Լրահոս

Ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերի նոր ժամկետները

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարերի նոր ժամկետները, հայտնում է UWW-ի մամուլի ծառայությունը:

Առաջին մրցաշարը տեղի կունենա 2021 թվականի մարտին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, իսկ երկրորդը՝ ապրիլին բուլղարական Սոֆիայում: Այդ մրցաշարերը նախատեսված էին անցկացնել այս տարվա մարտի 19-22-ը և ապրիլին, սակայն հետաձգվել էին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: 

2 մրցաշարերում էլ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն միայն եզրափակիչի մասնակիցները:

Հայաստանի հավաքականը դեռ 2 օլիմպիական ուղեգիր ունի ըմբշամարտում: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) օլիմպիական ուղեգիր էին նվաճել նախորդ տարվա սեպտեմբերին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային աշխարհի առաջնությունում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: 

Ֆոտո՝ ՀԸՖ մամուլի ծառայություն




Լուրեր թեմայից