Լրահոս

Ռոբերտո Մանչինի. Ցավում եմ Հայաստանի հավաքականի մարզիչի համար

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի թիմի նկատմամբ 9:1 հաշվով հաղթանակից հետո Պալերմոյում տեղի ունեցած հետխաղյա ասուլիսում պատմեց տպավորությունների մասին, Պալերմոյից փոխանցում է TopSports.am-ի թղթակիցը:

«Հրաշալի երեկո էր մեզ համար: Այսպիսի խաղեր հաճախ չեն լինում միջազգային մակարդակում: Տղաներին՝ կեցցե: Նրանք ավելացնում են խաղից խաղ:

Ցավում եմ Հայաստանի հավաքականի մարզիչի համար: Մի պահ լսեցի նրա ասուլիսը, և ամեն բան հասկանում եմ: Ցավում եմ, որ մրցակից թիմի մարզիչի համար ստացվեց այսպիսի խաղ:

Իտալիայի հավաքականն այսօր հատուկ տակտիկա չէր մշակել և մտադրություն չուներ հաղթել այսպիսի հաշվով: Պարզապես այսօր մեր թիմը ցուցադրեց իր ամբողջ ներուժը՝ հնարավորություն տալով նաև նոր խաղացողների: Այսօր մեր թիմի խաղը հաջող ստացվեց, ինչին նաև նպաստեցին մրցակցի թիմի խաղացողների սխալները»,- նշեց իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Պալերմոյի «Ռենցո Բարբերա» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականն ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց պատմության մեջ։ Նախորդ հակառեկորդը գրանցվել էր 1997 թվականին՝ Չիլիի (0:7) և Վրաստանի (0:7) հավաքականների հետ խաղերում:

Հայաստանի հավաքականը 6-րդ պարտությունը կրեց ընտրական փուլում և 10 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղը գրավեց J խմբում: Իտալիայի հավաքականը գրանցեց 100 տոկոսանոց ցուցանիշ՝ հաղթելով բոլոր 10 խաղերում և վաստակելով 30 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ֆինլանդիան 18 միավորով նվաճեց Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Հունաստանը վաստակեց 14 միավոր, Բոսնիա-Հերցեգովինան՝ 13, իսկ Լիխտենշտեյնը՝ 2։

Դավիթ Եղիազարյան՝ Պալերմոյից




Լուրեր թեմայից