Լրահոս

Ջոնել Դեսիրեի և հայուհի կնոջ սիրո պատմությունը (ֆոտոշարք)

Հայիթիի հավաքականի և Վանաձորի «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեին և հայուհի Մանե Խաչատրյանին միմյանց կապեց ֆուտբոլը: Զույգն ամուսնացել էր դեկտեմբերին, իսկ այս տարվա սեպտեմբերին ծնվել էր նրանց առաջնեկը:

TopSports.am-ի թղթակցի հետ զրույցում Մանե Խաչատրյանը խոսել է իրենց ծանոթության, հարսանիքի և մի շարք այլ թեմաների շուրջ:

Ինչպես սկսվեց ամեն ինչ

Ես մասնագիտությամբ անգլերենի թարգմանչուհի եմ: Երբ Ջոնելը տեղափոխվեց Վանաձոր՝ համալրելով «Լոռիի» կազմը, փնտրում էր թարգմանիչ, ով կօգներ իրեն թիմում: Թարգմանություններ անելուց բացի, ես նաև հայերեն էի սովորեցնում նրան: Այդպես սկսվեց մեր շփումը: Մի քանի ամիս անց անկեղծացավ, դրանից հետո իմացա, որ հենց սկզբից է հավանել ինձ: Մենք շատ արագ ընկերացանք, հետո կապվեցինք իրար հետ ու հասկացանք, որ անտարբեր չենք միմյանց հանդեպ:

Ընտանիքի արձագանքի մասին

Իմ ընտանիքը դեմ չի եղել: Չկային ռասիզմի դրսևորումներ: Սկզբում, երբ պատմեցի Ջոնելի հետ իմ հարաբերությունների մասին, չհավատացին, մտածում էին՝ կատակ եմ անում: Նրանց համար զարմանալի էր, որ սովորական թարգմանությունից գործը հասավ ամուսնության: Ընտանիքս մտավախություն ուներ, որ Հայաստանի և Հայիթիի մտածելակերպը, ավանդույթները կարող են շատ տարբեր լինել: Եղան դժվարություններ, բայց իմ առջև դրված չեն եղել արգելքներ: Շատ էին տալիս հարցեր, նրանց համար հետաքրքիր էր այլ ազգի ներկայացուցիչի հետ շփվելը:

Հարսանիքի մասին

Ամուսնացել ենք սուրբ Սարգիս եկեղեցում քահանայի օրհնությամբ և հայերեն աղոթքով: Հարսանիքին ոչ միայն իմ բարեկամներն էին, այլ նաև արտասահմանից ժամանած իր ընկերներն ու հարազատները:

2z.jpg (60 KB)

Մշակույթների տարբերության մասին

Մենք տարբեր լեզուներով ենք խոսում: Հայերեն, անգլերեն, կրեոլերեն՝ կախված, թե ինչ ենք ուզում բացատրել: Հայերեն հասկանում է, ուղղակի չի կարողանում լավ արտահայտվել: Այսպիսի մի հետաքրքիր իրողություն եմ նկատել. երբ Ջոնելը ասում է, որ Հայիթիում այսպես ենք անում, հասկանում եմ, որ երկու տարբեր երկրների մշակույթների միջև նմանություն կա: Անգամ նման է մարդկանց մտածելակերպը: Մենք՝ հայերս, սիրում ենք ուրիշների կյանքով հետաքրքրվել, շատ բան իմանալ, նրանց ժողովուրդն էլ է այդպիսին: Ամուսնության առաջին տարվա Ամանորին շատ մարդկանց համար հետաքրքիր էր, թե մենք միասին ինչպես ենք նշում այդ տոնը, ինչ ուտեստներ ենք դնում սեղանին: Պատկերացրեք՝ համարյա ամեն ինչ նույնն է, միայն մի քանի փոքր տարբերություններ կան: Ջոնելը ասում է. «Հայաստանը մեր Հայիթին ա» (ծիծաղում է):

4z.jpg (114 KB)

Հայիթի այցելելու մասին

Շատ էինք ուզում միասին գնալ Հայիթի: Տարբեր ծրագրեր ունեինք, բայց այնպես ստացվեց, որ այդ երկրում այժմ քաղաքական ճգնաժամ է: Անկարգություններ են, հակակառավարական ցույցեր. այնտեղ գնալը վտանգավոր է: Այդ պատճառով մեր՝ Հայիթի գնալը հետաձգվեց:

Հայաստանից հեռանալու տարբերակի մասին

Քանի որ Ջոնելը ֆուտբոլիստ է, ամեն վայրկյան կարող է թիմը փոխել և գնալ այլ երկիր: Վերջերս մենք հեռացել էինք Հայաստանից, բայց շատ էինք ցանկանում վերադառնալ: Այնպես ստացվեց, որ «Լոռին» տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին ձեռք բերեց նրան, և մենք վերադարձաք Հայաստան: Ճիշտ է՝ պետք է լինես այնտեղ, որտեղ ընտանիքդ է, բայց, իրոք, շատ ուրախ էինք, որ վերադարձանք: Ես ամուսնանալուց առաջ ամեն ինչ հաշվի եմ առել, ինչքան էլ սիրում եմ Հայաստանը, միևնույն է՝ գիտակցում եմ դրությունը:

3z.jpg (175 KB)

Երեխայի մասին

Մեր տղային անվանակոչել ենք Դանիել, որ երկու լեզուներով էլ գեղեցիկ հնչի: Կարևոր չէ, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ ենք, մեզ համար շատ կարևոր է երեխային ճիշտ մեծացնելը: Մեր տղայի դաստիարակության հարցում մեր դիրքորոշումը մեկն է՝ դարձնել լավ մարդ:

5z.jpg (27 KB)

Ֆուտբոլի մասին

Ես ընդհանրապես չէի սիրում ֆուտբոլ, ի տարբերություն ինձ, մայրիկս շատ է սիրում: Ամեն անգամ, երբ հեռուստացույցով ֆուտբոլ էին ցուցադրում, փոխում էի ալիքը: Հետո, երբ սկսեցի աշխատել այդ ոլորտում, ներկա էի գտնվում խաղերին, տեսնում էի մարդկանց ոգևորությունը, հետզհետե հասկացա, որ դարձել եմ ֆուտբոլասեր: Այժմ հաճախ է լինում, որ նստում և միասին դիտում ենք ֆուտբոլ:

Նրա մեջ սիրեցի…

Ջոնելը շատ մարդասեր է ու անկեղծ: Նրա մեջ ինձ շատ բաներ են դուր գալիս. ընկերասեր է, խղճով: Ամեն ամիս մենք որոշակի գումար ենք փոխանցում Հայիթիում ապրող անապահով ընտանիքներին: Ես կցանկանամ, որ բոլորը գտնեն իրենց երկրորդ կեսին: Կապ չունի այդ մարդը կլինի Հայաստանից, Հայիթիից, թե այլ երկրից: Գտեք ձեր կյանքի անկեղծ պատմությունը, անկեղծ ընտանիքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախորդ առաջնությունում Ջոնել Դեսիրեն 25 խաղում դարձել էր 17 գոլի հեղինակ եւ ճանաչվել Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու: Նախորդ մրցաշրջանի վերջում նա հեռացել էր «Լոռիից», սակայն այս տարվա օգոստոսին վերադարձել էր հայկական ակումբ:

Վերոնիկա Բեկնազարյան




Լուրեր թեմայից