Լրահոս

Հայաստանը 11 սամբիստ կունենա աշխարհի առաջնությունում

Հարավկորեական Չհոնջու քաղաքում նոյեմբերի 8-10-ը կանցկացվի 2019թ. սամբոյի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի 11 ներկայացուցիչներ, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Սամբոյի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է նաև 216000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի մասին, որը կբաշխվի ըստ վաստակած մեդալների: Ոսկե մեդալակիրը կստանա 3000 դոլար, արծաթե մեդալակիրը՝ 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1500:

Նոյեմբերի 8-ին մարզական սամբոյի մրցաշարում մրցագորգ դուրս կգան Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ): Նույն օրը մեդալի համար կպայքարի նաև մարտական սամբոն ներկայացնող 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը:

Նոյեմբերի 9-ին պայքարի մեջ կմտնի կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը, իսկ մարզական սամբոյի մրցաշարում հանդես կգան Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) ու Էդիկ Պետրոսյանը (100 կգ):

Նոյեմբերի 10-ի Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) և Դավիթ Գրիգորյանը (82 կգ) հանդես կգան մարզական սամբոյի մրցաշարում, իսկ Ջոն Բալայանը (52 կգ)՝ մարտական սամբոյում:

Մրցավայր կմեկնեն նաև հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանն ու Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:




Լուրեր թեմայից