
Պրոֆեսիոնալ մարզիկների վերաբերյալ սահմանափակումները հանվել են
Հայաստանում մայիսի 4-ից կթույլատրվի սպորտային օբյեկտների գործունեությունը՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների համար։ Այդ մասին մայիսի 1-ին տեղի ունեցած ասուլիսում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
«Կթույլատրվի սպորտային օբյեկտների գործունեությունը՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման համար, ինչպես նաև սպորտային ակումբների գործունեությունը»,- ասել է էկոնոմիկայի փոխնախարարը:
ՀՀ Պարետատան որոշմամբ, մայիսի 4-ից չեղարկվելու են կարատինային ռեժիմի մի շարք սահմանփակումներ։ Մայիսի 4-ից կհանվեն մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները, չի լինի նաև տեղաշարժման թերթիկներ լրացնելու անհրաժեշտություն։
Հիշեցնենք, որ ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները վերսկսել են մարզումները ապրիլի 23-ից։ Դրանից առաջ ֆուտբոլիստներն ու ակումբի անձնակազմերը կորոնավիրուսի թեստավորում են անցել:
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն