Լրահոս

Սլավիկ Հայրապետյան. Հանդես կգամ նոր ծրագրով

Ծրագրել էինք երկար ծրագրում ցուցադրել քառակի պտույտ, բայց հանեցինք, որովհետև զգացի՝ դեռևս պատրաստ չեմ: Այս մասին TopSports.am-ի թղթակցի հետ զրույցում Ռիգայից ասաց Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը, որը նոյեմբերի 7-ին կմեկնարկի Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարում:

«Երկար ժամանակ բուժման կուրս էի անցնում, և վերականգնման փուլը ավարտելուց հետո որոշվեց, որ պետք է մրցումների մասնակցեմ: Քանի որ մրցաշրջանը սկսվել էր սեպտեմբերին, իսկ ես դեռ չէի էլ սկսել ելույթներս, որոշեցինք, որ պետք է մասնակցեմ Ռիգայում և Տալինում կայանալիք մրցաշարերին, որոնք հաջորդում են իրար ժամանակային առումով և մոտ քաղաքներ են: Ունեի պատրաստվելու համար չորս ծանր շաբաթ, որոշակի դադարից հետո դժվար էր շուտ վերականգնվելը: Զգում եմ, որ այժմ պատրաստ եմ, թե քանի տոկոսով, ցույց կտան գրանցածս արդյունքները:

Ցուցադրելու եմ նոր ծրագրեր և կոստյումներ: Պայքարելու եմ վարկանիշային միավորների համար, իսկ այս մրցաշարերում այդ միավորները ստանում են 1-5 տեղերը գրաված մարզիկները: Ծրագրել էինք երկար ծրագրում ցուցադրել քառակի պտույտ, բայց հանեցինք, որովհետև զգացի՝ դեռևս պատրաստ չեմ: Կփորձեմ ուժերիս ներածին չափով անել առավելագույնը»,- ասաց Սլավիկ Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-10-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվում է Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարը: Տղամարդկանց մենասահքում հանդես կգան 17 մարզիկներ: Կարճ ծրագրի մրցումը տեղի կունենա նոյեմբերի 7-ին: Դա 23-ամյա Հայրապետյանի առաջին մեկնարկը կլինի նոր մրցաշրջանում: Volvo Open Cup-ը կանցկացվի 40-րդ անգամ:

Վերոնիկա Բեկնազարյան




Լուրեր թեմայից