Լրահոս

Ցմահ որակազրկված ֆուտբոլիստը՝ Հայաստանում

Նրան երիտասարդական թիմից հեռացրել են պայմանավորված խաղերի համար, նա երկու տարի առաջ խաղացել է Հայաստանում, այնուհետև վերադարձել հայրենիք ու պայմանավորված խաղերի համար ստացել ցմահ որակազրկում: Այժմ նա կրկին խաղում է Հայաստանում: Ինչո՞ւ և ի՞նչ նպատակով են այդպիսի դերակատարներն անարգել հայտնվում Հայաստանի առաջնություններում:

Ֆինանսական խնդիրներ, պահեստայինների նստարանին ընդամենը 3 ֆուտբոլիստ, աշխատավարձերի ուշացումներ, առաջնությունը կեսից լքելու վտանգ և ներդրողների որոնումներ: Սա հայկական ակումբների մասին հերթական պատմությունը չէ, սա Ուկրաինայի Առաջին խմբում հանդես եկող «Սումի» ակումբի՝ ավարտին մոտեցող պատմությունն է:

Անցած մի քանի տարում Ուկրաինայի իրավապահ մարմինները սկսեցին զբաղվել պայմանավորված խաղերով. խուզարկություններ, հատուկ գործողություններ, որը հանգեցրեց մեծաքանակ բացահայտումների: Պայմանավորված խաղերն աննկատ չէին անցնում ՈւԵՖԱ-ի համար, որը դրանք կանխելու առաջամարտիկներից է: Պայքարից անմասն չէր մնում նաև Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան իր շղթայական որակազրկումներով:

Անցյալ տարի Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հանդես եկավ պայմանավորված խաղերի մասին զեկույցով, որտեղ նա հայտնում էր տասնյակ ակումբների և շուրջ 300 ապօրինի գործունեության մեջ ներգրավված անձանց մասին:

«Փաստաթղթավորված է 5 խմբավորման և 35 ֆուտբոլային ակումբների հակաօրինական գործունեությունը: Այդպես, օրինակ, «Սումիի» ներկայացուցիչը 30 հազար գրիվնա է խոստացել մրցավարին ոչ ոքիի և 100 հազար գրիվնա (39.000 դոլար) «Սումի» – «Վոլին» խաղի համար: Հետագայում հաղթանակից հետո նա ստացել է գումարը»,- ասում էր Արսեն Ավակովը և անդրադառնում այլ խաղերին:

Ուկրաինական «112» հեռուստաընկերությունը հրապարակել էր տեսանյութ, որտեղ ոստիկանության գործողությունների արդյունքում արձանագրվել էր «Սումի» ակումբի տնօրեն Ռոստիսլավ Կոզարի և մրցավար Ալեքսանդր Սոլովիանի խոսակցությունը ու գումարի փոխանցումը:

Արդյունքում՝ «Սումին» զրկվեց պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից, իսկ ակումբի մի շարք անդամներ որակազրկվեցին տարբեր ժամկետներով: Ապրիլի 11-ին Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն ցմահ որակազրկեց ակումբի նախագահին, մարզիչի օգնականին և 4 ֆուտբոլիստներին, որոնցից մեկը հիմա ներկայացնում է Հայաստանի Առաջին խմբի ակումբը: Ավելի մեղմ պատիժ ստացան 8 այլ ֆուտբոլիստներ, որոնց որակազրկումը կսահմանափակվի մեկ տարով և պայմանական ժամկետով: Եվս մեկը ֆուտբոլից հեռացվեց 6 ամսով:

ՈւՖՖ-ի Էթիկայի և արդար խաղի կոմիտեի ղեկավար Ֆրանչեսկո Բարանկան «Футбол 1» հեռուստաալիքի «Великий футбол» hաղորդման ժամանակ նկարագրում էր ակումբի գործունեության մեխանիզմները:

