Լրահոս

Իտալիայի հավաքականը 71 տարի անց մեկ խաղում 9 գոլ խփեց

Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրի Հայաստանի դեմ մրցավեճում (9:1) 71 տարի անց առաջին անգամ մեկ խաղում 9 գոլ է խփել, հայտնում է Gracenote Live-ը։ 1948 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ Իտալիայի հավաքականը 9։0 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի նկատմամբ։

Մինչև այդ, 1920 թվականին իտալացիները նմանատիպ հաշվով հաղթել էին Ֆրանսիայի հավաքականին (9:0), իսկ 1928 թվականին 11։3 հաշվով ջախջախել էին Եգիպտոսին։

Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը J խմբում գրանցեց ռեկորդային 100 տոկոսանոց ցուցանիշ՝ հաղթելով բոլոր 10 խաղերում։ Թիմը ընտրական մրցաշարում խփեց 37 գոլ, բաց թողնելով 4-ը։

Հիշեցնենք, որ Պալերմոյի «Ռենցո Բարբերա» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականն ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց պատմության մեջ։ Նախորդ հակառեկորդը գրանցվել էր 1997 թվականին՝ Չիլիի (0:7) և Վրաստանի (0:7) հավաքականների հետ խաղերում։

Հայաստանի հավաքականը 6-րդ պարտությունը կրեց ընտրական փուլում և 10 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղը գրավեց J խմբում:

 




Լուրեր թեմայից