Լրահոս

Ալեքսանդր Գրիգորյան. Մրցակցությունից բացի, այլ բան չեմ տեսնում հայկական ֆուտբոլում

Երևանի «Ուրարտուի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Բարձրագույն խմբի առաջնության տարեվերջյան՝ 15-րդ տուրում «Արարատ-Արմենիայի» հետ գոլազուրկ ոչ ոքիից հետո խոսել է հայկական ֆուտբոլի խնդիրների մասին:

«Եկեք չփորձենք ներսից պարզել, թե ինչպիսին է հայկական ֆուտբոլը, քանի որ այն ավելի բարդ է, քան հայկական պանրի տեսակների քանակը: Միևնույն ժամանակ, երբեմն այն ունի վառ բույրեր: Ես դա մի փոքր զգացի ներսից, այդ պատճառով նույնիսկ չեմ ցանկանում մեկնաբանել, թե ինչպիսին է այն ներսից:

Իսկ արտաքնապես. արև է փայլում Արարատի վրա: Ոչ միայն Երևանի «Արարատի» ու «Արարատ-Արմենիայի», այլև բոլոր հայկական թիմերի վրա: Տեսեք, թե ինչպիսի բում է: Հինգ թիմեր հավակնում են առաջին տեղին, Առաջին խմբում հանդես են գալիս 17 թիմեր: Դիտել եմ Առաջին խմբի մի քանի խաղեր, որոնցում ում ասես տեսա՝ նույնիսկ ճապոնացիների: Ի դեպ, հայերի չտեսա այնտեղ: 17 թիմեր և առանց հայերի. երևի, դա հայկական ֆուտբոլը զարգացնելու տրամաբանական քայլ է:

Իսկ եթե լուրջ խոսենք, մրցակցությունից բացի, այլ բան չեմ տեսնում: Ամբիցիոզ ակումբներ, ամբիցիոզ ղեկավարներով: Յուրքանաչյուրն ասում է. «Ես փող եմ ներդնում, արդյունք տվեք: Տվեք կոլումբացիներ, պաղեստինցիներ. տվեք, տվեք, տվեք»: Իսկ որտե՞ղ են հայերն այդ պարագայում: Այդ պատճառով, եթե խոսենք մակերեսի մասին, ամեն ինչ գեղեցիկ է»,- նշեց մարզիչը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը նոյեմբերի 25-ին էր նշանակվել «Ուրարտուի» գլխավոր մարզիչ՝ փոխարինելով ռուս մասնագետ Իլշատ Ֆայզուլինին:

Գրիգորյանի նախորդ աշխատավայրն էր Ռուսաստանի Պրեմյեր լիգայի հետնապահների թվում գտնվող «Տամբովը», որի գլխավոր մարզիչի պաշտոնից նա հրաժարական էր տվել հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալից» կրած 1:2 հաշվով պարտությունից հետո: Հայ մարզիչը 2019-ի ապրիլի 22-ից էր գլխավորում «Տամբովը», որին օգնեց նվաճել Ռուսաստանի ուժեղագույնների լիգայի ուղեգիր:  

Մարզչական կարիերայի ընթացքում Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է նաև ռուսական «Խիմկին», «ԲՄԱ Էներգիան», «Լուչ Էներգիան», «Տոսնոն», «ԲՄԱ Խաբարովսկը», Մախաչկալայի «Անժին» և Մոսկվայի «Արարատը»: Կարիերայի սկզբում նա աշխատել է կանանց ֆուտբոլում, իսկ 2018-2019-ը գլխավորել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմը:

Վերջերս Գրիգորյանը մոտ էր Հայաստանի հավաքականը գլխավորելուն, սակայն վերջին պահին ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Աբրահամ Խաշմանյանը:



Լուրեր թեմայից