«Սումին» երկու տարբերակով էր գործում. կաշառում էր մրցավարներին կամ մրցակիցներին ու խաղադրույք կատարում: Դա փաստացի ներդրում էր. «Սումին» հաղթում էր և եկամուտ բերում:

Սակայն, երբ չէր հաջողվում վճարել մրցավարներին և պարտվում էին, ապա սեփական պարտության վրա էին խաղադրույք կատարում: Այդպիսով նրանք գումար էին վաստակում և՛ հաղթելուց, և՛ պարտվելուց: Նրանք առավելապես խաղադրույք էին անում ասիական բուքմեյքերական շուկաներում և ամենահամեստ հաշվարկներով խոսքը գնում էր 10 միլիոն եվրո վաստակելու մասին»,- հայտնում էր Բարանկան:

Ուկրաինական մեկ այլ` «2+2» հեռուստաընկերությունը նույնպես անդրադարձել էր նշված ակումբին և գումարների բաշխման մեխանիզմներին: «Про Футбол» հաղորդման մեջ նկարագրվում էր, որ ակումբի նախագահ Ռոստիսլավ Կոզարը 100.000 գրիվնա էր փոխանցել Եգոր Լուգովիին, որը պետք է գումարը բաժաներ մնացած ֆուտբոլիստներին:

Եգոր Լուգովոյ կամ Եգոր Լուգովի, ինչպես նշում են ՀՖՖ արձանագրությունների մեջ: Նա ծնվել է 1995թ. ապրիլի 9-ին: Խաղացել է «Մետալուրգի» և «Ստալի» երիտասարդական թիմերում, նաև տարբեր տարիներին եղել է «Սումի» ակումբի ֆուտբոլիստ:

Այս ֆուտբոլիստը 2017թ. տեղափոխվել էր Երևանի «Արցախ» և հասցրել մի քանի հանդիպում անցկացնել: «Ալաշկերտի» հետ գավաթային և Առաջին խմբի մի քանի հանդիպումներից հետո նա վերադարձավ հայրենիք: Ուկրաինայում պայմանավորված խաղերի համար որակազրկվելուց հետո նորից վերադարձավ Հայաստան, նորից Առաջին խումբ, բայց այս անգամ՝ Երևանի «Տորպեդո» ակումբ, որի կազմում մի շարք հանդիպումների է մասնակցել:

77342564_934710286929059_3383569390338310144_n.jpg (40 KB)

Մինչև այդ ՈւՖՖ-ի Կարգապահական կոմիտե են ներկայացվել մեծաքանակ կասկածելի խաղերի ցանկ՝ իրենց հիմնավորումներով և եզրակացություններով, որոնք հայտնվել էին նաև ՈւԵՖԱ-ի ուշադրության կենտրոնում: Տասնյակ ընկերական և պաշտոնական խաղերի հիմնավորումներից կարելի է առանձնացնել այն պաշտոնական խաղերից մի քանիսը, որոնցում Եգոր Լուգովին մասնակցություն է ունեցել:

1. «Սումի» – «Կոլոս»՝ 0:6 (Առաջին լիգա, 12.10.2018թ.), խաղի ընթացքում շոշափելի խաղադրույքներ, որ կգրանցվի առնվազն 5-6 գոլ, ինչպես նաև, որ «Սումին» կպարտվի 4,5 կամ 6 գոլերի տարբերությամբ: Այդ խաղում Եգոր Լուգովին փոխարինման մտավ 63-րդ րոպեին:

2. «Սումի» – «Կարպատներ»՝ 0:3 (Ուկրաինայի Գավաթ, 25.09.2018թ.), խաղից առաջ «Կարպատների» հաղթանակի գործակցի գրանցված կտրուկ անկում, շոշափելի խաղադրույքներ «Սումիի»՝ 2 գոլի տարբերությամբ պարտության վրա: Եգոր Լուգովին հիմնական կազմում էր:

