Լրահոս

Իսպանիայի գավաթի եզրափակիչը կանցկացվի հանդիսականների ներկայությամբ

Բիլբաոյի «Աթլետիկը» և «Ռեալ Սոսյեդադը» ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը հանդիսականների ներկայությամբ անցկացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

Marca-ի հաղորդմամբ, բասկյան երկու ակումբները համապատասխան պահանջ կներկայացնեն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային։

Եզրափակիչը նախատեսված էր անցկացնել մարտի 18-ին Սևիլիայում, սակայն անորոշ ժամանակով հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Ենթադրվում է, որ խաղը կարող է տեղի ունենալ մայիսի 30-ին, սակայն ստույգ ամսաթիվը հայտնի կդառնա ավելի ուշ։

Եթե հանդիպումը չկայանա ՈւԵՖԱ-ի կողմից սահմանված ժամկետում, ապա Եվրոպա լիգայի ուղեգիրը բաժին կհասնի ոչ թե ապագա գավաթակրին, այլ այն կորոշվի ըստ Իսպանիայի առաջնությունում ակումբների դասավորվածության։

Միևնույն ժամանակ, «Աթլետիկն» ու «Ռեալ Սոսյեդադը» պատրաստ են եվրագավաթներում իրենց տեղը «զոհաբերել» հանուն Իսպանիայի գավաթի եզրափակիչը երկրպագուների ներկայությամբ անցկացնելուն։

Հիշեցնենք, որ մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչում տեղի կունենա բասկյան դերբի։ Քառորդ եզրափակիչում «Ռեալ Սոսյեդադը» պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Ռեալին», իսկ «Աթլետիկը»՝ «Բարսելոնային»: Իսպանիայի գործող գավաթակիր «Վալենսիան» նույնպես պայքարը լքել էր քառորդ եզրափակիչից՝ պարտվելով «Գրանադային»:

 




Լուրեր թեմայից