Լրահոս

Արթուր Վանեցյան. ՀՖՖ Գործկոմի բոլոր անդամները կողմ քվեարկեցին Աբրահամ Խաշմանյանի թեկնածությանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի նիստում Աբրահամ Խաշմանյանը նոյեմբերի 7-ին նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

«Գործկոմի հերթական նիստի օրակարգում ունեինք մեկ հարց՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը: Առաջադրվել էր Աբրահամ Խաշմանյանի թեկնածությունը: Գործկոմի նիստին մասնակցած բոլոր անդամները կողմ են քվեարկել Աբրահամ Խաշմանյանի թեկնածությանը: Այս պահից պարոն Խաշմանյանը պաշտոնապես համարվում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Ցանկանում եմ շնորհավորել նրան և հաջողություններ մաղթել այս ծանր ու պատասխանատու աշխատանքում: Հուսով եմ, որ պարոն Խաշմանյանը հաղթանակներ կբերի մեր հավաքականին»,- ասել է Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի հետ Աբրահամ Խաշմանյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ. նոյեմբերի 30-ը: 51-ամյա մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաև «Կիլիկիան» (2008-2010), «Գանձասարը» (2010-2012), Երևանի «Արարատը» (2012-2014, 2018-2019), Հայաստանի Մ-19 հավաքականը (2013), Հայաստանի Մ-21 հավաքականը (2013-2014) և «Ալաշկերտը» (2014-2017, 2017-2018, 2019): «Ալաշկերտի» հետ Խաշմայնաը դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն (2015-2016, 2016-2017), գավաթակիր (2018/2019) և սուպերգավաթակիր (2016):

Վերջին օրերին ՀՖՖ-ում տարաձայնություններ կային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակման վերաբերյալ: Ավելի վաղ ռուսական «Տամբովի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Ալեքսանդր Գրիգորյանը մոտ էր Հայաստանի հավաքականը գլխավորելուն: Նոյեմբերի 6-ին ռուսաստանցի մասնագետը ժամանել էր ՀՖՖ գրասենյակ՝ պայմանագիր կնքելու համար, սակայն նրան հայտնել էին, որ իրավիճակը փոխվել է, և հավաքականը գլխավորելու է այլ մարզիչ:

ՀՖՖ կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի համաձայն՝ հավաքականի գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի Գործադիր կոմիտեին։ Ժողովի կողմից 26.06.2019թ. ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։ Դա նշանակում է, որ ՀՖՖ նախագահը դեռ իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ:




Լուրեր թեմայից