Լրահոս

Մալխաս Ամոյան. Դեռ չեմ կարող մտածել օլիմպիական քաշային կարգի մասին

Աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Մալխաս Ամոյանն առաջին անգամ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո լրագրողների հետ զրույցում պատմել է տպավորությունների մասին: «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում դեկտեմբերի 3-4-ը տեղի ունեցած Հայաստանի առաջնության եզրափակիչում Ամոյանը հաղթեց Արմեն Հակոբյանին, փոխանցում է Topsports.am-ի թղթակիցը:

«Առաջին անգամ եմ մասնակցում մեծահասակների Հայաստանի առաջնությանը: Շատ լավ էի պատրաստվել: Հաղթանակներն ինձ հեշտ չտրվեցին, մրցակիցներս բավականին ուժեղ էին: Գորգում մրցակիցներ ենք, գորգից դուրս՝ ընկերներ:

Դեռ չեմ կարող մտածել օլիմպիական քաշային կարգի մասին, հիմա չեմ կարող ոչ իջեցնել քաշային կարգս, ոչ էլ բարձրացնել: Կարելի է ասել, որ մեծահասակների աշխարհի առաջնությանն անհաջող դրսևորեցի ինձ, իսկ հիմա փորձում եմ աշխատել սխալներիս վրա և արդարացնել բոլորի սպասելիքները»,- ասաց Մալխաս Ամոյանը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցեցին 82 ըմբիշներ՝ 10 քաշային կարգերում: Հայաստանի չեմպիոն դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Արման Բաղդասարյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Առաջատար ըմբիշներից առաջնությանը չմասնակցեցին Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արմեն Մելիքյանը, Միհրան Հարությունյանը: 

Վերոնիկա Բեկնազարյան 



Լուրեր թեմայից