Լրահոս

Կողմ և դեմ. Ինչպիս՞ի նախագահ է պետք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Դեկտեմբերի 6-ին հանրությունը, վերջիվերջո, պաշտոնապես կիմանա ՀՖՖ նախագահի և գործկոմի թեկնածուների անունները, իսկ դեկտեմբերի 7-ից կծանոթանա թեկնածուների նախընտրական ծրագրերին: Մինչև այդ Հայաստանի առաջնության ամենահռչակավոր ակումբները հանդես եկան հայտարարությամբ և ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներին կոչ արեցին առողջացնել ՀՖՖ բարձրագույն մարմնի՝ ժողովի անդամների կազմը: Նրանց միացան Բարձրագույն և Առաջին խմբի այլ ակումբներ: Սա, ըստ երևութի, կոչ էր՝ խաչ քաշել հին գործելակերպի վրա և նորովի շարժվել առաջ: Հետևապես, անցյալի և նրա ռեինկարնացիայի մերժումը, բացի հանրային պահանջ լինելուց, նաև անընդունելի է հայկական ֆուտբոլում ներդրումներ իրականացնողների համար: Ֆեդերացիայի հետ կապված շարունակաբար ի հայտ եկող կոռուպցիոն բացահայտումներն ամբողջացնում են անցյալի գնահատականը:

Ֆուտբոլի ֆեդերացիայի երկարամյա պատմությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում տեսել է լեգենդար ֆուտբոլիստի, ուժային կառույցների ներկայացուցիչների, ակումբի սեփականատիրոջ, սակայն երանելի տարբերակ կարծես չի եղել: Լայն մասսայականություն և ահռելի ֆինանսներ պարունակող սպորտաձևը գայթակղիչ է թվում շատերի համար. բաղձալի նախագահությունը սիրով է ընդունվում, իսկ բաժանումը լինում տանջալից: ՀՖՖ նախագահի պաշտոնի թափուր մնալուց հետո շրջանառվող թեկնածուների անունների սակավություն չի նկատվում: Յուրաքանչյուրը սեփական պատկերացումներով է մոտենում խնդրին և իր թեկնածուին տեսնում ապագա նախագահի կարգավիճակում: Թեկնածուների մասին տեսակետների հավաքագրումը թույլ է տալիս դասակարգել նրանց չորս խմբերի:

1. Ֆուտբոլիստ-նախագահ

Դրական. Կասկածից վեր է, որ նրանք են մարզաձևի լավագույն կրողները և շարունակողները: Բարձրակարգ ֆուտբոլիստները խորապես տիրապետում են մարզաձևի բոլոր մանրուքներին, ունեն սեփական պատկերացումները, ինչը հնարավորություն է տալիս անձնական վերլուծություններով իրավիճակին գնահատական տալ:

Բացասական. Հայաստանի փոքր ֆուտբոլային տնտեսության մեջ հազվադեպ են հանդիպում մարզական մենեջմենթի ուղղությունը նախընտրողները: Խաղակոշիկները պատից կախած բազմաքանակ ֆուտբոլիստները հիմնականում մարզչական ուղին են նախընտրում: Սակայն, նույնիսկ լավագույն ֆուտբոլիստ լինելը չի բխում լավ կառավարմանը: Նրանք կարող են ղեկավարների համար լինել լավ խորհրդականներ, իսկ բարձր ինտելեկտուալ և կրթական ցենզ ունեցող, բանակցային և կառավարչական բարձր հմտություններով օժտված ներկայանալի ֆուտբոլիստները սակավաթիվ են: Այդ ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ կլինի բարձր հեղինակություն, առաջնորդի ձիրք՝ որևէ արտաքին միջամտությունների փորձերը զսպելու համար:

2. Ակումբի սեփականատեր-նախագահ

Դրական. Ֆուտբոլային գործունեություն ծավալող անձինք լավ ծանոթ են լինում ոլորտին: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ֆեդերացիաները շատ դեպքերում վստահվում են ակումբների հմուտ նախագահներին: Այնտեղ, սակայն, ի տարբերություն Հայաստանի, առանձնացված են ազգային առաջնությունները և ֆեդերացիայի հետ չունեն առնչություն: Կա հստակ տարանջատում նաև նախագահ, հովանավոր և սեփականատեր հասկացության մեջ: Հայաստանում այդ ամենը սովորաբար մեկ անձով է սահմանափակվում. սեփականատերերը հովանավորում են և նախագահում:

