Լրահոս

Հակոբ Սերոբյան. Շատ լավ տարի էր մեզ համար

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց հայ մարզիկների ելույթները 2019 թվականին, փոխանցում է Topsports.am-ի թղթակիցը:

«Լավ ստացվեց, որ վերջին 2 մրցումները հաջորդում էին իրար: Արթուր Ավետիսյանի և Արթուր Դավթյանի հետ մեկնեցինք Պենզա: Այնտեղի մրցումները ներառված են միջազգային ծրագրում: Բավականին ուժեղ թիմեր էին մասնակցում։ Ինչու՞ նրանք․ քանի որ երկուսն էլ բազմամարտի էին մասնակցելու, նաև հանդես էին գալու առանձին գործիքների վրա:

Կոտբուսում կայացած մրցումներում տղաներն արեցին այն, ինչ կարող էին: Ես միշտ ասում եմ՝ չեմ պահանջում այն, ինչ չեն կարող: Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ արդյունքներից, նրանց գնահատականներից: Կարևոր չէր, թե որ տեղը կգրավեն, թող անեն, վերջում մենք կտեսնենք: Շատ ուժեղ պայքար էր, քանի որ մարզիկները պայքարում էին օլիմպիական վարկանիշի համար, ուզում էին ձեռք բերել օլիմպիական միավորներ:

Օղակների վարժությունում օլիմպիական չեմպիոնն էր մասնակցում, նրա համար դժվար էր պայքարել հաղթանակի համար, մեզ համար՝ առավել ևս: Այստեղ Ավետիսյան Արթուրն արդարացրեց իրեն: Նա աշխարհի առաջնությունից հետո վնասվածք ուներ ուսի շրջանում, բուժման կուրս անցավ և հետո նրան փորձեցինք այստեղի մրցումներում: Երրորդ տեղը գրավեց՝ շատ քիչ զիջելով օլիմպիական չեմպիոնին: Պայքարում էինք ու լավ գիտակցում, որ քիչ հնարավորություններ ունենք, քանի որ բաց էինք թողնելու Բաքվում կայանալիք մրցումները: Եթե Կոտբոսում հաղթեինք, իմաստ կունենար մասնակցելու Ավստրալիայում կայանալիք մրցումներին:

Հարություն Մերդինյանը շատ լավ կատարեց իր վարժությունը: Արեց այն, ինչ կարող էր և գրավեց չորրորդ տեղը: Չնչին տարբերությամբ էլ Վահագն Դավթյանը գրավեց հինգերորդ տեղը: Միայն դժգոհ եմ Արթուր Դավթյանից, քանի որ հենացատկի վարժությունը լավ չկատարեց: Ես զարմացա, թե ինչու: Հետո ինձ ասաց, որ մեջքը ցավում է, բայց մինչև այդ չէր ասել: Ցավազրկեցին և վեց գործիքի վրա փորձեց իր ուժերը: Շատ լավ գնահատականներ ստացավ, այժմ էլ ցավ ունի և պետք է բուժզննում անցնի:

Ընդհանուր առմամբ, մեր մասնակցած մյուս մրցումներից գոհ եմ: Վիզաների խնդիրը շատ արագ լուծվեց ԱԳՆ-ի շնորհիվ: Խնդիրներ, հուսով եմ, չեն լինի: Դոհայում կայանալիք մրցումները շատ կարևոր են: Այնտեղ կգնանք և մեր հնարավորությունները այդքանով կսահմանափակվեն:

Արթուր Դավթյանը կլինի մեր միակ մարմնամարզիկը Տոկիո 2020-ում: Մեր երիտասարդները շատ բան են բաց թողնելու, քանի որ Բաքվում են կայանալու մի շարք մրցաշարեր: Պետք է սպասենք 2022-ին, որ նոր այլ լուրջ մրցաշարերի մասնակցենք:

Դեկտեմբերից հետո կիմանամ՝ կլինեմ Օլիմպիական խաղերում մրցավար, թե՝ ոչ: Եթե մրցավար նշանակվեմ, Արթուր Դավթյանի հետ՝ որպես մարզիչ, Տոկիո կմեկնի Հայկ Նազարյանը: Մենք սպիտակ քարտով դեռ չենք մասնակցել: Ավելի լավ է քիչ թվով մեկնել, բայց որակով: Ընդհանուր արդյունքերը ամփոփելով կասեմ՝ այս տարին մեզ համար շատ լավ էր: Գոհ եմ արդյունքներից»,- նշեց մարզիչը:

Հիշեցնենք, որ հայ մարմնամարզիկներից Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը, որը մեդալների համար կպայքարի հենացատկի վարժությունում:

Վերոնիկա Բեկնազարյան



Լուրեր թեմայից