Լրահոս

Անտոնիո Ֆլորես․ Արդյունքներն ու առաջընթացը պետք է համընթաց լինեն

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը ՀՖՖ-ին տված հարցազրույցում ամփոփել է Իռլանդիայի հավաքականի դեմ հանդիպումը, ինչպես նաև համեմատականներ անցկացրել իտալացիների դեմ Երևանում կայացած խաղի հետ։

«Առաջընթացն ու արդյունքն անբաժանելի են։ Շատ կարևոր կլիներ թիմի համար, որ իռլանդացիների հետ խաղում դրական արդյունք գրանցեին։ Դա կլիներ իրենց քրտնաջան աշխատանքի և նվիրվածության լավագույն փոխհատուցումը։ Այն պահին, երբ թիմը խաղադաշտում սկսում է անել այնպիսի բաներ, որոնք չպետք է անի կամ լավ չի կատարում առաջադրանքը՝ անմիջապես պատժվում է։

Իրականում պատահեց հետևյալը․ Իռլանդիայի հետ տնային խաղում երիտասարդական հավաքականը մի պահ հիասթափվեց, որովհետև նրանց մոտ ամեն ինչ չէր, որ ստացվում էր։ Ավելի ուժեղ թիմի՝ Իտալիայի դեմ խաղում սխալներն ավելի քիչ էին։ Տեխնիկական և տակտիկական սխալներ կային, բայց թիմային աշխատանքի տեսանկյունից՝ այդ հանդիպումն ավելի լավ դասավորվեց։ Ես միշտ էլ ասել եմ, որ պետք է աշխատենք երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման ուղղությամբ, բայց դա տեղի կունենա նաև լավ արդյունքների շնորհիվ։ Այո, երկու դեպքում էլ պարտվեցինք նվազագույն հաշվով, բայց խաղի որակը երկու դեպքում էլ տարբեր էր։ Իռլանդացիների հետ խաղի վերջում թիմն ավելի վստահ ու համարձակ էր գործում։

Մեր աշխատանքի հիմնական նպատակներից մեկը ոչ միայն մինչև 21 տարեկանների, այլ նաև բոլոր տարիքային հավաքականների ֆուտբոլիստների առաջխաղացման ապահովումն է։ Վաղ թե ուշ, նրանց հիմնական նպատակը ազգային հավաքականում հայտնվելը պետք է լինի․ դա ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է, որը քրտնաջան աշխատանք է պահանջում։ Մեր պարտականությունն է՝ ցույց տալ նրանց, որ չի կարելի հանձնվել և պետք է շարունակել ձգտել նպատակին հասնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է թիմային աշխատանք՝ բոլոր տարիքային խմբերում։ Հասկանում եմ, որ դա ժամանակատար է և անմիջապես արդյունքը տեսնելն անհնար է։ Մեծ ցանկություն կա օր առաջ քաղել աշխատանքի պտուղները։ Տեսանք, որ Արթուր Դանիելյանը հրավիրվեց ազգային հավաքական։ Էլի կան ֆուտբոլիստներ, որոնք թակում են ազգայինի դուռը»,- նշել է մարզիչը։

Հիշեցնենք, որ Անտոնիո Ֆլորեսի գլխավորած թիմն առաջին խմբում 3 միավորով նախավերջին՝ 5-րդ տեղում է։ Հաջորդ խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 19-ին Կատանիայում կմրցի իտալացիների հետ:

Եվրո-2021-ի ընտրական փուլի նախորդ 4 խաղերում Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվել էր Իռլանդիայի (0:1), Իսլանդիայի (1:6) ու Իտալիայի (0:1)  Մ-21 հավաքականներին և հաղթել Լյուքսեմբուրգին (2:0):




Լուրեր թեմայից