Լրահոս

Էդուարդ Սահակյան. Դեռ չեմ կարող ասել, թե 77 կգ քաշային կարգում ով կմասնակցի Օլիմպիական խաղերին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում դեկտեմբերի 3-4-ը տեղի ունեցած Հայաստանի առաջնությունը, փոխանցում է Topsports.am-ի թղթակիցը:

«Ինքներդ էլ տեսաք, որ յուրաքանչյուր քաշային կարգում կար պայքար, ինչն էլ գեղեցկացրեց այս տարվա առաջնությունը: Հետագա անելիքների մասին կասեմ, որ Եվրոպայի առաջնությունից առաջ ունենք հավաքներ, մրցաշարեր, ինչից հետո միայն կհայտնենք հավաքականի կազմը: Գիտենք, որ ունենք խոցելի տեղեր, կաշխատենք շտկել սխալները և լավ պատրաստվածությամբ մեկնել մրցավայր:

Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արսեն Ջուլֆալակյանը և Արմեն Մելիքյանն ազատված էին այս առաջնությունից: Նրանք վնասվածքներ չունեն. դա կապված էր մեր ռազմավարության հետ»,- ասաց Էդուարդ Սահակյանը:

Հարցին, թե 77 կգ քաշային կարգում ով է Հայաստանը ներկայացնելու Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում, մարզիչը նշեց հետևյալը. 

«Չեմ կարող պատասխանել այդ հարցին: Մարզիչներն այդ հարցը կորոշեն»,- ասաց Սահակյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Կարապետ Չալյանը Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր էր նվաճել 77 կգ քաշային կարգում: Այդ քաշային կարգում է հանդես գալիս նաև Լոնդոնի-2012 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, որը նույնպես հայտնել է Տոկիո-2020-ին մասնակցելու ցանկություն:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցեցին 82 ըմբիշներ՝ 10 քաշային կարգերում: Հայաստանի չեմպիոն դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Արման Բաղդասարյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Վերոնիկա Բեկնազարյան 

Ֆոտո՝ ՀԱՕԿ լրատվական




Լուրեր թեմայից