Բացասական. Սա, թերևս, ամենավտանգավոր տարբերակը կարող է լինել: Հայկական ֆուտբոլն անցել է այդ ուղով և ամբողջ ընթացքում նկատվում էր այն ակնհայտ շահերի բախումը, որը հանգեցնում էր անվստահության մթնոլորտի ձևավորմանը: Աչքակապությունը նույնպես վստահություն չկարողացավ հաղորդել, երբ Ռուբեն Հայրապետյանը վաճառեց իր ակումբն ընկերոջը՝ Սամվել Ալեքսանյանին և կատարեց հանրությանը համոզելու անհաջող փորձ, որ ինքն այլևս կապված չէ «Փյունիկի» հետ: Ստեղծած ակումբն այդպես հեշտությամբ թողնելը շարժառիթների մասին կասկածներով խորհելու տեղիք է տալիս. եթե հմուտ ղեկավարումը ստեղծել է արդյունք, ապա ինչպես է այն տրվում այլոց, եթե ակումբի ղեկավարումը չի տվել արդյունք, ապա ինչպես են ղեկավարելու ամբողջ ֆուտբոլը: Ցանկացած պարագայում աչքակապության կասկածները և անվստահությունը չի վերանա:

Ֆուտբոլի զարգացումը մեծապես կախված է ակումբների բարեբեր աշխատանքից: Հաջողակ ակումբներ ունենալու դեպքում ֆուտբոլը կզարգանա մեքենայնորեն, և դա նույնպես զարգացման ծրագիր է:

Լավ կառավարման բացակայության լավագույն վկաներն են՝ ակումբների լուծարումները, ակումբային ֆուտբոլում ցածր դիրքերը: Որպես ցուցիչ՝ հերիք է ընդամենը նշել , որ հայկական ակումբները եվրագավաթներում 3-րդ փուլ են կարողացել հասնել միայն անցյալ տարի, իսկ 4-րդ փուլ՝ միայն այս տարի:

3. Սփյուռքահայ-նախագահ

Դրական. Աշխարհում քիչ չեն հայկական արմատներով ֆուտբոլային գործիչները, ովքեր իրենց ունակությունների շնորհիվ հասել են մեծ հաջողությունների: Այդպիսի գործիչները հաստատապես կկարողանային ներդրում ունենալ նաև հայկական ֆուտբոլի զարգացման մեջ: Նրանց բարեբեր աշխատանքը տեսանելի է եղել մեծ ակումբներում և բարձր մակարդակի վրա: Հաջողություններով լի անցած ճանապարհը լավատեսություն կարող էր հաղորդել հայկական ֆուտբոլի ապագայի հանդեպ:

Բացասական. Դժվարլուծելի է արտերկրում կայացած հաջողակ գործիչների ներգրավումը հայկական ֆուտբոլում: Արտասահմանյան մտածելակերպի բախումը հայկական իրականության հետ նույնպես կարող է հարթ չընթանալ:

4. Մենեջեր-նախագահ

Դրական. Այլ բնագավառներում կայացած և ղեկավարման փորձ ունեցող անձանց ներգրավումը նույնպես միջազգային պրակտիկայում գործածվողներից է: Այս դեպքում ընտրության հնարավորություններն ավելի լայն են, քան ոլորտայինում: Որևէ թելերով կապված չլինելը, չեզոքությունը լավ խթան կարող է լինել վստահության մթնոլորտի հաստատման համար:

Բացասական. Ֆուտբոլային գիտելիքների պակասը կարող է զգալ տալ, իսկ ընտելանալու համար ժամանակ կպահանջվի: Այս դեպքում անհրաժեշտություն կլինի ֆուտբոլային գիտելիքներով ամուր թիկունք ունենալ, իսկ որոշումների ընդունման մեջ իր ներդրումը մեծ չի լինի: Սակայն, ֆուտբոլի ֆեդերացիան կոլեգիալ մարմին է. ՀՖՖ նախագահը կունենա խորհրդականներ, գլխավոր քարտուղար և փոխնախագահ: Գործադիր կոմիտեի, ժողովի անդամների, ինչպես նաև տեխնիկական տնօրենի և մարզիչների օժանդակությունը:

Այսպիսով, ապրիորի, անքննելի տարբերակներ չկան: Շատ բաներ կախված կլինեն թեկնածուների ով լինելուց: Ծրագրերը հիմնականում նման կլինեն մեկմեկու. բոլորը կխոսեն ենթակառուցվածքներից, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մասին, հավաքականների հետ մեծ մրցաշարերին մասնակցելու մասին և այդպես շարունակ: Կարողությունները կապացուցի ժամանակը և խնդիրն այստեղ միայն մասնագիտական կամ կառավարման կարողությունների մասին չէ: Կարողություն դիմակայել կողմնակի ազդեցություններին, անզիջում պայքար մղել արատավոր երևույթների դեմ, անհանդուրժող լինել ցանկացած կոռուպցիոն դրսևորումների հանդեպ և այլն:

Արեգ Մուրադյան




Լուրեր թեմայից