Լրահոս

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները՝ Իտալիայից կրած պարտության մասին

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները լրագրողների հետ զրույցում մեկնաբանեցին Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի վերջին՝ 10-րդ տուրի արտագնա խաղում Իտալիայից կրած պարտությունը 1:9 հաշվով, Պալերմոյից փոխանցում է TopSports.am-ի թղթակիցը:

Հովհաննես Համբարձումյան. «Բաց թողած արագ գոլերը քանդեցին մեր բոլոր ծրագրերը: Խայտառակ խաղ, խայտառակ հաշիվ. այդքանը կարող եմ ասել: Մրցակիցը մեզ թույլ տալիս էր խաղալ, սակայն մենք կանգնեցինք երրորդ գոլից հետո, չխաղացինք: Ներողություն եմ խնդրում բոլոր երկրպագուներից, շատ վատ արդյունք ու խաղ էր՝ արժանի պարտություն:

Չեմ կարող պատասխանել այն հարցին, թե արդյոք այսօր հավաքականը պատրաստ է խաղալ 5 պաշտպանով: Նոր ենք սկսել խաղալ այդ սխեմայով, 2 խաղում կրել ենք 2 պարտություն, երևի, այդ մասին պետք է հարցնել մարզիչին: Այսօրվա խաղը ցույց տվեց, որ չենք կարող խաղալ 5 պաշտպանով»:

Էդգար Բաբայան. «Կարծես վնասվածքս այնքան էլ լուրջ չէ, պետք է հետազոտություն անցնեմ: Անհաջող վայրեջք կատարեցի և դժվար էի շնչում այդ պահին: Խաղում էինք շատ ուժեղ թիմի դեմ, բայց դա չի նշանակում, որ պետք է պարտվենք 1:9 հաշվով: Ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր այն երկրպագուներից, ովքեր դիտել են խաղը և եկել էին ստադիոն: Ամեն ինչ կանենք, որ այսպիսի բան այլևս չկրկնվի»:

Արթուր Սարկիսով. «Բարդ է ասել, թե ինչ տեղի ունեցավ թիմի հետ: Սա խայտառակություն է, այսպես խաղալ չի կարելի: Պետք է աշխատել: Կարծում եմ, որ հաջորդ ընտրական փուլում կշտկենք իրավիճակը և ամեն ինչ կանենք մեր ուժերի սահմանում: Սա ֆուտբոլ է, և ամեն բան կարող է տեղի ունենալ: Թիմը քանդվեց մի պահ և չկարողացավ վերականգնվել»:

Հիշեցնենք, որ Պալերմոյի «Ռենցո Բարբերա» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականն ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց պատմության մեջ։ Նախորդ հակառեկորդը գրանցվել էր 1997 թվականին՝ Չիլիի (0:7) և Վրաստանի (0:7) հավաքականների հետ խաղերում:

Հայաստանի հավաքականը 6-րդ պարտությունը կրեց ընտրական փուլում և 10 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղը գրավեց J խմբում: Իտալիայի հավաքականը գրանցեց 100 տոկոսանոց ցուցանիշ՝ հաղթելով բոլոր 10 խաղերում և վաստակելով 30 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ֆինլանդիան 18 միավորով նվաճեց Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Հունաստանը վաստակեց 14 միավոր, Բոսնիա-Հերցեգովինան՝ 13, իսկ Լիխտենշտեյնը՝ 2։

Դավիթ Եղիազարյան՝ Պալերմոյից

Ֆոտո՝ ՀՖՖ



Լուրեր թեմայից