Լրահոս

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը՝ 1:9

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 18-ին կրեց ամենախոշոր հաշվով պարտությունը պատմության մեջ։ 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին՝ 10-րդ տուրի արտագնա խաղում Հայաստանի հավաքականը 1։9 հաշվով պարտվեց J խմբի առաջատար Իտալիայի հավաքականին։

Պալերմոյի «Ռենցո Բարբերա» ստադիոնում կայացած խաղում տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձան «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն և «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն։ Մեկական անգամ աչքի ընկան Նիկոլո Բարելան, Ալեսիո Ռոմանյոլին, Ժորժինյոն, Ռիկարդո Օրսոլինին և Ֆեդերիկո Կյեզան:

Հայաստանի հավաքականի հեղինակության գոլը 79-րդ րոպեին խփեց դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը, որը վնասվածք ստացավ խաղի վերջնամասում և դաշտը լքեց պատգարակով: 

Մինչև այս Հայաստանի հավաքականն ամենախոշոր հաշվով պարտությունը կրել էր 1997 թվականին՝ Չիլիի (0:7) և Վրաստանի (0:7) հետ խաղերում:

Հայաստանի հավաքականը 6-րդ պարտությունը կրեց ընտրական փուլում և 10 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղը գրավեց J խմբում: Իտալիայի հավաքականը գրանցեց 100 տոկոսանոց ցուցանիշ՝ հաղթելով բոլոր 10 խաղերում և վաստակելով 30 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ֆինլանդիան 18 միավորով նվաճեց Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Հունաստանը վաստակեց 14 միավոր, Բոսնիա-Հերցեգովինան՝ 13, իսկ Լիխտենշտեյնը՝ 2։

Եվրո-2020, ընտրական փուլ, 10-րդ տուր

J խումբ

Իտալիա  Հայաստան՝ 9:1

Չիրո Իմոբիլե, 8, 33, Նիկոլո Ձանիոլո, 9, 64, Նիկոլո Բարելա, 29, Ալեսիո Ռոմանյոլի, 72, Ժորժինյո, 75 (11 մ), Ռիկարդո Օրսոլինի, 78, Ֆեդերիկո Կյեզա, 81 - Էդգար Բաբայան, 79




Լուրեր թեմայից