Լրահոս

Մխիթարյան․ Ձանիոլոն կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իտալական ակումբ տեղափոխության մասին և կարծիք է հայտնել իր թիմակից Նիկոլո Ձանիոլոյի վերաբերյալ։ 20-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ էր դարձել Հայաստանի հետ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում (9:1)։

«Ես երջանիկ եմ Հռոմում։ Քաղաքը, ինչպես և ակումբը, հիանալի պատմություն ունեն։ Իտալացիները բնավորությամբ նման են հայերին։ Փորձում եմ սովորել իտալերեն լեզուն։

Իմ գործակալ Մինո Ռայոլան «Ռոմա» տեղափոխության մասին ինձ հայտնեց սեպտեմբերի 1-ին, և ես համաձայնվեցի, քանի որ չէի մտնում «Արսենալի» ծրագրերի մեջ։

Ձանիոլոն կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Նա ճանաչվել է A Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող, բայց դա բավարար չէ․ նա կարող է ավելին անել, քանի որ շատ տաղանդավոր է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Fourfourtwo-ն:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2019 թվականի ամռանն է տեղափոխվել իտալական ակումբ։ 30-ամյա ֆուտբոլիստը նոյեմբերի 14-ին վնասվածքից հետո առաջին մարզումն է անցկացրել «Ռոմայի» ընդհանուր խմբում: Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա «Բրեշիայի» դեմ A Սերիայի 13-րդ տուրի խաղում, որը տեղի կունենա նոյեմբերի 24-ին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն աճուկի վնասվածք էր ստացել «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի խաղում, որը տեղի էր ունեցել սեպտեմբերի 29-ին: Նախապես նշվում էր, որ Հենրիխի վերականգնման համար պահանջվելու է 3 շաբաթ: Նա Հայաստանի հավաքականին չի օգնել Հունաստանի (0:1) և Իտալիայի դեմ (1:9) Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին 2 տուրերի խաղերում:

 




Լուրեր թեմայից