Լրահոս

Ալեքսանդր Կարապետյան. Մխիթարյանի հետ քննարկեցինք նրա հնարավոր տեղափոխությունը «Զենիթ»

Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պատմել է, որ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հրավիրել է ռուսական ակումբ:

«Մեկ շաբաթ առաջ գրել եմ նրան: Իհարկե, բարդ է ամբողջ ժամանակն անցկացնել տանը, այդ պատճառով շատ խիստ կարանտին է: Քննարկեցինք նրա հնարավոր տեղափոխությունը «Զենիթ»: Նա ասաց, որ իմ պես այդ մասին իմացել է համացանցից: Նրան կանչեցի «Սոչի»: Հենրիխը պատասխանեց, որ առանց այդ էլ ունենք ուժեղ թիմ, և նա մեզ պետք չէ: Իրականում, ճշմարտության չափաբաժին կա նրա խոսքերում: Եթե մենք շարունակենք առաջադիմել, դարձյալ կբանակցեմ Մխիթարյանի հետ: Վստահ եմ, որ ինչ-որ պահի նրան հետաքրքիր կլինի այդպիսի տարբերակը: Արդեն սկսել եմ նրան գովազդել Սոչին ու ամբողջ մարզը: Նա այստեղ վերջին անգամ եղել է 2009 թվականին: Բացատրում եմ, որ այդ ժամանակներից շատ բան է փոխվել դեպի լավը»,- Կարապետյանի խոսքը մեջբերում է Sportbox-ը:

Ալեքսանդր Կարապետյանն անդրադարձել է «Սոչիի» ռուս հարձակվող Ալեքսանդր Կոկորինին, որն արդյունավետ խաղ է ցուցադրում կալանավայրից դուրս գալուց հետո:

«Նրա տեղափոխությունից հետո մենք միավորներ ենք վաստակում և հեռացանք վտանգավոր գոտուց: Ես միայն ուրախացա, որ այդպիսի ֆուտբոլիստը միացավ մեր թիմին: Նա ինձ շատ դուր եկավ որպես մարդ: Հիմա շատ լավ շփվում ենք:

Մյուս կողմից, նրա մեջ տեսնում եմ մրցակցի: Օրինակ՝ մարզումներին մենք միշտ վիճում ենք տարբեր վարժությունների վերաբերյալ, և թե ով ավելի շատ գոլ կխփի: Նրա գալուց հետո ամբողջ թիմն ավելացրել է 20-30 տոկոսով:

Իրականում, Կոկորինը շատ զորեղ խաղացող է: Օրինակ՝ Գերմանիայում նրանից բարձր կդասեի միայն Հոլանդին ու Լևանդովսկուն, իսկ երրորդը կլիներ Սաշան: Կարիերայիս ընթացքում չեմ հանդիպել Կոկորինից ավելի զորեղ խաղացողի: Շնորհակալ եմ մարզչական շտաբին, որ ինձ նույնպես հնարավորություն են տվել վերջին 3 խաղերում»,- ասել է հայ հարձակվողը:

Հիշեցնենք, որ կորանավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 32-ամյա Կարապետյանը մասնակցել է 17 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ։




Լուրեր թեմայից