Լրահոս

Ո՞ր ֆուտբոլային ակումբի նախագահն է ձերբակալվել ԿԳՄՍ փոխնախարարի հետ

Կոռուպցիայի կասկածանքով դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է նաև ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող Երևանի «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչիկ Քանանյանը: Այդ մասին հայտնի դարձավ Topsports.am-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկել նաև Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին և նրա վարորդին: Այդ կապակցությամբ ԱԱԾ-ն հանդես էր եկել հայտարարությամբ: 

«Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից,  կոռուպցիայի  դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը,  նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն  ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:

Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ»,- ասվում է ԱԱԾ-ի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրից հետո «Լոկոմոտիվը» 41 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր է հետ առաջատար «Վեստ Արմենիայից»:




Լուրեր թեմայից