3. «Սումի» – «Դնեպր-1»՝ 0:4 (Առաջին լիգա, 31.08.2018թ.), շոշափելի խաղադրույքներ խաղից առաջ «Սումիի»՝ երկու գոլի տարբերությամբ պարտության վրա, իսկ խաղի ընթացքում առնվազն 3-4 գոլերի տարբերոթյան վրա: Եգոր Լուգովին խաղաց առանց փոխարինման:

4. «Վոլին» – «Սումի»՝ 3:0 (Առաջին լիգա, 18.08.2018թ.), խաղի ընթացքում շոշափելի խաղադրույքներ, որ «Սումին» կպարտվի առնվազն 2 գոլի տարբերությամբ և բաց կթողնի առնվազն 3 գոլ: Այս խաղում ևս Եգոր Լուգովին խաղաց առանց փոխարինման:

5. «Մետալիստ-1925» – «Սումի»՝ 4:1 (Առաջին լիգա, 05.08.2018թ.), շոշափելի խաղադրույքներ առաջին խաղակեսում «Սումիի»՝ 1-2 գոլի տարբերությամբ պարտության վրա: Եգոր Լուգովին փոխարինվել է 59-րդ րոպեին:

6. «Սումի» – «Դեսնա»՝ 0:2 (Առաջին լիգա, 22.04.2018թ.), շոշափելի խաղադրույքներ «Սումիի» պարտության, «Սումիի»՝ երկու գոլի տարբերությամբ պարտության և խաղում առնվազն երկու գոլ գրանցվելու օգտին: Լուգովին փոխարինման է մտել 66-րդ րոպեին:

«Սումին» բողոքարկել էր Կարգապահական կոմիտեի որոշումը և դիմել Բողոքարկման կոմիտե, որը մասնակի բավարարել էր ակումբի բողոքը և այն վերադարձրել Կարգապահական կոմիտե՝ վերաքննության համար: Այս օրերին Կարգապահական կոմիտեն կրկին քննում է որակազրկումների հարցը, սակայն փոփոխություններ հազիվ թե սպասվեն: Թեև որակազրկումները դեռ ուժի մեջ չեն մտել, սակայն սա ամենևին միակ դեպքը չէ Եգոր Լուգովիի մասնակցությամբ:

2015թ. դեկտեմբերի 24-ին «Ստալ» ակումբը, որի երիտասարդական թիմում խաղում էր Եգոր Լուգովին, տարեկան ժողովում հանդես եկավ հեռացումների մասին որոշումներով: Հայտարարության 3-րդ կետում ասվում էր.

«Հաշվի առնելով, որ ֆուտբոլիստներ Վ. Սավինը, Ի. Սոբոլը, Օ. Եֆիմչուկը, Ե. Լուգովոյը և մարզիչ Ե. Լավրիշչևը ներքաշված են եղել պայմանավորված խաղերի մեջ և այդպիսով հեղինակազրկել են թիմը, հանձնարարել ակումբի ղեկավարությանը խզել պայմանագրերը ավագ մարզիչ Ս. Շիշչենկոյի և մարզիչ մարզիչ Վ. Լավրիշչևի հետ: Վերոհիշյալ ֆուտբոլիստների ազգանունները փոխանցել Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիա»:

Մոտ ժամանակներս «Սումիի» և ակումբի ներկայացուցիչների շուրջ զարգացումները կշարունակվեն և հնարավոր է, շուտով որակազրկումները վերջնականապես մտնեն ուժի մեջ, սակայն բաց է մնում հարցը, թե ինչո՞ւ են այդպիսի ֆուտբոլիստներ հայտնվում Հայաստանում: Ինչո՞վ է այդ ֆուտբոլիստը գրավել Երևանի «Տորպեդոյի» կամ ավելի վաղ «Արցախի» ուշադրությունը, և ինչպես զերծ պահել հայկական ֆուտբոլը նմանօրինակ կասկածելի համբավ ունեցող ֆուտբոլիստներից:

Արեգ Մուրադյան




Լուրեր թեմայից