Լրահոս

Ջեկո. Մեզ Մխիթարյանի պես խաղացողներ են հարկավոր հաջողության հասնելու համար

Իտալական «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:

«Միկին միշտ դուր է եկել ինձ: Ես խաղացել եմ Գերմանիայում ու Անգլիայում, նա՝ նույնպես: Նա ինձ միշտ դուր է եկել որպես խաղացող, իսկ հիմա ճանաչում եմ նրան որպես մարդ: Նա շատ լավ տղա է, նախևառաջ՝ ֆանտաստիկ խաղացող, որին ցանկանում է պահել ակումբը: Մտադիր ենք այստեղ մնալ առաջիկա տարիներին: Մեզ պետք են Մխիթարյանի պես խաղացողներ, որպեսզի հասնենք լավ արդյունքների»,- Ջեկոյի խոսքը մեջբերում է Romanews-ը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վարձավճարով է հանդես գալիս «Ռոմայում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ:

Ավելի վաղ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել էր, որ ցանկանում է շարունակել աշխատանքը հայ կիսապաշտպանի հետ: Tranfermarkt-ը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։




Լուրեր թեմայից