Լրահոս

Պարետի որոշումը ֆեդերացիաների կողմից վերսկսվող մարզումների վերաբերյալ

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի՝ «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշմամբ, արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում նոր փոփոխություններ են կատարվել։ Մայիսի 4-ից մասնակի գործունեություն է թույլատրվում նաև սպորտային բնագավառում, մասնավորապես, սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար, սպորտային ակումբների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ ակումբների մասով, հայտնում է ԿԳՍՄ նախարարության մամուլի ծառայությունը:

Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը՝ պետական աջակցության ծրագրում ընդգրկված 35 մարզական ֆեդերացիաներին թույլատրվում է մայիս 4-ից վերսկսել մարզաձևերի տարբեր տարիքային խմբերի (մեծահասակ, երիտասարդ և պատանի) հավաքական թիմերի մարզումները և ուսումնամարզական հավաքները՝ պահպանելով պարետատան և ՀՀ առողջապահության նախարարության հետևյալ ցուցումները.

1. Ղեկավարության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության):

2. Աշխատանքի ժամանակացույցը պետք է կազմել այնպես, որ սպորտային օբյեկտում պատշաճ ժամանակ տրամադրվի մաքրության և ախտահանման կազմակերպմանը:

3. Սպորտային օբյեկտի ընդհանուր մուտքի, զուգարանի, լողարանի, հանդերձարանի, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), առանձին սրահների մուտքերի մոտ ապահովվում է ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողությունների, անձեռցիկների և աղբարկղի տեղադրում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական պաստառի տեղադրում՝ համաձայն սույն որոշման հավելված N 11-ով սահմանված:

4. Յուրաքանչյուր օր ֆիքսված ժամերի տարածքի, մարզասարքերի մակերեսների, դռների բռնակների, սեղանների, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի բռնակներ), սանհանգույցների, լողախցիկների մակերեսների ախտահանում:

5. Ամեն օր մարզումերի ավարտից հետո իրականացվում է սպորտային օբյեկտի ամբողջ տարածքի մանրակրկիտ մաքրում և ախտահանում: Ախտահանման նպատակով կիրառվում են քլորի հիմքով կամ 70-80 % սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

6. Մարզասրահներն օդափոխվում են յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ:

7. Յուրաքանչյուր մարզիկի մարզումից հետո շփման բոլոր շփման մակերեսները պետք է մշակել 60-80 %-ոց սպիրտային հիմքով ախտահանիչ նյութերով:

8. Ահրաժեշտ է ապահովել պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման, չորացման համար՝ ներառյալ ջրի, օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, անհատական պաշտպանության միջոցների` եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:

9. Մարզահագուստի պահպանման համար անրաժեշտ է տրամադրել հանդերձապահարաններ, որոնք յուրաքանչյուր օգտագործումից հետո անհրաժեշտ է մաքրել ախտահանիչ նյութերով: Այդուհանդերձ, ցանկալի է, որ մարզիկները ներկայանան մարզումների արդեն հագնված, ինչպես նաև մարզվելուց առաջ և հետո ցնցուղ ընդունեն տանը:

10. Մարզիկների ջրի շշերը և սրբիչները պետք է լինեն անհատական:

11. Անհրաժեշտ է հետևել, որ մարզումների ընթացքում սպորտային օբյեկտում մարզիկների կուտակումներ չլինեն: Հնարավորության դեպքում՝ ոչ խմբային սպորտաձևերի պարագայում, անհրաժեշտ է սահմանել մարզումների հերթափոխային գրաֆիկ:

12. Սպորտային օբյեկտում առանձնացվում են մարզումների գոտիներ` տարբեր մարզաձևերի և առանձին մարզիկների համար:

13. Մարզիկների և աշխատակիցների սնվելու համար առանձնացվում է տաք ջրով և օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք: Անհրաժեշտ է սահմանափակել այնպիսի սարքերի օգտագործումը, ինչպիսիք են՝ սուրճի մեքենաները, միկրոալիքային վառարանները և այլն, կամ ապահովել ախտահանիչ միջոցներ` օգտվելուց հետո դրանք ախտահանելու համար: Միաժամանակ՝ ընդմիջումների ժամանակացույցը անհրաժեշտ է կազմել այնպես, որ միաժամանակ քիչ թվով մարզիկներ օգտվեն ընդմիջումից` հավաքները կանխելու նպատակով:

14. Աշխատանքի և մարզումների ներկայանալիս անհրաժեշտ է կատարել աշխատակիցների/մարզիկների ջերմաչափում՝ բացառելով ախտանիշներ ունեցող անձանց մուտքը սպորտային օբյեկտ:

15. Չի թույլատրվում կողմնակի անձանց (դիտորդների) մուտքը սպորտային օբյեկտներ՝ բացառությամբ հրատապ անհրաժեշտության դեպքերի (օրինակ՝ մարզասարքերի վերանորոգման նպատակով):

16. Անհրաժեշտ է որքան հնարավոր է սահմանափակել մարզումների տևողությունը և սերտ շփումները: Նպատակահարմար է, որ մարզիկները որոշ հանձնարարություններ կատարեն տանը, իսկ դրանց հետ կապված քննարկումներն իրականացվեն հեռավար եղանակով: 17) Մարզումների ավարտից հետո արգելվում է մարզիկների խմբով հավաքվելը:




Լուրեր թեմայից