Լրահոս

Աբրահամ Խաշմանյան․ Հավաքականը գլխավորելիս պատկերացրել եմ, որ կարող է նման բան լինել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Պալերմոյում տեղի ունեցած հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի վերջին՝ 10-րդ տուրի արտագնա խաղում Իտալիայից կրած պարտությունը 1:9 հաշվով: Մարզիչը չցանկացավ պատասխանել հարցերին, և հանդիպման մասին իր կարծիքը հայտնելուց հետո հեռացավ ասուլիսների սրահից, Պալերմոյից փոխանցում է TopSports.am-ի թղթակիցը:

«Այս կատարյալ ֆիասկոն այսօր արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը։ Հավաքականի ղեկը ստանձնելիս ես պատկերացրել եմ, որ կարող է նման բան լինել։ Կարելի է ասել, որ ամբողջ հարվածը վերցրել եմ ինձ վրա: Գուցե սխալ է ասել, որ այս խաղին ներկայացել էինք ազգային հավաքականով, այլ ներկայացել էինք ուղղակի հավաքականով, որովհետև ազգային հավաքականի գրեթե ամբողջ հիմնական կազմը խնդիրների և վնասվածքների պատճառով բացակայում էր։

Եթե ղեկավարությունը կորոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես պատրաստ եմ վաղը վերջացնել ամեն ինչ։ Եթե որոշվի, որ պետք է շարունակեմ աշխատանքները, ուրեմն ես ամեն ինչ ամբողջովին պետք է փոխեմ, որովհետև ոչ մի բան չի համապատասխանում նրան, ինչը պետք է համապատասխանի ազգային հավաքականին, անգամ՝ մտածելակերպը։ Ասելու բան չունեմ նման խաղից ու այսպիսի հաշվով պարտությունից հետո: Ոչ մի բան չի կարելի ասել, չի կարելի բերել ոչ մի պատճառաբանություն: Ասեցի այն ամենը, ինչ մտածում էի»,- նշեց մարզիչը:

Հիշեցնենք, որ Պալերմոյի «Ռենցո Բարբերա» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականն ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց պատմության մեջ։ Նախորդ հակառեկորդը գրանցվել էր 1997 թվականին՝ Չիլիի (0:7) և Վրաստանի (0:7) հավաքականների հետ խաղերում:

Հայաստանի հավաքականը 6-րդ պարտությունը կրեց ընտրական փուլում և 10 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղը գրավեց J խմբում: Իտալիայի հավաքականը գրանցեց 100 տոկոսանոց ցուցանիշ՝ հաղթելով բոլոր 10 խաղերում և վաստակելով 30 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ֆինլանդիան 18 միավորով նվաճեց Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Հունաստանը վաստակեց 14 միավոր, Բոսնիա-Հերցեգովինան՝ 13, իսկ Լիխտենշտեյնը՝ 2։

Դավիթ Եղիազարյան՝ Պալերմոյից




Լուրեր թեմայից