Լրահոս

Դուգլաս Լիմա. Գեղարդ Մուսասիի դեմ մենամարտը կլինի շատ մրցակցային

Բրազիլացի Դուգլաս Լիման անդրադարձել է Bellator-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն, Հոլանդիայում բնակվող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասիի հետ մենամարտին, որը հետաձգվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

«Շատ հուսահատվեցի՝ իմանալով մրցաշարի հետաձգման մասին: Ես երազում էի մենամարտել մայիսին և ցանկանում էի ակտիվ մնալ ամբողջ տարվա ընթացքում, բայց ըմբռնումով եմ մոտենում այդ որոշմանը: Bellator-ը հոգ է տանում մեր անվտանգության մասին: Այժմ անհրաժեշտ է վերահսկել մեր առողջությունը և մարզվել հնարավորինս շատ:

Երբ ես կնքեցի պայմանագիրը, իմ մրցակիցը պետք է լիներ Ռաֆայել Լովատոն, որն գործող չեմպիոնն էր: Երբ նա ավարտեց կարիերան, կազմակերպիչները որոշեցին, որ պետք է մենամարտեմ Մուսասիի հետ: Դա նույնիսկ ավելի լավ է, քանի որ նա ավելի հայտնի է: Սակայն երբեք նպատակ չեմ հետապնդել մենամարտել Մուսասիի հետ, նպատակս միջին քաշային կարգում չեմպիոն դառնալն էր:

Մուսասին ուղղակի ոչնչացրեց Մաքդոնալդին, բայց ես այլ մարտիկ եմ և ունեմ այլ ոճ: Մեր մենամարտը լինելու է շատ մրցակցային: Սա մեծ ռիսկ է ու մեծ մարտահրավեր: Սա իմ ամենակարևոր մենամարտը կլինի իմ ժառանգության համար: Գիտեմ, թե որքան վտանգավոր է դա, այդ պատճառով ջանասիրաբար մարզվում եմ»,- 32-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է MMAJunkie-ն:

Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասիի և Դուգլաս Լիմայի միջև չեմպիոնական մենամարտը պետք է տեղի ունենար մայիսի 9-ին ամերիկյան Սան Խոսեում

Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին թափուր է: Գործող չեմպիոն, ամերիկացի Ռաֆայել Լովատոն առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես ավարտել է կարիերան:

34-ամյա Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է 2019-ի սեպտեմբերին՝ Լոս Անջելեսում կայացած Bellator 228 մրցաշարում ռևանշի հասնելով բրազիլացի Լիոտո Մաչիդայի նկատմամբ: Հայ մարտիկը չեմպիոնական գոտին կորցրել էր նախորդ տարվա հունիսին կայացած մենամարտում՝ պարտվելով Ռաֆայել Լովատոյին:




Լուրեր թեմայից