Լրահոս

«Արարատ-Արմենիայի» խաղային անկման պատճառը՝ ըստ Վարդան Մինասյանի

Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Բարձրագույն խմբի առաջնության տարեվերջյան՝ 15-րդ տուրում «Ուրարտուի» հետ գոլազուրկ ոչ ոքիից հետո խոսել է թիմի խնդիրների մասին:

«Պարզ բան է, որ հաղթելու համար պետք է գոլ խփել, բայց դա պակասում է այս պահին: Վերջին խաղերում մեր թիմի մոտ նկատվում է հոգնածություն, բայց ոչ թե ֆիզիկական առումով, այլ հոգեբանորեն: Ես դա կապում եմ նրա հետ, որ մենք ընդհանուր 10 օր ենք հանգստացել ամռանը, քանի որ մասնակցում էինք Եվրոպա լիգային: Մյուս թիմերի համեմատ՝ ամենաշատ խաղերը մենք ենք անցկացրել: Այստեղից էլ ես, իրոք, նկատում էի, որ մեր թիմի մոտ կա խաղային անկում: Կրկնում եմ, որ դա ֆիզիկական վիճակի հետ կապ չունի, այլ զուտ հոգեբանորեն է»,- նշեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության տարեվերջյան 6 տուրերում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը տարել է ընդամենը մեկ հաղթանակ, կրել 2 պարտություն և գրանցել 3 ոչ ոքի: 15-րդ տուրից հետո «Արարատ-Արմենիան» 27 միավորով երկրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունեն նաև 3-4-րդ տեղերը բաժանող «Ալաշկերտն» ու մեկ հանդիպում պակաս անցկացրած Երևանի «Արարատը»: Առաջատար Վանաձորի «Լոռին» հավաքել է 28 միավոր:



Լուրեր թեմայից