Լրահոս

Էրիկ Վարդանյան. Երկու ամսից կկարողանամ լիարժեք մարզվել

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է վերականգնման գործընթացի, նոր ակումբում հարմարվելու և մարզումներին վերադառնալու ժամկետների մասին։ Նախորդ տարվա դեկտեմբերին 21-ամյա ֆուտբոլիստը ենթարկվել էր ծնկի վիրահատության:

«Վերականգնումս ընթանում է նորմալ հունով: Ապրիլի սկզբներին արդեն պետք է կարողանայի վազել, բայց ծնկիս հետ կապված նոր խնդիրներ առաջացան: Հենց դրանց պատճառով վերականգման գործընթացը նախանշված ժամկետներից մի փոքր ուշ կավարտվի: Կարծում եմ՝ 2 ամսից կկարողանամ լիարժեք կերպով մասնակցել թիմի մարզումներին:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Սոչիում, նույն իրավիճակն է՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված: Ճիշտ է՝ թիմը մարզումներ է անցկացնում մարզաբազայում, բայց բոլորը զգուշավոր են և սպասողական: Հույս ունենք, որ շուտով իրավիճակը կկարգավորվի, և կրկին հաճույք կստանանք ֆուտբոլից:

Թիմում ինձ շատ լավ ընդունեցին, շատ միասնական և համերաշխ կոլեկտիվ է. բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ ունեմ:

Ալեքսանդր Կարապետյանը սկզբնական փուլում ինձ շատ օգնեց խորհուրդներով և կենցաղային հարցերով: Բացի այդ, ես էլ այստեղ ծանոթներ ունեմ և դրա շնորհիվ կարողացա շուտ հարմարվել ինչպես քաղաքին, այնպես էլ թիմին»,- նշել է Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Էրիկ Վարդանյանը Երևանի «Փյունիկից» է տեղափոխվել «Սոչի»։ Նա ռուսական ակումբի հետ կնքել էր 3.5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ից:

Ֆոտո՝ ՀՖՖ




Լուրեր թեմայից