Լրահոս

Մաքսիմ Մանուկյան. Արդեն որոշված է, թե որ քաշային կարգում եմ պայքարելու

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով, փոխանցում է Topsports.am-ի թղթակիցը:

«Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում դեկտեմբերի 3-4-ը տեղի ունեցած Հայաստանի առաջնության 87 կգ քաշային կարգի եզրափակիչում Մանուկյանը տուշեով հաղթեց Ալբերտ Եղիկյանին: Գոտեմարտի վերջնամասում տպավորիչ գործողություններով առանձնացավ գորգի մրցավարը, որը ցատկ կատարեց տուշեով հաղթանակը արձանագրելու համար: Մրցավարի գործողությունն արժանացավ դահլիճում հավաքված երկրպագուների ծափահարություններին:

«Այս տարվա ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը շատ լավ անցկացվեց: Երիտասարդ մրցակիցներ կային, պայքարն էլ ուժեղ էր: Հետագայում էլ պետք է պայքարենք օլիմպիական վարկանիշի համար, մասնակցենք Եվրոպայի առաջնությանը: Տեսնենք՝ մարզիչը հավաքների ընթացքում ինչ կասի հետագա անելիքների մասին: Այս տարի վնասվածքների պատճառով խնդիրներ ունեցա, բայց հիմա ամեն ինչ նորմալ է: Շատ լավ եմ զգում ինձ: Արդեն որոշված է՝ պայքարելու եմ 87 կգ քաշային կարգում»,- ասաց Մաքսիմ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցեցին 82 ըմբիշներ՝ 10 քաշային կարգերում: Հայաստանի չեմպիոն դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Արման Բաղդասարյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Առաջատար ըմբիշներից առաջնությանը չմասնակցեցին Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արմեն Մելիքյանը, Միհրան Հարությունյանը: 

Վերոնիկա Բեկնազարյան 



Լուրեր թեմայից