Լրահոս

Սլավիկ Գալստյան. Փոխել եմ քաշային կարգս Օլիմպիական խաղերում հայտնվելու համար

63 կգ քաշային կարգում 2019թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է իր հաղթանակը: «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում դեկտեմբերի 3-4-ը տեղի ունեցած Հայաստանի առաջնությունում Սլավիկ Գալստյանը հանդես եկավ 67 կգ քաշային կարգում, իսկ եզրափակիչում հաղթեց Կարեն Ասլանյանին, փոխանցում է Topsports.am-ի թղթակիցը:

«Ինքներդ տեսաք, որ ստացվեց դժվարին պայքար: Միայն վերջին վայրկյաններին ինձ հաջողվեց հասնել հաղթանակի: Մրցակիցս մեծահասակների առաջնությունում երկու անգամ բրոնզե մեդալ է նվաճել, նա, իրոք, շատ ուժեղ է: Կարևորն այն է, որ հաղթեցի: Կարեն Ասլանյանն արժանի մրցակից է: Արդեն տեղափոխվել եմ նոր քաշային կարգ, որտեղ սա առաջին մրցաշարս էր: Փոխել եմ քաշային կարգն Օլիմպիական խաղերում հայտնվելու համար: Ինձ լավ էի զգում, կփորձեմ ավելի շատ մարզվել, որպեսզի լավ արդյունքներ գրանցեմ: Մարզիչների հետ կորոշենք հետագա անելիքները: Շնորհակալություն բոլորին»,- ասաց Սլավիկ Գալստյանը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցեցին 82 ըմբիշներ՝ 10 քաշային կարգերում: Հայաստանի չեմպիոն դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Արման Բաղդասարյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Առաջատար ըմբիշներից առաջնությանը չմասնակցեցին Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արմեն Մելիքյանը, Միհրան Հարությունյանը: 

Վերոնիկա Բեկնազարյան




Լուրեր թեմայից