Լրահոս

Հարոյանը՝ կորոնավիրուսի մասին. Կյանքը նմանվել է աղետալի ֆիլմի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը Sport24-ի հետ հարցազրույցում խոսել է Հայաստանում տիրող կորոնավիրուսային իրավիճակի և ֆուտբոլիստների վրա հարկադրված դադարի ազդեցության մասին։

Ինչպիսի՞ իրավիճակ է Հայաստանում՝ կապված կորոնավիրուսի հետ։

Պետությունը հնարավոր ամեն բան անում է վիրուսի կանխարգելման նպատակով։ Իհարկե, Հայաստանի պես փոքր երկրի համար վիճակագրությունը վախ է ներշնչում բնակիչներին, բայց այստեղ բոլոր մարդիկ ուժեղ են ոգով։ Հուսով ենք՝ շուտով իրավիճակը կբարելավվի։ Երկրի նախագահն ու վարչապետը մի շարք նախաձեռնություններ են մշակել բնակիչներին օգնելու համար։ Գիտեմ, որ այդ օգնությունը ցուցաբերվում է ոչ միայն պարենային ապրանքների տեսքով, այլ նաև՝ ֆինանսապես։ Դա ճիշտ է, քանի որ նման իրավիճակներում պետք է ժողովրդի կողքին լինել։ Ե՞րբ, եթե ոչ հիմա։

Կորոնավիրուսով պայմանավորված դադարը դրական ազդեցություն ունեցե՞լ է վնասվածք ստացած ֆուտբոլիստների վրա։

Այս դադարն արագ ապաքինվելու ու ճիշտ ժամանակին խաղադաշտ վերադառնալու շանս է տալիս, բայց, միևնույն ժամանակ, մարդիկ մահանում են այս վիրուսի հետևանքով։ Կյանքն այժմ նման է աղետալի ֆիլմի։ Կնախընտրեի, որ աշխարհում ամեն ինչ հանգիստ լիներ, թիմակիցներիս շարունակեին խաղալ, իսկ ես շարունակեի վերականգնման գործընթացը։ Հիմա մենք բոլորս նույն պայմաններում ենք։

Հաճա՞խ ես դուրս գալիս տանից։

Միայն խանութ գնալու նպատակով։ Ընդհանրապես, սիրում եմ լինել ընտանիքիս կողքին։ Ֆուտբոլիստներին հարազատների հետ շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն հազվադեպ է տրվում, իսկ հիմա հարմար պահ է։ Սա այն դրական կողմն է, որը պետք է գտնել յուրաքանչյուր իրավիճակում։ Մենք շփվում ենք, ֆիլմեր դիտում, կնոջս հետ վայելում ենք դստերս հետ անցկացրած ժամանակը։




Լուրեր թեմայից