Լրահոս

Հակոբ Սերոբյան․ Մեր նպատակն Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելն է

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը խոսել է Գերմանիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունում նպատակների  մասին։

 «Աշխարհի գավաթին մեկնելու են Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը։ Արթուր Թովմասյանը շարունակում է վերականգնվել ուսի վնասվածքից։

Մեր նպատակը Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելն է։ Արթուր Ավետիսյանն առաջին անգամ է մասնակցելու աշխարհի գավաթին։ Եթե հաջողություն ունենանք, ապա փետրվարին կմեկնենք աշխարհի գավաթի հաջորդ փուլին։

Հարություն Մերդինյանը հանդես կգա նժույգի թափեր վարժությունում, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը կմասնակցեն օղակներում, իսկ Արթուր Դավթյանը՝ նժույգի թափերում, հենացատկում ու պտտաձողում։

Արթուր Դավթյանի վարժությունները բարդացնելու ենք, տեսնենք, թե ինչպես կլուծի իր առջև դրած խնդիրը»,- Հակոբ Սերոբյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։

 «Հիմնականում բարդացնում ենք, տեսնենք՝ ինչ գնահատականներ կստանա: Ավելի հետախուզական ելույթ է լինելու, քանի որ նա արդեն նվաճել է օլիմպիական ուղեգիր»,- նշեց մարզիչը։

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվելու է Գերմանիայի Կոտբուս քաղաքում և կայանալու է նոյեմբերի 18-25-ը։




Լուրեր թեմայից