Լրահոս

Սիմեոնեին չի անհանգստացնում «Բարսելոնայից» և «Ռեալից» հետ մնալը

Մադրիդի «Աթելտիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Բարսելոնայի» հետ Լա Լիգայի 15-րդ տուրի խաղից հետո հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում մրցաշարային աղյուսակում կատալոնացիներից և «Ռեալից» հետ մնալը:

«Ես ինձ չեմ դասում ամենահամբերատար մարզիչների թվին, սակայն պետք է ընդունել, որ թիմը բավականին փոխվել է ամռանը: Մեզնից կպահանջվի որոշ ժամանակ, որպեսզի շտկենք խաղային դրվագները և արդյունք ցույց տանք:

Մեզ անհրաժեշտ է հնարավորինս շատ միավորներ հավաքել, բայց առաջնությունը երկար է և ես համոզված եմ՝ այժմ թիմին հանգստություն է հարկավոր, որպեսզի հասնի հաղթական արդյունքների: Հիմա մենք ենթարկվում ենք քննադատության, դա նորմալ է, բայց «Բարսելոնայից» և «Ռեալից» հետ ընկնելն ինձ չի հուզում: Առավել կարևոր է հղկել խաղային գործընթացները թիմի ներսում»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» նվազագույն հաշվով պարտվեց «Բարսելոնային», իսկ հաղթական գոլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Աթլետիկոն» 25 միավորով զբաղեցնում են 6-րդ տեղը՝ առաջատարներ «Բարսելոնայից» և «Ռեալից» հետ մնալով 6 միավորով:




Լուրեր թեմայից