախագահի օգնական Ռոման Ամոյանը՝ անդրադառնալով լեգենդար ըմբիշ Բենուր Փաշայանի մահվանը:

«Խորը ցավով տեղեկացա այդ լուրի մասին: Շատ ափսոս: Չեմ կարողանում հավատալ: Բենուրը մեր ավագ ընկերն էր, նա եղել է իմ էտալոնը: Ես սպորտի մեջ եմ մտել՝ դիտելով Բենուր Փաշայանի մենամարտները: Նրա շնորհիվ եմ սկսել սիրել ըմբշամարտը: Նա իմ կուռքն էր, երկրպագում էի նրան: Միշտ հպարտացել եմ նրանով: Մենք նույն մարզադահլիճում ենք մարզվել, նույն մարզչի՝ Արտյոմ Խաչատրյանի մոտ: Նրա գոտեմարտերը կարելի է միշտ գունավոր պատմել, որպես այդպիսին` նա եղել է վիրտուոզ ըմբիշ: Այդ ժամանակաշրջանում Բենուրի պես ըմբիշ կամ չի եղել, կամ էլ մատների վրա կարելի է հաշվել:

Ցավոք, նա չկարողացավ մասնակցել Օլիմպիական խաղերին և հաղթել, քանի որ 80-ականներին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև Սառը պատերազմ էր, ուղղակի նրա բախտը չբերեց, բայց ես համոզված եմ, որ եթե մասնակցեր, հաղթելու էր: Նա շատ լավ մարդ էր, լավ ընկեր, հասնող, հօգատար: Բենուրին հիշելիս միայն կարելի է առանձնացնել դրականը: Նա մեծ ներդրում է ունեցել իմ հաջողություններում, մշտապես օգնել է իր խորհուրդներով, փորձով, հաղթանակներս նաև նրա շնորհիվ են եղել: Մեր ազգից անվանի մարդ պակասեց, իրոք, ցավալի է: Նրա կորուստը ոչ միայն մարզաշխարհինն է, այլ նաև մեր ամբողջ ազգինը»,- զրույցում ասաց Ռոման Ամոյանը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Բենուր Փաշայանը կյանքից հեռացել էր 60 տարեկանում:

Լեգենդար ըմբիշի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Վերոնիկա Բեկնազարյան

336999.jpg (40 KB)




Լուրեր թեմայից